Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահ

Սեպտեմբեր 25,2001 00:00

«ԺԱՄԱՆԱԿԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ ԻՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ԿՏԱ» Վստահ է Դավիթ Զադոյանը Վերջերս մեր թերթին տված հարցազրույցում նախկին վարչապետ Արամ Սարգսյանն ասաց, թե ժամանակին ամեն ինչ արվեց, որ ռուսական ընկերությունները չմասնակցեն ԲԷՑ-երի մասնավորեցմանը, եւ հենց սա էր պատճառներից մեկը, որ Ա. Սարգսյանը ցանկացել էր պաշտոնանկ անել իր համագյուղացի նախարար Դավիթ Զադոյանին։ Այս մասին պրն Զադոյանը հետեւյալն ասաց. «Ինձ թվում է, Արամ Սարգսյանը մի պահ շփոթել է։ Մոռացավ, որ դա երբ «Իտեռան» մտավ ցուցակների մեջ, որ նաեւ Զադոյան Դավթի հրահանգով էր։ Ես գտնում էի, որ անպայման պետք է «Իտեռան» էլ մասնակցի։ Դրանից հետո հազար տեսակի աղմուկ-աղաղակ բարձրացավ իմ դեմ, որ Զադոյանը կամայականորեն «Իտեռային» մտցրեց։ Ես հետո հասա նրան, որ նորից մրցույթ հայտարարվեց։ Սակայն «Իտեռան» այլեւս փաստաթղթերը չներկայացրեց եւ դուրս մնաց մրցույթից»։ Պրն Զադոյանին, խիստ օրակարգային հարցերից բացի, մի շարք այլ հարցեր եւս ուղղեցինք։ Անկախության տասնամյակը լրացավ։ Բոլորս նշեցինք այդ տոնը, սակայն, ցավոք, միասնականություն կրկին չնկատվեց։ Նախագահ Քոչարյանը իր համար նշեց, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ իր։ Թերեւս կվայելեր, որ ավելի միասնաբար տոնվեր Անկախության տոնը։ Դավիթ Զադոյանը մեզ հետ համակարծիք էր. «Ինչ խոսք, շատ հաճելի կլիներ, եթե մեր երկու նախագահները միասին տոնեին։ Պետք է բոլորս աջակցեինք, որ այդպես լիներ։ Սակայն, չգիտես ինչու, շատերն աջակցում են, որ որքան այդ ճաքը մեծանա, այնքան լավ։ Իրականում, լավ կլիներ, որ միասին լինեին։ Բայց, եթե այդպես չէ, սրա մեջ էլ այդքան մեծ չարիք չեմ տեսնում։ Ժամանակը յուրաքանչյուրին իր գնահատականը կտա, եւ ամեն ինչ կընկնի իր տեղը։ Իսկ ինձ համար անկախությունը այն երազանքն է, որին մեր ազգը 6-7 հարյուր տարի ձգտել է, եւ յուրաքանչյուր սերունդ իր փորձն արել է անկախության հասնելու համար։ Ես հպարտ եմ, որ մեր սերնդի վրա այդ առաքելությունն ընկավ, եւ մենք փառքով կատարեցինք դա։ Նաեւ հպարտ եմ, որ ես էլ իմ չափով իմ լուման ունեմ անկախության խնդրում։ Եթե հիշում եք, առաջին ջոկատները ստեղծվեցին մեզ մոտ՝ Արարատի մարզում։ 88-ի վերջին մենք արդեն ջոկատներ էինք ստեղծել։ 89-ի նոյեմբերին, Վազգենի գլխավորությամբ, 500 արարատցի տղա երդվեցին, որ մահապարտ են եւ պատրաստ են իրենց կյանքը հայրենիքին տալու։ Եվ դա էր երեւի հիմքը, որ հետո Վազգենը հայտարարեց՝ տվեք ինձ 500 մահապարտ, եւ ես ամեն ինչ իր տեղը կդնեմ։ Հաճելի կլիներ, որ այս տասնամյակի ընթացքում նաեւ դրանք վեր հանվեին եւ Վազգենի կատարածը ավելի լավ մատուցվեր։ Իրականում այսօր մի քիչ այնպես չէ։ Մեծարվում են մարդիկ, ովքեր ոչ մի կապ չունեն անկախության համար պայքարի հետ։ 90թ. մայիսի 15-ին Տիգրանաշեն գյուղը վերցրինք (հրամանատարությունը ինձ վրա էր դրված), դրանից հետո մայիսի 19-ին ադրբեջանցիք սկսեցին կրակել Երասխի վրա։ Երեկոյան ամբողջ Ղարաբաղ կոմիտեն հավաքվեց Երասխում, Վազգենին նշանակեցին հրամանատար, ինձ՝ աջ թեւի հրամանատար, իսկ Պետրոս Զուռնաչյանին՝ ձախ թեւի։ Ու կռիվը այդպես սկսվեց։ Իսկ հետագայում, երբ Վազգենը տեղափոխվեց Երեւան, Վազգենի տեղն ընդհանուր հրամանատար մնացի ես»։ Ըստ նախարար Դավիթ Զադոյանի, անկախության համար պայքարած մարդիկ այսօր չեն գնահատվում ըստ արժանվույն։ Եվ դրա համար կան ոչ միայն սուբյեկտիվ, այլեւ օբյեկտիվ պատճառներ. «Այսօրվա պետությունը աղքատ է եւ հավուր պատշաճի չի կարողանում գնահատել իր հերոսներին, իհարկե, ամեն ինչ արվում է հնարավորությունների սահմաններում։ Բայց զավեշտն այն է, ցավալին այն է, որ հիմա շատ հաճախ խախտվում է սահմանը։ Այն մարդիկ, ովքեր բացարձակ ոչնչի չէին մասնակցել, այսօր Աստված են դարձել, նրանք այսօր հերոսներ են։ Այն մարդիկ, որոնք այն ժամանակ ոչ մի անգամ չեկան ու չհարցրին՝ ո՞նց եք, տղերք, այսօր նրանք իրենց հերոս են ներկայացնում, իսկ իսկական կռվող տղաները ի՞նչ վիճակում են։ Քաշվել են մի կողմ եւ ինքնագովեստով չեն զբաղվում։ Իսկական կռվողն ու գործ անողը համեստ է։ Աղմկում են նրանք, ովքեր ոչինչ չեն արել կամ գլուխ էին պահում։ Ու համոզված եմ, որ վաղը, եթե կռիվ լինի, կրկին իսկական կռվող տղերքն են գնալու»։ Պրն Զադոյանը, իհարկե, անուններ չասաց, բայց ասաց, որ մի առիթով անպայման կխոսի անուններով. «Հաճախ պարգեւատրման են ներկայացնում մարդկանց, ովքեր ոչ մի կապ չեն ունեցել կռվի հետ։ Ես մեզ եմ մեղադրում։ Մեր հրամանատարական կազմին, իսկական կռվողներին, որովհետեւ մենք լավ գիտենք, թե ով՝ ով է եւ սխալ ենք տալիս ինֆորմացիան։ Ես հիմա այդ ուղղությամբ զբաղվում եմ։ Վստահ եմ, որ ժամանակը կգա, եւ իսկական կռվողները կգնահատվեն ըստ արժանվույն, եւ ամեն ինչ իր տեղը կընկնի»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել