Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՏՈՒՀԱՆԸ»՝ ՀՈՍԱՆՔԻՆ ՀԱԿԱՌԱ՞Կ…

Սեպտեմբեր 21,2001 00:00

«ՊԱՏՈՒՀԱՆԸ»՝ ՀՈՍԱՆՔԻՆ ՀԱԿԱՌԱ՞Կ… Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ, հատկապես երիտասարդներին հայտնի Կասկադի տարածքը 20 տարի ժամկետով հանձնվել է «Պատուհան»-թատրոն մշակութային կենտրոնին, պայմանով, որ մեկ տարվա ընթացքում կատարվեն որոշակի ներդրումներ։ Հակառակ պարագայում, տարածքը, բնականաբար, հետ կպահանջվի։ Թատրոնի ղեկավարությունը գտնում է, որ ներկայումս կարեւորը թատրոնի կայացումն է, ու «լկտիություն կլինի իրենց կողմից» միայն հոգսերի ու նյութական դժվարությունների մասին խոսելը, երբ կա ավելի մեծ խնդիր, այն է՝ «մեր երկրի գեղարվեստական կերպարն ու աղետալի հոգեւոր տեսակը»։ Ի դեպ, թատրոնի անդամներից միայն 7-ն էին ներկա միջոցառմանն ու ասուլիսին, սակայն «Պատուհան»-ցիների կարծիքով, բոլոր նրանք, ովքեր փնտրում են այնպիսի թատրոն, որ գնում է հոսանքին հակառակ եւ չունի որոշակի ուղղվածություն ու ժանրային կողմնորոշում, կարող են իրենց պոտենցիալ անդամները համարվել։ Խ. Չալիկյանը, ում ելույթով էլ բացվեց ասուլիսը, նույնիսկ հետաքրքիր զուգահեռ անցկացրեց հայ եւ ամերիկացի ժողովուրդների միջեւ. «Ամերիկյան ժողովուրդն, օրինակ, չի ընկալում իրենց երկրում վերջերս կատարված ողբերգությունը, որովհետեւ չի կարողանում այն իրենը դարձնել», իսկ դրան հակառակ, մենք՝ հայերս, մի տեսակ հակված ենք «հոգեհարազատ դարձնելու ողբերգությունները, ինչով էլ պայմանավորված է մեր մշակույթի ներկա վիճակը»։ «Պատուհանը», Չալիկյանի հավաստմամբ, փորձելու է Կասկադի կամարների ներքո ձեւավորել միայն «էլիտար, բարձրարժեք, անցյալից եկող ավանդներին հավատարիմ մշակույթ կրող մտածողություն», ինչպես նաեւ՝ կազմակերպելու է հայկական ֆիլմերի ցուցադրումներ ու այնպիսի միջոցառումներ, որոնցով «արտասահմանցիներին իսկապես ներկայանալու բան կունենանք»։ Հոկտեմբերին էլ կլինի «Պատուհանի» առաջնախաղ ներկայացումը։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել