Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետաքննող լրագրողների ասոցիացիայի» նախաձեռնությամբ եւ «Եվրասիա» ֆոնդի աջակցությամբ ստեղծվել եւ արդե

Սեպտեմբեր 21,2001 00:00

ԻՍԿ ՉՍՏԵՂԾԵ՞ՆՔ ՆԱԽԱԴԵՊ «Հետաքննող լրագրողների ասոցիացիայի» նախաձեռնությամբ եւ «Եվրասիա» ֆոնդի աջակցությամբ ստեղծվել եւ արդեն 2 ամիս է՝ գործում է «Ինֆորմացիայի ազատություն» կենտրոնը։ Այն խորհուրդներ է տալիս քաղաքացիներին, հասարակական կազմակերպություններին, լրագրողներին՝ ինֆորմացիա ստանալու մեխանիզմների մասին։ Ըստ «Հետաքննող լրագրողների ասոցիացիայի» անդամ, կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանի՝ անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կարող են կենտրոնի միջոցով դատական կարգով բողոքարկել ապօրինի մերժումները՝ այդպիսով ստեղծելով ինֆորմացիա ստանալու իրավունքի համար օրինական պայքարի նախադեպ։ Չէի կամենա, որ իմ պատմությունն ընկալվեր որպես նոստալգիա սովետական ժամանակների հանդեպ, առավել եւս այնպիսի մի կառույցի, որպիսին գլավլիտն է։ Բայց, ասացեք խնդրեմ (դիմում եմ կինո եւ հեռուստաօպերատորների ավագ սերնդին), կարո՞ղ է ձեզանից որեւէ մեկը հիշել դեպք, երբ ինչ-որ մեկը երբեւիցե արգելել է նկարահանել ինչ-որ բան։ Անձամբ ես, որ հեռուստատեսությունում եմ 1969-ից, միայն մեկ նման դեպք եմ մտաբերում։ Եթե չեմ սխալվում, խոսքը «Երեւան» ֆիլմի (օպերատոր՝ Օլեգ Բաղդասարյան) մի կադրի մասին է, ուր Երեւանը նկարված էր թռչնի թռիչքի բարձրությունից։ Ուշադրություն դարձրեք, այս կադրն արգելել էին ոչ թե ինչ-որ բյուրոկրատներ, ոչ էլ հատուկ հիմնարկի աշխատակիցները, այլ գլավլիտը, որի ֆունկցիայի մեջ էր մտնում նաեւ, որ զանգվածային լրատվություն չսպրդի գաղտնի ինֆորմացիա կամ չերեւա գաղտնի օբյեկտ (ի դեպ, վերջիններիս ցանկը բազմացված եւ բաժանված էր ՍՍՀՄ բոլոր քաղաքներին)։ Նկարահանեք ՍՍՀՄ ցանկացած քաղաքի ցանկացած պողոտան, ադմինիստրատիվ շինությունները, մետրոն, անգամ զինվորական ստորաբաժանումները։ Նկարահանել կարելի էր յուրաքանչյուր ցուցահանդես, սիմպոզիում, էլ չեմ խոսում ամեն կարգի խանութների, հանրախանութների մասին։ Ի դեպ, դրանք այսօր էլ մտնում են արգելվածների շարքը։ Թեեւ չմեղանչեմ ճշմարտության առաջ. որոշ օբյեկտներ գլավլիտն այն ժամանակ արգելում էր նկարահանել, իսկ այսօր նման արգելք չկա. ասենք 100 մետրից ավելի երկարությամբ կամուրջները, Մերգելյանի ինստիտուտը, արեւի եւ էներգիայի, ֆիզիկայի ինստիտուտները (այն ժամանակ սրանք համարվում էին ստրատեգիական նշանակության օբյեկտներ)։ Եվ վերջ։ Չգիտեինք, չէինք պատկերացնում մենք՝ օպերատորներս ու ռեժիսորներս, թե ինչ բարենպաստ պայմաններում էինք աշխատում։ Քիչ է, որ նկարահանման գնալիս պետք է ձերբազատվել գրպաններիդ մետաղյա իրերից (Իսկ դուք տեսե՞լ եք օպերատորական ժիլետը։ Ո՞չ։ Այն ունի առնվազն 15 գրպան), այլեւ ձեռքիդ տակ պետք է ունենաս ամեն կարգի վկայականներ, թույլտվություններ եւ Badje (անգլերեն բառ է, նշանակում է՝ քո վկայականը)։ Ու այս ամենն անհրաժեշտ է անգամ տոնավաճառներում նկարահանումներ անելու համար։ Այո՛, տոնավաճառներում, որովհետեւ եթե ձեզ թվում է, թե ՀՀ նախագահի մամուլի ծառայության՝ քեզ տված վկայականը կազդի տոնավաճառը պահպանող թիկնեղ տղաների վրա, ուղղակի սխալվում եք։ Զրո ուշադրություն։ Իսկ օպերատորական վկայականը, թե դուք աշխատում եք այս կամ այն խմբագրությունում, անցնում է միայն քո հարազատ ստուդիայում։ Վերջերս հատուկ թույլտվություն է անհրաժեշտ նաեւ փողոցներում նկարահանելու համար։ Աստված չանի, եթե քո կադրում հանկարծ հայտնվել է Ազգային անվտանգության պոլիկլինիկան, ՆԳՆ քննչական վարչությունը կամ ՊՆ-ի ավտոպարկը։ Օրերս մեր օպերատորին վզից բռնած քարշ են տվել «ԱրմենՏելի» պաշտպանության պետի մոտ։ Հարցը նույնն է. «Ունե՞ք նկարահանելու թույլտվություն»։ Քեզ բռունցքներով կդիմավորեն եւ նույն հարցը կտան նախագահի նստավայրը նկարահանելու փորձի, տարադրամի փոխանակման ցանկացած կետը, ԱԺ-ի մուտքը եւ տոնավաճառները նկարահանելու փորձի համար։ Ինքդ քեզ հարց ես տալիս. «Լավ, ո՞վ է էս քաղաքի տերը», կամ այս ամենի հետ որեւէ առնչություն ունի՞ քաղաքապետարանը։ Այսպիսի տխուր մտքերով քայլերդ ուղղում ես Երեւանի քաղաքապետարան։ Օպերատորին հրավիրում ես նկարահանել շենքը, սատանան տանի, թող որ՝ դիմացի մայթից։ Եվ որտեղից որտեղ լսում ես. «Իսկ դուք նկարահանման թույլտվություն ունե՞ք»։ Ահա եւ ստացվում է, որ այսօր օպերատորին չես կարող նկարահանման ուղարկել առանց նրա օպերատորական ժիլետը՝ ոստիկանականով, իսկ օպերատորին հատուկ պահպանության աշխատակցով փոխարինելու։ Կասեք, թե ես էլ պրոբլեմ եմ գտել։ Եթե կարծում եք, որ՝ ոչ, ուրեմն ինքներդ էլ վերցրեք տեսախցիկն ու ուղեւորվեք նկարահանելու: Ասենք… Ի՞նչ եմ խոսում, ուղղակի դուրս եկեք փողոց… ՆԻԿՈԼԱՅ ԴԱՎԹՅԱՆ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայկական մասնաճյուղի գլխավոր ռեժիսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել