Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրահավաքներ՝ առանց բարձրախոսի

Սեպտեմբեր 21,2001 00:00

Երկու որոշում՝ մի «անմեղ» պուրակի նկատմամբ Հանրահավաքներ՝ առանց բարձրախոսի Ղարաբաղյան շարժման տարեգրության վկան Վանաձորում «Արցախ» պուրակն է։ Այդտեղ են սկիզբ առել առաջին հանրահավաքներն ու նստացույցերը, որոնց կայացման համար, բնականաբար, այն ժամանակ ոչ մեկից թույլտվություն չի վերցվել (դե հո չէին կարող 1989թ. ՀԿԿ Կիրովականի քաղկոմից թույլտվություն վերցնել հակասովետական ցույց կազմակերպելու համար)։ Հետեւաբար, եղել են նաեւ «օրինազանցներին» վարչական պատասխանատվության ենթարկելու դեպքեր, որոնք ավարտվել են 10-օրյա կալանքով կամ տուգանքով։ Անկախության 10 տարիների ընթացքում «Արցախ» պուրակում իր հանրահավաքներն էր անցկացնում տվյալ պահի ընդդիմությունը (ԱԻՄ, ՀՅԴ, ՀԴԿ, ՍԻՄ, Կոմկուս) եւ որեւէ դիմադրության չէր հանդիպում մինչե՜ւ… 1999թ. գարունը (այսինքն՝ 1998թ. իշխանափոխությունից հետո), երբ Վանաձորի քաղաքային նախորդ իշխանությունները (համայնքի ավագանին) հանկարծ որոշեցին, որ հանրահավաքները պետք է «Արցախ» պուրակում արգելել եւ տեղափոխել Վանաձորի «Թատերական հրապարակ» կոչվող փոքր տարածքը (իբր թե՝ հաշվի առնելով բնակչության բողոքը. «Առավոտ», 17.04.99թ.)։ Նշենք, որ այդ նույն ժամանակ բնակչությունը գրավոր բողոք էր ներկայացրել իշխանություններին, որ մինչեւ գիշերվա ժամը մեկը զանազան երաժշտախմբեր «Արցախ» պուրակում աղմուկով խանգարում են մարդկանց հանգիստը, բայց բնակչության բողոքը հաշվի չառնվեց։ Չնայած իշխանությունների որոշմանը, «իներցիայով» շարունակվում էր հանրահավաքների անցկացումը «Արցախ» պուրակում։ 1999թ. այդտեղ իրենց նախընտրական հանդիպումներն անցկացրին տարբեր կուսակցություններ՝ իրենց առաջնորդներով։ 1999-2001թթ. արդեն «Արցախ» պուրակում հանրահավաքներ անց էին կացվում հիմնականում Կոմկուսի կողմից (մայիսի 1 եւ նոյեմբերի 7)։ Այս տարվա քաղաքական աշնան սկզբին Վանաձորի ներկա իշխանությունները «Արցախ» պուրակում… մեկ անգամ էլ արգելեցին հանրահավաքները, եւ այդպես էլ չհասկացվեց, թե 1999թ. Վանաձորի նախորդ համայնքի ավագանու կողմից ընդունված նախկին որոշումը չեղյա՞լ է համարվել, թե՞ պարզապես «նորացվել» է՝ իբրեւ հանրահավաքների անցկացման վայր սահմանելով «աչքից հեռու» մեկ այլ տարածք՝ Սպորտի պալատի հարեւանությամբ։ Դրա հետեւանքով գրեթե չկայացավ ՀԿԿ Վանաձորի քաղկոմի՝ նախապես հայտարարված եւ կայացման համար վաղօրոք թույլտվություն վերցված սեպտեմբերյան հանրահավաքը, որը նվիրված էր ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակին։ Նշենք, որ վանաձորյան ԶԼՄ-ները հրաժարվել էին Կոմկուսի հայտարարությունը նախապես եթեր հեռարձակել, այն համարելով «հակաօրինական»։ Այդուհանդերձ, «Արցախ» պուրակ «սողոսկած» մի քանի համակիրների, օրվա ընդդիմության, շարքային տարեց քաղաքացիների փոքրաթիվ խմբի եւ ԶԼՄ-ների համար ՀԿԿ Վանաձորի քաղկոմի առաջին քարտուղարին հաջողվեց առանց բարձրախոսի ելույթ ունենալ։ …Փաստորեն, հանրահավաքները սկսել են արգելվել ներկա իշխանությունների օրոք, ինչը խոսում է այն մասին, որ նախկին իշխանություններն ավելի բարեհաճ են եղել մարդու սահմանադրական իրավունքները հարգելու հարցում։ Հակված ենք կարծելու, թե հանրահավաքների անցկացումը խոչընդոտելու նպատակը ոչ թե այն է, որ իշխանությունները ուղղակի «սարսափում» են «հոծ խմբերից հազարանուն» (մասնավորապես, Վանաձորում հանրահավաքները գնալով փոքրաթիվ են դառնում, քանի որ արտագաղթը ցեցի պես մաս-մաս «խժռում» է ժողովրդին), այլ՝ չեն ցանկանում, որ քննադատությունը հնչի բարձրախոսով, այսինքն՝ վախենում են հասարակական կարծիքի հնչեղությունից, ժողովրդի ձայնից, իսկ դա արդեն հենց ժողովրդի հաղթանակն է. բարոյական հաղթանակը։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել