Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվս

Սեպտեմբեր 21,2001 00:00

Եվ դարձյալ՝ նվիրված քրիստոնեության 1700-ամյակին Եվս մեկ ցուցահանդես Սեպտեմբերի 20-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ լուսանկարիչ Մարտին Շահբազյանի՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված «Վերադարձ» ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի բարձր հովանավորությամբ։ Նկարներն ամբողջությամբ նվիրված էին հայ կրոնին եւ եկեղեցուն։ Ցուցահանդեսը 2 մասից էր բաղկացած. մի մասում անմահացած էին հայոց վերջին 3 կաթողիկոսները (Վազգեն Ա, Գարեգին Ա եւ Գարեգին Բ), նրանց հանդիպումները տարբեր քաղաքական գործիչների հետ։ Իսկ մյուս մասում պատկերված էին եկեղեցիներ, խաչքարեր եւ եկեղեցական առօրյա կյանքից վերցված զանազան դրվագներ։ Բայց ամենակարեւորը, ինչպես լրագրողներին հայտնեց Ավստրիայի հոգեւոր թեմի առաջնորդ Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը, բոլոր նկարները պատկերված էին շատ խորհրդավոր։ Այդպիսի՞ն էր եկեղեցում աղոթող աղջկա նկարը, որի դեմքի արտահայտությունը հազար զգացմունք էր արտահայտում։ Ի դեպ, այս նկարը դուր էր եկել գրեթե բոլորին։ Սա լուսանկարչի Երեւանում կազմակերպված առաջին ցուցահանդեսն էր։ Պրն Մարտին Շահբազյանն ասաց, որ շուտով լույս կտեսնի մի գիրք, որտեղ զետեղված կլինեն ցուցադրված նկարները։ Նշենք նաեւ, որ լուսանկարչին ողջունելու էին եկել Խոսրով Հարությունյանը, արքեպիսկոպոսներ Մեսրոպ Գրիգորյանը եւ Զավեն Չինչինյանը, ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժիրանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Եվգենի Տկաչուկը եւ այլք։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ Կենտրոն՝ այլ սկզբունքներով աշխատող – Եթե ողջ երկրագնդի պետությունները հավաքվեն եւ միլիարդներ ծախսեն, այսպիսի ցուցահանդես երբեք չեն ունենա,- Հայաստանում քրիստոնեության հռչակման 1700-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման առիթով հրավիրված ասուլիսում հայտարարեց Մանկական գեղագիտական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հ. Իգիթյանը՝ ինչպես միշտ, ոչ առանց ավելորդ համեստության։ Իսկ ցուցահանդեսում, որտեղ նրա խոսքով ամփոփված էր կենտրոնի 30 տարվա քրտնաջան աշխատանքը, նվիրումն ու հետեւողականությունը, ներկայացված էին ամենատարբեր ժանրերի աշխատանքներ՝ փայտ, կերամիկա, մետաղ, ասեղնագործություն եւ գրաֆիկա։ Կազմակերպիչների կարծիքով, այն փորձ էր ապացուցելու, որ կյանքի վատացմանը զուգընթաց՝ Կենտրոնը չի նահանջել։ Ի դեպ, տպագրվել էր նաեւ եռալեզու ալբոմ՝ «Եղիցի լույս» խորագրով։ Եվ այն գործերը, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղ չէին գտել այնտեղ, կլինեն տպագրվելիք Աստվածաշնչում։ Ծրագրված է ստեղծել քրիստոնեությանը նվիրված մանկական թանգարան, ուր անպայման կցուցադրվեն նաեւ արտասահմանցի շնորհաշատ երեխաների աշխատանքներ։ Հ. Իգիթյանը, որ պատրաստ էր պատասխանելու, բացի թուրքերենից, բոլոր լեզուներով հնչած հարցերին, նաեւ նշեց, որ Մանկական գեղագիտական դաստիարակության կենտրոնը բնույթով նորարարական է, իսկ նպատակը մեկն է՝ օգնել երեխաներին բնականորեն գտնելու իրենց ճիշտ ճանապարհը։ Նա նաեւ գտնում է, որ իրենց կենտրոնում այլ սկզբունքներով են աշխատում՝ ի տարբերություն Նկարիչների միության, ուր թե՛ կոմունիստների օրոք, թե՛ հիմա, միշտ էլ վատ է եղել։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել