Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բայց ըմբշամարտի Հայաստանի պատասխանատուները խուճապի չեն մատնվել

Սեպտեմբեր 21,2001 00:00

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՍՏԵՂԾՎԵԼ Բայց ըմբշամարտի Հայաստանի պատասխանատուները խուճապի չեն մատնվել Սեպտեմբերի 23-ից 30-ը Նյու Յորքում պետք է անցկացվեին ազատ եւ հունա-հռոմեական ըմբշամարտերի աշխարհի առաջնությունները։ Սակայն ԱՄՆ-ի այս քաղաքում եւ Վաշինգթոնում կատարված ահաբեկչությունը խառնեց ինչպես կազմակերպիչների, այնպես էլ մասնակիցների բոլոր ծրագրերը։ Միացյալ Նահանգներում առժամանակ դադարեցված են բոլոր մարզական միջոցառումները՝ անկախ դրանց մասշտաբներից։ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան, ըստ մեր տեղեկությունների, պաշտոնապես հայտարարել է, որ աշխարհի առաջնության ժամկետները նույնպես անորոշ ժամանակով տեղաշարժվել են եւ նոր ժամկետների ու մրցավայրի մասին լրացուցիչ կհայտարարվի մոտ երկու շաբաթ հետո։ Ինչ խոսք, որ արտակարգ իրավիճակի թելադրանքով է նման վճիռ կայացվել։ Հիմա ԱՄՆ-ի իշխանություններին ու ժողովրդին այլ, ավելի կարեւոր հարցեր են հուզում… ու դա միանգամայն հասկանալի է։ Սակայն սպորտն ունի իր յուրահատկությունները, իր կանոնները, մանավանդ, երբ հարցը վերաբերում է աշխարհի առաջնության նման բարձր մակարդակի մրցումներին։ Յուրաքանչյուր երկիր նման մրցաշարերին նախապատրաստվել սկսում է ամիսներ առաջ։ Կազմվում են հատուկ ծրագրեր, որոնցում մարզումներն ու ուսումնամարզական հավաքները կազմակերպվում են այն հաշվարկով, որպեսզի մարզիկը, թիմը իր լավագույն մարզավիճակի գագաթնակետին հասնի հենց առաջնության ժամանակ, նույնիսկ հաշվարկվում է ասպարեզ մտնելու օրը։ Այսպես են վարվել նաեւ Հայաստանում։ Ու հանկարծ մրցումը հետաձգվում է, ու ամեն բան խառնվում։ Ճիշտ է, նույն խնդրի առջեւ են կանգնել բոլոր երկրները։ Ստեղծված իրադրությունն ինչպե՞ս կանդրադառնա մեր ըմբիշների վրա, մարզիչներն ի՞նչ անհետաձգելի քայլեր պետք է անեն իրենց սաների մարզավիճակը պահպանելու կամ նոր ժամկետներին հարմարեցնելու համար։ Այս հարցով զրուցեցինք ՀՀ սպորտվարչության համապատասխան անձանց հետ։ Սամվել Հարությունյան։ Հունա-հռոմեական ըմբշամարտի պատասխանատու մասնագետ. «Ցավակցում եմ Ամերիկայի կառավարությանն ու ժողովրդին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների համար եւ հասկանում ստեղծված դրությունը։ Առաջնության հետաձգումն անորոշ ժամանակով, ինչ խոսք, բացասական կանդրադառնա կատարված նախապատրաստական աշխատանքի վերջնական արդյունքի վրա։ Բայց նույն վիճակում են հայտնվել բոլոր մասնակից երկրները։ Հիմա մեզ համար գլխավորը աշխարհի առաջնության անցկացման ժամկետներն ու վայրը հնարավորին չափ շուտ իմանալն է, որպեսզի կարողանանք համապատասխան միջոցառումներ ձեռնարկել։ Իսկ առայժմ, կարծում եմ, հավաքականի մարզիչները պետք է տեղում մարզիկների համար մրցակցական հավաք կազմակերպեն, որպեսզի նրանք հնարավորին չափ արագ «լիցքաթափվեն»։ Այդ ընթացքում հույս ունեմ, որ իրավիճակը կկարգավորվի, հայտնի կդառնան մրցումների ժամկետները, ու տղաները վերստին կհասցնեն լավ մարզավիճակ ձեռք բերել»։ Օլեգ Ադյան։ Ազատ ըմբշամարտի եւ ձյուդոյի պատասխանատու մասնագետ. «Ես նույնպես ցավակցում եմ ԱՄՆ ժողովրդին ու դատապարտում ահաբեկչության ցանկացած դրսեւորում։ Մենք գիտենք, թե ինչ է նշանակում վայրկյանների ընթացքում տասնյակ հազարավոր զոհեր տալը։ Այդ իսկ պատճառով հասկանում ենք Ամերիկայում ստեղծված իրավիճակը։ Ինչ վերաբերում է աշխարհի առաջնությունը հետաձգելուն, դա խառնեց ամեն ինչ՝ թե արված աշխատանքը, թե ակնկալվող արդյունքները։ Ասեմ միայն մի բան. եթե այս իրադարձությունները չլինեին, մեր Արշակ Հայրապետյանն անպայման աշխարհի առաջնությունից մեդալ կբերեր Հայաստան՝ այդքան լավ էր նախապատրաստվել ու գտնվում էր լավագույն մարզավիճակում։ Իհարկե, սա չի նշանակում, թե նրանից այլեւս ակնկալիքներ չենք կարող ունենալ։ Պարզապես լրացուցիչ ջանքեր են պահանջվելու Արշակի եւ հավաքականի մյուս անդամների մարզավիճակը պահպանելու համար։ Իսկ դա նշանակում է նախապատրաստական նոր ծրագիր, նոր հավաք, նոր մարզումներ, բժշկական նոր ստուգումներ ու հետազոտումներ։ Այս ամենը լրացուցիչ ծախսեր են պահանջում, որոնց համար մեր երկրում միջոցներ հայթայթելը բավականաչափ դժվար է։ Թե ինչ է հարկավոր ձեռնարկել, կախված է այն բանից, թե մեր մարզաձեւի միջազգային ֆեդերացիան ինչ վճիռ կկայացնի։ Շատ կարեւոր է լինելու, թե առաջնությունը կմնա՞ Ամերիկայում, թե՞ կտեղափոխվի մեկ այլ երկիր (տալիս են նաեւ Հունաստանի անունը)։ Այս դեպքում հարկ կլինի մարզիկներին նախապատրաստելիս հաշվի առնել երկրի բնակլիմայական պայմանները, ժամային գոտիները ու էլի բազմաթիվ նրբություններ»։ – Իսկ ավելի նպատակահարմար չե՞ք համարում, որ աշխարհի առաջնությունը, առանց ժամկետներ փոխելու, տեղափոխվեր մեկ այլ երկիր։ – Դժվար է միանշանակ պատասխանել։ Եթե առաջնության անցկացումը հանձնարարվեր նույն աշխարհամասի մեկ այլ երկրի, գուցե խնդիրներ այդքան շատ չէին լինի։ Բայց այս դեպքում հսկայական նախապատրաստական աշխատանք էր հարկավոր լինելու կազմակերպել, որը տեխնիկապես մի քանի օրում իրականացնելը անչափ դժվար է, եթե չասենք՝ անիրագործելի։ Դա նոր կազմկոմիտե է, նոր համապատասխան մասնագիտական ու տեխնիկական զինանոցով ապահովված դահլիճ, օժանդակ հարմարություններ, կապի համապատասխան միջոցներ (այդ թվում՝ ինտերնետային), հազարավոր մարզիկների, մարզիչների, մրցավարական ու սպասարկող անձնակազմի ընդունում ու տեղավորում, սննդի կազմակերպում եւ, վերջապես, տվյալ երկիր մուտք գործելու վիզաների ձեւակերպում… Այո, բավականին անցանկալի իրավիճակ է ստեղծվել, մանավանդ՝ Հայաստանի նման աղքատ երկրի համար։ Հուսանք, որ պետությունը կաջակցի սպորտին, իսկ մեր ըմբիշներն էլ հուսախաբ չեն անի իրենց երկրպագուներին։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել