Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մինչեւ հոկտեմբերի 6-ը Հայաստանի Ազգային պատկերասրահում կներկայացվի իր բնույթով պատկերասրահի ոճի եւ ն

Սեպտեմբեր 21,2001 00:00

Ի՞ՆՉ ԿԱ ՆԿԱՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ Մինչեւ հոկտեմբերի 6-ը Հայաստանի Ազգային պատկերասրահում կներկայացվի իր բնույթով պատկերասրահի ոճի եւ նկարագրի մեջ չտեղավորվող, գոնե այդ շենքի համար՝ հեղափոխական, «Նկարից այն կողմ» ցուցահանդեսը։ Իսկ դա նշանակում է, որ 15-16 օր շարունակ ժամանակակից արվեստի հայ ներկայացուցիչները, ձերբազատված «նկարի՝ իբրեւ մարմնավորված տեսիլի, ինքնին վերջավորի արտահայտության» կապանքներից, պիտի փորձեն «պատկերների միջոցով՝ կյանքի անպատկերացնելի փոխակերպումը» ներկայացնել (մեջբերումները՝ Նազարեթ Կարոյանի)։ Ցուցահանդեսի կազմակերպիչը «Վիկի Հովհաննիսյան ժամանակակից արվեստի հաստատությունն» է եւ, հատկապես, Վիկի Հովհաննիսյանին էին ուղղված երեկ՝ ցուցահանդեսի բացման ժամանակ, հնչող բազմաթիվ շնորհավորանքները՝ ԱԳՆ եւ մշակույթի նախարարների, կուսակցական, քաղաքական եւ, իհարկե, մշակութային տարբեր տրամաչափի գործիչների կողմից։ 33 ավանգարդիստների աշխատանքները որքան իրարից տարբեր, որքան բազմաբովանդակ, նույնքան էլ իրար մոտ էին թեմատիկ առումով. նրանք բոլորն էլ ձոն էին մարդուն եւ մարդկայինին։ Աշոտ Աշոտի ներկայացրած գործը մի երկարուկ պլակատ էր, որի վրա լատիներեն գրված էր՝ «Սիրիր մերձավորիդ, հիմար»։ Արեւիկ Արեւշատյանը ներկայացրել էր «Մագնետիզմ» շարքը, որի յուրաքանչյուր մասնիկը լոտոսի նմանվող ծաղկի պատկեր էր. նրանք բոլորն ունեին խոշոր, զննող, քննող աչք։ Այս շարքը հետաքրքիր էր նաեւ նրանով, որ լոտոսը նկարիչների մոտ հիմնականում խորհրդանշում է կնոջը, եւ լոտոսի սիմվոլիկայով շատ նկարիչներ պատկերել են կնոջ հեշտանքի պահը։ Դիանա Հակոբյանի «Մեր փորձը մեր երեխաներին» վիդեոինստալացիայում անընդհատ լսվում էր մուրճի թխկթխկոցը եւ մածնոտ մռութով մի փոքրիկ ապշահար նայում էր մեխվող մեխին ու չէր հասկանում, թե ինչ է կատարվում։ Ի՞նչ եւ ինչո՞ւ ենք պարտադրում մեր զավակներին, ինչո՞ւ ենք փորձում նրանցից սարքել մեր կրկնօրինակը, եւ ո՞րն է ազատության այն սահմանը, որով պիտի օժտենք նրանց… Այս հարցերի պատասխանը գտնելու հավակնություն Դիանան կարծես չուներ, նա միայն պատկերում էր մուրճի հարվածներից դժգոհ դեմքով փոքրիկին… Վահրամ Գալստյանի գործը ցանցերի վրա չորացած կավն էր։ Ընդ որում, վիդեոինստալացիան մանրամասն պատկերում էր կավի՝ ցանցին տրվելու պրոցեսը, իսկ արդեն արդյունքը՝ ցանցին ծեփված կավը, փակցված էր պատին։ Արարատը (Սարգսյան) երկու շարք էր ներկայացրել։ Մեկը՝ «Կորուսյալ դրախտ» անվանումով՝ տարբեր քաղաքային տեսարանների հավաքածու էր։ Տպավորությունն այն էր, թե տեսարանները մտացածին էին, երեւակայական, քանի որ չափից դուրս լուսավոր էին ու երազային։ Թեեւ միանգամայն իրական անուններ ունեին՝ Շուշի, Հաճըն, Այնթապ, Ադանա, Մուշ, Կարս եւ այլն… Նրա հաջորդ շարքը կրում էր «Սեր» խորագիրը։ Հատուկ այս շարքի համար մոնտաժված էր տաղավարատիպ մի անկյուն, եւ այդ խցիկի ներսի պատերից կախված էին թղթի վրա արված դաջվածքների ձեւով մարմնական սեր, ավելի կոնկրետ՝ սեռական ակտի տարբեր դիրքեր պատկերող գործեր։ Իսկ խցիկի դրսի պատերին կախված էին ոչ մարմնական սիրո տեսարաններ՝ արդեն գունավոր, բայց ակնհայտորեն ավելի տխուր եւ ցավոտ զգացողություններ առաջացնող, քանի որ հիմնականում նկարի հերոսը խաչն էր եւ խաչի վրա բարձրացողը։ Դավիթ Կարեյանի վիդեոինստալացիան կրում էր «Աշխարհն առանց քեզ» անունը։ Ըստ հեղինակի, սա դիմադրության կոչ է։ Տեխնոկրատիզմի եւ բնապաշտպանության ծայրահեղ հակադիր բեւեռների բախման վեճ։ Գործիքնե՞րն են մարդկանց համար, թե՞ մարդիկ գործիքների։ Աննա Բարսեղյանը ներկայացրել էր «Տունտունիկ» շարքը, որի բոլոր հերոսները տիկնիկներ են՝ խաղալիք տնակում։ «Երեխան խաղալիս փակվում է իր աշխարհում»,- բացատրում է հեղինակն ու հարցնում՝ արդյոք ամենքս խաղի մեջ չե՞նք մտած, արդյոք ամենքս մեր ներքին աշխարհում թաքնված չե՞նք… Գրիգոր Խաչատրյանն ու Նորայր Այվազյանը «Վանա լճի» երկու տարբերակ էին ներկայացրել՝ մեկը լուսանկարների, մյուսը՝ բուն վաննայի տեսքով։ Առանձնահատուկ էին Կարեն Անդրեասյանի ներկայացրած աշխատանքները։ «Կենդանի էկրան» գործում ներգրավել էր երեք գործազուրկի, որոնց հետ կնքած պայմանագրի համաձայն (պայմանագիրը՝ կնիքով, ստորագրությամբ, առկա էր)՝ նրանք պիտի 10 օր նստեն ցուցահանդեսի տարածքում, եւ նրանց սպիտակ վերնաշապիկների վրա, ինչպես իրական էկրանի վրա, անցնում էին ֆիլմերի տիտրերը։ Գործազրկության էությունն ուրիշ ի՞նչ ավելի հնչեղ կերպարանք կարող էր ստանալ։ Կ. Անդրեասյանի մյուս գործը երկմասանի վիդեոինստալացիա էր։ Առաջին հատվածում մի մարդ մատնոցի մեջ այգի էր տնկում, ապա «պիպետկայով» համբերատար ջրում։ Իսկ մյուս տեսագրության մեջ մանրամասնորեն ցուցադրվում էր ատամնաբույժի աշխատանքը ոմն Խաչատուր Ալոյանի բերանում. նա Խ. Ալոյանի ատամնաշարը հարստացրեց ոսկյա ատամով, որի վրա անգամ փորագրություն կար։ Գործն ավելի ամբողջական էր դարձել ատամնաբույժի տված տեղեկանքով՝ առ այն, որ ինքը պրն Ալոյանի բերանում 11 հազար դրամի գործ է արել, եւ նոտարական գրասենյակի կողմից տրված լրիվ իրական, կնիքով հաստատված կտակով, որում Խ. Ալոյանն իր ոսկյա, փորագրած ատամը կտակում էր իր թոռնիկին։ Ռուբեն Գրիգորյանի նկարաշարն ուղեկցվում էր խիստ անկեղծ բացատրությամբ. «Մի փորձիր գտնել տրամաբանություն այս պատկերներում, որովհետեւ անհնար է հասկանալ հիշողությունը, ձայնը, բույրը, վախը…»։ Աշոտ Բայանդուրի գործը, չգիտես ինչու, վերնագրված էր «Պետրոս առաքյալ», բայց պատկերված էին «տիեզերքում, ամպերի պես լողացող մտքեր»։ Սահակ Պողոսյանը քանդակել էր «Ազատագրվող ստրուկին»։ Այս գործը բառերով ներկայացնելը բարդ է, տեսնել էր պետք։ Հովհաննես Մարգարյանը պատկերել էր մարդկանց, ովքեր կոնֆլիկտներ են ունեցել իրենց ապրած ժամանակաշրջանի, իրենք՝ իրենց, եւ աշխարհի հետ՝ Ադոլֆ Հիտլեր, Բերտրան Ռասել, Ալբերտ Էյնշտեյն, Լեւ Տրոցկի, Սթիվեն Հոքինգ, Չե Գեւարե, Զիգմունդ Ֆրոյդ, Ուիլյամ Ռեյխ, Կարլ Մարքս։ Արեւիկ Արեւշատյանի եւ Ռուբեն Գրիգորյանի «Թող չնվազի ձեռքը տվողի» գործն իրենից ներկայացնում էր լիքը-լիքը պարզած եւ պատասխանի սպասող գիպսե ձեռքերի հավաքածու. «Երբ ոչ մի հույս չկա այս մղձավանջից դուրս գալու, պարզում ես ձեռքդ ու անհույս սպասում այն երկրորդին, որ պիտի իր ձեռքը մեկնի քեզ»։ Վահան Ռոմելյանը ներկայացրել էր «ակնթարթային մերժողական գեղանկարչություն», որը հրաշալի գույներ ուներ, բայց բախվում էր անընդհատ մերժված լինելու կաղապարին։ Զուտ տեղի սղության պատճառով չենք անդրադառնում ներկայացված մնացած գործերին։ Սակայն փաստում ենք անվերապահ ճշմարտությունը՝ ունենք հզոր ավանգարդիստներ, բացվել է աննախադեպ ուժեղ ցուցահանդես։ Ցուցահանդես, որը ներս մտնողին տալիս է մի մեծ ու կարեւոր՝ մտածելու, խորհելու հնարավորություն։ Ցուցահանդես, որն իր ավանգարդիստական նորամուծություններով, շատերի կողմից դեռեւս չընդունվող հեղափոխությամբ հանդերձ՝ անչափ բարի է եւ անչափ մարդկային։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել