Լրահոս
Օրվա լրահոսը

Կողմ եմ երկքաղաքացիությանը

Սեպտեմբեր 21,2001 00:00

Կողմ եմ երկքաղաքացիությանը Երկքաղաքացիությունը փոքրաթիվ եւ աշխարհասփյուռ ժողովրդի համար, անշուշտ, ընդունելի ու օգտակար է, եւ իզուր չէ, որ ՀՀ Սահմանադրության նախագիծը քննարկելիս այդ հարցի վրա լուրջ ուշադրություն է դարձվել եւ չի ընդունվել։ Ինչո՞ւ, ո՞րն է եղել մերժելու հիմնական կռվանը։ Երկու երկրի քաղաքացի լինել նշանակում է վերցնել այդ երկրների քաղաքացիների՝ սահմանադրությամբ նախատեսված պարտականությունները։ Բերենք թեկուզ մեկ օրինակ՝ բանակում ծառայելու հարցը։ Որտե՞ղ պետք է ծառայի՝ իր բնակելի երկրում՝ պայմանական հայրենիքո՞ւմ, թե՞ բուն հայրենիքում։ Սա միջպետական խնդիր է։ Թերեւս երկու երկրների միջեւ փոխադարձ համաձայնագրերի ստորագրությամբ հնարավոր կլինի այն իրականացնել։ Բայց այդ պարագայում արդյո՞ք կհամաձայնի մյուս երկիրը, դիցուք՝ Ֆրանսիան, որտեղ ապրում է շուրջ 500 հազար հայազգի մարդ։ Հավանաբար դժվար թե, որովհետեւ կամա-ակամա՝ ֆրանսիական իշխանությունները կարող են ենթադրել, որ իրենց երկրի քաղաքացիները կներքաշվեն զանազան ոչ ցանկալի գործողությունների մեջ։ Ես տասնյակ տարիներ զբաղվել եմ հայ բնակչության տարաբնակեցման հարցերով։ Տակավին 1975թ. լույս է տեսել իմ «Հայկական ՍՍՀ բնակչությունը» մենագրությունը, որտեղ, բնականաբար, անդրադարձել եմ այդ հարցին եւ եկել հետեւյալ եզրակացության, որ պարզապես նպատակահարմար է հայտարարել. «Հայաստանը համայն հայության հայրենիքն է»։ Իմ այս ազնիվ եւ սփոփիչ միտքը խիստ քննադատվեց ՀԿԿ Կենտկոմի հատուկ հրավիրված գաղափարական պլենումում։ Իր մոտ հրավիրեց ՀԿԿ Կենտկոմի՝ այդ տարիների ագիտացիայի եւ պրոպագանդայի բաժնի վարիչը եւ դիտողություն արեց՝ ընդգծված նշելով, որ, ըստ ինձ, ստացվում է. «Հայաստանը նաեւ արտասահմանյան հայ կապիտալիստների հայրենիքն է»։ Հրահանգվեց անգամ իմ հեղինակած դպրոցական դասագրքից հանել վերը նշված միտքը։ Հայաստանի անկախանալուց հետո, երբ փորձեցի երկքաղաքացիության փոխարեն արձանագրել՝ Հայաստանը համայն հայության հայրենիքն է, դա էլ չընդունվեց։ Կարծում եմ, այժմ, երբ դրված է սահմանադրական բարեփոխումների՝ ներկա պահանջներին համապատասխանեցնելու խնդիրը, ճիշտ կլինի ավելացնել մի հոդված հետեւյալ բովանդակությամբ. «Հայաստանը համայն հայության հայրենիքն է»։ Թող աշխարհի ամենահեռավոր ծեգում ապրող հայը իմանա, որ երկրագնդի վրա կա Հայաստանի Հանրապետություն կոչվող մի երկիր, որն իր հայրենիքն է։ Հայաստանը իր հայրենիքը ճանաչող հայը կարող է զբաղեցնել նախարարի, մարզպետի, գերատեսչության ղեկավարի պաշտոնները, աշխատել դեսպանատներում, հյուպատոսարաններում, Հայրենիքում ստեղծել բարեգործական եւ հասարակական կազմակերպություններ, մասնակցել օբյեկտների սեփականաշնորհման մրցույթներին։ Հայաստանը իր հայրենիքը ճանաչող հայը իրավունք ունի առանց խոչընդոտների վերաբնակվել եւ օգտվել հայրենաբնակ քաղաքացիներին վերապահվող իրավունքներից։ ԳՐԻԳՈՐ ԱՎԱԳՅԱՆ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել