Հերթական պարտություն Հայ դիվանագիտական միտքը մինչեւ վերջերս փաստարկներ էր որոնում հիմնավորելու, թե ԼՂ-ում տեղի ունեցած ընտրություններն անօրինական որակած ԵԽ հայտարարությունն իրավական ուժ չունի: Մինչդեռ ԵԽ կանոնադրության համաձայն, այդ կազմակերպության անունից հայտարարություններ անելու իրավունք ունեն ԵԽ նախագահը, գլխավոր քարտուղարն ու արտգործնախարարների հանձնախմբի նախագահը: Ասել է թե, ԵԽ հայտնի հայտարարությունը, որը ստորագրել էին հենց հիշյալ պաշտոնները զբաղեցնող անձինք, հակառակ հայ պաշտոնյաների պնդումների, այնուամենայնիվ, իրավական ուժ ունի: Տիպիկ ասիական հոգեբանությամբ Եվրախորհուրդ մտած ու այդ կազմակերպության ներսում Հայաստանի արտաքին քաղաքականությունը բաստուրմա-չալաղաջ-ծիրանային մթնոլորտում վարող հայ պաշտոնյաներն, իհարկե, այս մասին կամ չգիտեին, կամ պարզապես լռում էին: Փոխարենը նրանք ԵԽ-ում այնքան «լավ» են աշխատել, որ դրա արդյունքում միջազգային հանրության մոտ կարծիք է ձեւավորվել, թե մինչեւ ղարաբաղյան հակամարտությունը Ղարաբաղի ազգաբնակչության 75 տոկոսն ադրբեջանցիներ են եղել եւ ոչ թե հայեր: Դա կարեւոր է այնքանով, որ ԵԽ՝ ԼՂ տեղական ընտրություններն անօրինական համարելու փաստարկներից մեկն էլ հենց այդ կազմակերպության ներսում եղած թյուր կարծիքն էր: Տպավորություն է ստեղծվում, թե ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհ. Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը բյուջեի միջոցներով Ստրասբուրգ է մեկնում՝ ընդամենը տուրիստական շրջագայության: Հակառակ դեպքում, ինչպես բացատրել, որ ո՛չ հայ խորհրդարանականները, ո՛չ ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը մինչ օրս նույնիսկ տարրական տեղեկանք չեն ներկայացրել ԵԽ-ին՝ Ղարաբաղում նախկինում եւ այսօր բնակվող հայերի եւ ադրբեջանցիների հարաբերակցության մասին, որ հայ դիվանագետները ԵԽ հայտարարության մասին իմանում են մամուլից: Ու մինչ հայ պաշտոնյաները Երեւանում հայտարարություններ կանեին առաջիկայում Ստրասբուրգում ԼՂ ընտրությունների օրինականությունն ու դրանց անցկացման անհրաժեշտությունը փաստարկելու իրենց մտադրության մասին, այդ ընտրությունները դատապարտող առավել կոշտ հայտարարությամբ հանդես եկավ արդեն Եվրամիությունը: Փաստորեն, Եվրոպական երկրների խորհրդարանն ու գործադիր մարմինը որոշակիացրին իրենց որդեգրած քաղաքականությունը ԼՂ հիմնահարցի կարգավորման, նաեւ՝ Հայաստանի նկատմամբ: Դա ՀՀ վարած արտաքին քաղաքականության ու գավառական դիվանագիտության տապալման վառ վկայությունն է: ԵԽ աննախադեպ հայտարարությունից հետո դիտորդներն ու «նախկին» իշխանությունների ներկայացուցիչները պնդում էին, թե այն անհետեւանք մնալ չի կարող եւ պետք է սպասել դրա շարունակությանը: Ահավասիկ, Եվրամիության հայտարարությունը վերջակետ դրեց ԼՂ-ում ընտրություններն անօրինական որակելու հարցում: ԼՂ-ն երբեք չճանաչելու իր մտադրության մասին հայտարարելով ԵՄ-ն, փաստորեն, կանխորոշում է ԼՂ կարգավիճակը՝ այլեւս տեղ չթողնելով բանակցությունների համար: Քոչարյանի ռեժիմն այդ մասին չի բարձրաձայնում: Նա գուցե չի ուզում մռայլ տոնայնություն հաղորդել անկախության եւ քրիստոնեության տոնակատարություններին: Իսկ ԵԽ-ի եւ ԵՄ-ի հայտարարությունների հետեւանքներին անպայման կանդրադառնանք: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ