Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ենթադրյալ մահացածը միայն Կիկոսն էր

Սեպտեմբեր 21,2001 00:00

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԻԱԿ ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Ենթադրյալ մահացածը միայն Կիկոսն էր Յոթ ամիս է, ինչ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Կարինե Ղազարյան) ընթանում էր Սարգիս Փաթաթյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Օգոստոսի 30-ին ընդհատված նիստը (բենզին չլինելու պատճառով ամբաստանյալին չէին բերել դատարան) շարունակվեց միայն սեպտեմբերի 18-ին։ Մեղադրող Լ. Դավթյանը 15 տարի ազատազրկում պահանջեց Սարգիս Փաթաթյանի համար։ Վերջինս հանդես եկավ իր վերջին խոսքով, մինչ այդ պաշտպանական ճառով հանդես էր եկել նրա պաշտպանը՝ Սոս Գրիգորյանը։ Պաշտպանը այս դատավարությունը գնահատեց իբրեւ «Փաթաթյանների ընտանիքի նկատմամբ պետական կառույցների կողմից իրականացվող հաշվեհարդարի հերթական փորձ»։ Ըստ նրա, փորձը սկսվել էր Սարգսի հորը՝ Կարոյին («Կոմիսիոն Կարոյի») մեղադրանք առաջադրելով (սպանություն պարտակելու համար), որն ավարտվեց մի քանի ամիս անց՝ նրա մասով գործը կարճելով։ «Սպանության պարտակումը» փոխանցվեց անգամ 1981թ. ծնված Կարոյի թոռանը, որի նկատմամբ հայտարարվել է հետախուզում… Փաստաբան Ս. Գրիգորյանի կարծիքով, պատճառը Փաթաթյանների ընտանեկան «Արծիվ» ձեռնարկությունն էր։ Սարգիս Փաթաթյանը իր վերջին խոսքում կասկածի տակ դրեց իրեն վերագրվող սպանությունը, որը գնահատեց որպես «ենթադրյալ սպանություն», որը տեղի է ունեցել «ենթադրյալ վայրում» եւ «ենթադրյալ սպանվողի» Մուշեղ Մինասյան-Բիրգի դիակն էլ պարտակվել է… Սովետաշենի աղբանոցում։ Սարգիսը վկայակոչեց փորձագետների թիվ 367 եզրակացությունը, որով փաստվել էր, որ հայտնաբերված, արդեն ոչ ենթադրյալ արյունը կնոջ արյուն է, իսկ «նշված դիակի մնացորդների գանգոսկրերն էլ Մուշեղ-Բիրգին չեն պատկանում»։ Այն, որ հրազենի գնդակը բաժանվել է 3 եւ ավելի բեկորների, Սարգիս Փաթաթյանը բացառեց, ասելով. «Եղել եմ ազատամարտիկ եւ կարող եմ պնդել, որ հրազենի գնդակը մխրճվելով բետոնե պատի մեջ, չի կարող բաժանվել բեկորների, այլ ամբողջությամբ է մխրճվում եւ կոռոզիայի ենթարկված (կրակված) գնդակը իր վրա արյան հետքեր չի թողնում»։ Հետեւաբար հնչեց նրա այս հարցադրումը. «Հնարավո՞ր է, արդյոք, սպանության դեպքից 2,5 տարի անց ինքնաձիգից արձակված գնդակի բեկորները կոռոզիայի պայմաններում իրենց վրա արյուն պահպանեին եւ հնարավոր լիներ որոշել այդ արյան խումբը»։ Հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել ողջ այս դատաքննության ընթացքում. չկա տուժող կողմ (համենայնդեպս, դատարանում ի հայտ չեն եկել մինչ օրս), գործով անցնող մոտ 10 վկաներ էլ, որոնք նախաքննական ցուցմունքներով էին հանդես եկել, դատարան ընդհանրապես չներկայացան։ Երկու ամբաստանյալներ էլ՝ Հովհաննիսյանն ու Ղազարյանը, դատաքննության ժամանակ հայտնեցին, որ իրենք Սարգսի դեմ մեղադրող ցուցմունքներ են տվել Էրեբունու ՆԳ բաժնում իրենց նկատմամբ կիրառված սպառնալիքների ազդեցության տակ։ Ավելին, նրանք հայտնեցին, որ «չեն կարող պնդել, որ իրոք Մուշեղ Մինասյանը սպանված է»։ Փաստաբան Ս. Գրիգորյանը գտնում է, որ մեղադրանքը պաշտպանողները հենվում են 90% ենթադրությունների վրա։ Ըստ էության, նախաքննության մարմինը չի հայտնաբերել դիակ, աղբանոցում գտնվածն էլ կնոջ դիակի մնացորդ է։ Հետեւաբար, չի հիմնավորվում Մուշեղի սպանության փաստը։ Չնայած կարելի էր եւ պարզել, թե այդ ի՞նչ կնոջ դիակ է, գոնե։ Ո՞ւր է դիակի զննության արձանագրությունը, նրա առողջությանը հասցված վնասի բնույթն ինչպիսի՞ն է եղել, ո՞րն է եղել մահվան պատճառը։ Ենթադրյալ դիակ հայ իրականության մեջ, որքան մեզ հայտնի է, եղել է Թումանյանի Կիկոսը, որի հարազատները գոնե իբրեւ ենթադրյալ տուժողներ, ենթադրյալ դեպքի վայրում՝ ծառի տակ կանգնած ողբացին իրենց ենթադրյալ որդու ենթադրյալ մահը։ Սակայն ի՞նչ է ստացվում. չկա սպանվածը, չկա նրա դիակը, չկան հարազատ-տուժողները, իսկ ազատազրկման են դատապարտում, որովհետեւ ենթադրյալ ապացույցներ են հավաքվել։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Հ. Գ. Երեկ Կ. Ղազարյանը՝ դուրս գալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց Սարգիս Փաթաթյանի դատավճիռը. նա դատապարտվեց 12 տարի ազատազրկման, եւ կալանքը կկրի խիստ ռեժիմի կալանավայրերում։ Ըստ մեր ունեցած տեղեկատվության, Կ. Ղազարյանը առաջիկա օրերին կտեղափոխվի ՀՀ զինվորական եւ քրեական գործերով վերաքննիչ դատարան։ Ի դեպ, մեր դատարանները շուտով նվեր կստանան եւս 31 դատավոր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել