Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

խաչի

Սեպտեմբեր 21,2001 00:00

վահրամ մարտիրոսյան խաչի անվամբ ծպտվածները Նախորդ գլուխների համառոտ բովանդակությունը 1123 թ. ապրիլի 9-ին Երուսաղեմի Բալդուին Բ թագավորի բանակը շրջապատվում է թուրք-սելջուկ Բալակ ամիրայի կողմից ու ջախջախվում: Լեւոն Ռուբինյան իշխանը Բեհեսնի բերդաքաղաքում ապաստան է տալիս մի խումբ խաչակիր ասպետների ու տիկնանց, որոնց հետապնդում են թշնամիները: Բալդուին Բ-ի եւ Եվմորֆիա թագուհու ճակատագիրն ասպետներին հայտնի չէ, բայց կան ականատեսներ, որ թուրքերը գերի են վերցրել նաեւ Բալդուին Ա-ի կնոջը` այրի թագուհի Արդային, որ Լեւոն իշխանի քույրն է: Մինչդեռ խաչակիրներին ապաստանելով` Լեւոն Ռուբինյանը վտանգել է իր ավագ եղբայր` Կիլիկիայի հայոց իշխանաց իշխան Թորոսի եւ Բալակի միջեւ կնքած խաղաղության պայմանագիրը, ըստ որի Ռուբինյանները որեւէ աջակցություն չեն ցուցաբերի թուրքերի թշնամի «ֆրանկներին»: Ժողովուրդը փողոցներում քննարկում է ծանր իրավիճակը: Մի բեհեսնեցի առաջարկում է զենքով ազատագրել գերիներին, բայց ուժերն այնքան անհավասար են, որ այդ միտքը նույնիսկ ծիծաղ է հարուցում: 5. սուրբ գեւորգն ամենօրյա աղոթքի եկեղեցի էր` հայկական բոլոր եկեղեցիների նման Սուրբ Գեւորգը, որ հայկական բոլոր եկեղեցիների նման կարծես ամենօրյա աղոթքի, բայց ոչ տոներ կամ աղետալի իրադարձություններ նշելու համար էր, ինչպես բյուզանդական ու լատինական մեծ տաճարները, լեփ-լեցուն էր ժողովրդով: Պատարագին եկել էին բոլոր խաչակիրները, քաղաքի ասորիներն ու նույնիսկ մեր հավատն արհամարհող գոռոզ հույները, որ շարունակում էին փոքրացած ու թուլացած Բյուզանդիան անվանել Արեւելյան Սրբազան Հռոմեական Կայսրություն, որի համար էլ մենք նրանց դեռեւս հոռոմներ էինք կոչում: Շատ արհեստավորներ, տառապյալներ, ռամիկներ ու հայաստանցի նոր գաղթականներ բակում կանգնած էին մնացել: Մինչեւ արարողությունն սկսելը Ռուբեն իշխանազունն ինձ հարցրեց՝ արդյոք ճիշտ չի՞ լինի պատարագն անցկացնել լատիներեն կամ հունարեն, որպեսզի Բեհեսնիի հյուրերն ամեն ինչ հասկանան: Բայց նախքան ես կպատասխանեի, որ կարգ չէ, միջամտեց Լեւոն իշխանը, թե՝ իրավունք չունենք մեր հավատի լեզուն հարմարեցնել օրվա հյուրերի քիմքին: Ես պատարագեցի, հետո նաեւ քարոզ կարդացի: Ասացի, որ այսօր մեր սրտերը սուգն է պատել, ինչպես որ անօրենների Բաղդադ, Հալեպ ու Դամասկոս արյունաշեն քաղաքներին` ցնծությունը: Քրիստոսի զինվորների բանակը մեծ եւ սոսկալի ջարդ է կրել, հայտնի չէ, թե ինչ է պատահել Սուրբ Երուսաղեմի թագավորին: Այլահավատների դեմ մղվող պատերազմների հաղթողին, քրիստոնյաների հզոր պաշտպանին: Ո՞ր ձեռքն է խորտակել հզորագույնի կորովը, ո՞ր տկար բազուկն է խոնարհեցրել հռչակավոր քաջի անսասան բազուկը, թլպատվածների ո՞ր զինվորն է ունեցել այնքան արիություն, որ խորտակի այդ դյուցազնին, հավատի նվիրյալին, իր անվան նման գեղեցիկ Բալդուինին: Արդ, ուրեմն, զայրացել է նրա եւ մյուս բոլոր մեղավորներիս դեմ մեր իսկապես չներող Աստված: Միայն Աստված կարող է անմարդաբնակ թողնել մեծամեծ ապարանքները, շքեղ շենքերն ու քաղաքները, որ կառուցվել են այլոց հառաչանքների ու արցունքների գնով: Հիշեցե՛ք Տիրոջ խոսքերը, աստվածասաստ սպառնալիքները. «Կարծու՞մ եք, թե մնացածներից ավելի մեղավոր էին հենց այս գալիլեացիները, որոնց արյունը Պիղատոսն իրենց զոհերի հետ խառնեց, կամ այն տասնութ հոգին, որոնց վրա ընկավ ու սպանեց Սիլովամի աշտարակը, կարծու՞մ եք, որ նրանք ավելի մեղավոր էին, քան Երուսաղեմում բնակվող բոլոր մարդիկ»: – Ո՛չ, մենք ավելի մեղավոր ենք,- աղաղակեցին Սուրբ Գեւորգում գտնվողներից շատերը: – «Ո՛չ, ասում եմ ձեզ,- պատգամում է մեր Տերը,- եւ եթե չապաշխարեք, բոլորդ էլ այսպես պիտի կորչեք»,- բացականչեցի ես: Այնուհետեւ հիշեցրի մեծ ճգնավոր ու հրաշագործ Մարկոս մենակյացի մարգարեությունը, որը վաթսուհինգ տարի խոտաճարակությամբ էր զբաղվել Մոկաց գավառի Կոնգռնակ անջրդի լեռան վրա, հաց կամ հացի նման բան չէր կերել իր ճգնավորության ընթացքում եւ, շատերի վկայությամբ, ամեն օր տեսնում էր Սուրբ հոգուն: Երբ ֆրանկները գրավեցին Երուսաղեմը, նա մարգարեացավ, թե անհավատ «ժողովուրդը նորից կհզորանա եւ սրով կգա մինչեւ Օվկիանոս ծովի ափը»: Հիմա մենք դրա նշանների ականատեսը չե՞նք՝ հարցրեցի: Սատանան խորամանկ է եւ բազմակերպ. հաճախ Տիրոջ գործի անվամբ է մարդկանց գայթակղեցնում: Նա անպարտելիության ամբարիշտություն է ներշնչում ազգերին, որոնք պատերազմներ են ձեռնարկում` թշնամու բազմաքանակությունն ու խելքն արհամարհելով: Նա գոռոզության որոմ է ցանում քրիստոնյա տիրակալների մեջ, որ իրենց հավատակիցներին գահազրկելով` խարխլում են իրենց հենարանը, նրանց երկիրը դատարկելով`քանդում իրենց երկրի պարիսպը: Եվ սատանան է, ավաղ, մոռացնել տալիս, թե կա Երկնքի Թագավորությունը, որի կամքով երկրային կայսրություններ են սասանվում եւ թագավորություններ կործանվում: Ուրեմն մշտամռունչ աղաչենք Աստծուն, որ ողջ պահի եւ իր գահին վերադարձնի Բալդուին թագավորին: Աղոթենք Արդա այրի թագուհու համար, որի անունը հունարեն նշանակում է «առաքինի», եւ նա, որ իր անվան մարմնացումն է, արդ մատնված է անհավատների ծաղրին ու անարգանքին: Աղոթենք Քրիստոսի անձնուրաց զինվորների՝ խաչազգեստ ասպետների, եւ պատերազմի տատասկոտ ճանապարհներին նրանց ուղեկցող տիկնանց փրկության համար, որ պետք է հեծեն անօրենների զնդաններում: Ողորմի՛ Կենարար խաչի համար նահատակվածներին, որ Աստծո գթությունը պիտի տեսնեն: Ապաքինու՛մ վիրավորներին, որոնց Կույս Մարիամի աներեւույթ ձեռքը պիտի խնամի… Բոլոր հավատացյալները հաղորդություն ստացան, եւ, թափոր կազմած, Սուրբ Գեւորգի բազկի մասունքն առջեւից տանելով, խաչերով ու խաչվառներով, ջահերով, մոմերով, ղողանջների ուղեկցությամբ Ալախոսիկ անունով զանգի, որ նշանակում է գեղեցկաձայն, դիմեցինք հիվանդատուն, որտեղից դուրս թափվեցին վիրավորներին խնամողները: Ես կարդացի «Ողբ թագավորի պարտության վրա» սաղմոսը, «Հիվանդի աղոթքը» եւ «Ազգի ազատության համար աղոթքը», որի Քո անվան համար փրկի՛ր մեզ Եվ քավի՛ր մեր մեղքերը: Ինչու՞ հեթանոսներն ասեն. «Ու՞ր է սրանց Աստվածը» տողերը լսելիս շատերը հեկեկում էին: Հետո հայ եւ ֆրանկ տիկնանցից շատերը, ինչպես նաեւ տաճարական ու հյուրընկալ ասպետները, որոնց իրենց միաբանությունները պարտավորեցնում էին խնամել անհավատների դեմ կռվում վիրավորվածներին, մտան հիվանդատուն՝ գիշերը նրանց սնարների մոտ անցկացնելու: 6. գիշերը մահացել էին երկու ծանր վիրավորները Գիշերը մահացել էին երկու ծանր վիրավորները: Վարդահերի գյուղից եկած հեքիմ Մխիթարին չէր հաջողվել փրկել անգլիացի ուխտավորի կյանքը, բայց նա հոգնաներով նվազեցրել էր ուրիշ վիրավորների ջերմը: Կոմս դը Գրենիեին ուշքի էին բերել անուշադիրի լուծույթի օգնությամբ, որը լատինացիք կոչում են արմենիակ, բայց երբ կոմսուհին պնդել էր, որ բժիշկ Տիրատուրը տզրուկներ կպցնի ամուսնու մարմնին`արյունը մաքրելու համար, նա շատ չանցած նորից կորցրել էր գիտակցությունը: Իշխանն ինձ պատվիրեց նամակներ պատրաստել բյուզանդական կայսեր, իշխանաց իշխան Թորոսի եւ Երուսաղեմի կաթոլիկ պատրիարք Ժերար դը Պիքինյիի անունով: Պատրիարքին պետք է հայտնեինք, թե ովքեր էին թուրքերից փրկվել ու ապաստանել Բեհեսնի ամրոցում: Հովհաննես Կոմնենոս կայսերն աղերս էինք հղելու, որ օժանդակի խաչակիրներին՝ մոռանալով իրենց միջեւ եղած տարաձայնությունները, որպեսզի Տիրոջ Սուրբ Գերեզմանը նորից հարկատու չդառնա անօրեններին: Թորոսին պետք էր տեղյակ պահել, որ ֆրանկների զորքը ջախջախված է, անօրենները գերել էին Արդա Ռուբինյանին, թուրքերի հետապնդման մասին լռելով` հայտնել, որ մազապուրծ Բեհեսնի է հասել Ժոսլին Եդեսացու եւ Կոստանդիա Ռուբինյանի որդի Ժոսլինը: Առանց Ստեփանեի արարքի մասին պատմելու, պետք էր զգուշացնել, որ Բալակ ամիրան կարող է անսպասելի հարձակվել հայկական հողերի վրա: Եվ գլխավորը՝ իշխանաց իշխանին պետք էր հարցնել` արդյո՞ք հիմա հավատարիմ մնանք թուրքերի հետ դաշնագրին, թե՞ դժբախտության մեջ չլքենք քրիստոնյա եղբայրներին, որոնց վերացնելուց հետո թուրքերը մի օր անգամ չեն հարգի մեզ հետ կնքած պայմանագիրը: Իշխանն իր գոհունակությունը հայտնեց գիշերային քարոզիս առթիվ, որում թե՛ ֆրանկների արկածախնդիր պատերազմներն էի պախարակել, թե՛ հոռոմների կարճամտությունը, որոնք նախորդ դարում վերացրին հայոց թագավորությունները: Նա հետաքրքրվեց, թե այցելե՞լ եմ Ստեփանեին: Երբ պատասխանեցի՝ ոչ, խնդրեց հոգեւորականի իմ իրավունքն օգտագործելով, տեսնվել իշխանիկի հետ եւ խոնարհության կոչել, քանի որ մոր մահից հետո է տղան այդպես անհնազանդ դարձել: Ես ասացի, որ իմ պարտքն է պատժվածին օգնել զղջումի ճանապարհն ընտրելու, եւ պալատից ուղիղ գնացի կալանատուն: Ստեփանեն փայտե թախտին նստած զոլերի էր վերածում անկողնու սավանը: Նա խնդրեց ինձ խարտոց հասցնել իրեն, որ պատուհանի ճաղերը կտրի եւ, սավանի կտորներն իրար կապելով, փախչի խցից: «Ո՞ւր»,- հարցրի ես: «Երուսաղեմ՝ Տաճարականների միաբանության մեջ մտնելու: Որ հետո գնամ կռվելու անհավատների դեմ»: «Նրանք քսանմեկ տարեկանից վաղ ոչ ոքի չեն ընդունում»: «Գիտեմ, բայց ես կխնդրեմ: Չեն մերժի, երբ իմանան, որ Երուսաղեմի նախկին թագավոր Բալդուին դը Բուլոնի քրոջ տղան եմ»: «Ինչու՞ ես ուզում տաճարական ասպետ դառնալ»: «Դա մորս ցանկությունն էր, դու էլ գիտես, տեր հայր,- նա գրապանից, որին շատերը ռամկորեն «գրպան» էին ասում, հանեց մանր երկաթագրով ընդօրինակված փոքր Ավետարանը`«ավետարանակը», որը հանգուցյալ իշխանուհին իրեն նվիրել էր սուրբ Ստեփանեի օրը, եւ ջերմեռանդորեն սեղմեց երկու ափերի մեջ:- Բացի այդ նրանց թիկնոցներն ու զրահներն ամենագեղեցիկն են»: «Աստված լուսավորի իշխանուհու հոգին, որը Քրիստոսի նվիրյալ աղախին եղավ իր ողջ կյանքում,- ասացի ես:- Բայց նա կաթոլիկ էր, իսկ դու պետք է մեր Սուրբ եկեղեցուց հրաժարվես, եթե դառնաս Տաճարական ուխտի անդամ»: «Իսկ ինչու՞ չեմ կարող մորս հավատն ընդունել՝ նա սերում էր ֆրանկների Կարլոս Մեծ կայսրից»: «Դու արդեն մկրտված ես՝ որպես հայ քրիստոնյա. երկրորդ մկրտությունը հակառակ է Ավետարանի պատգամներին: Իսկ ինչ վերաբերում է հայրական կողմից քո արյանը` նույնպես ամաչելու որեւէ բան չունես. որդին ես Լեւոնի, որ որդին է Կոստանդինի՝ Ռուբենի որդու, որն ազգակիցն ու զինվորն էր Անիի վերջին թագավորի`Գագիկ Բ Բագրատունու»: «Հայաստանը շատ հեռու է մեզանից եւ թուրքերի ձեռքին է, ես, նույնիսկ որպես ուխտավոր, հազիվ թե կարողանամ տեսնել Անին»: «Իսկ ինչու՞ չես կարող Ռուբինյանների հողերում կռվել անհավատների դեմ»: «Տեր Մատթեոս, Բեհեսնիում հայրս գահակից է Եդեսիայի կոմսին, իսկ իշխանաց իշխան Թորոսը հոռոմների կայսեր հպատակն է»: «Բայց բյուզանդական ոչ մի զինվոր վաղուց ոտք չի դրել նրա երկիրը»: «Դու ինքդ էիր ասում, որ կայսրը երկար չի հանդուրժի այդ վիճակը»: «Ուրեմն, պետք է Ռուբինյանների իշխանությունն ուժեղացնել, որ հոռոմներից ձեզ վտանգ չսպառնա»: «Ինձ հոռոմը մատնեց` պատրիկ Դամիանոսը, ես վրեժ կլուծեմ նրանից»: «Սուրբ գիրքն ասում է՝ ոչ մի ծածուկ բան չկա, որ հայտնի չդառնա. միեւնույն է, հայրդ կիմանար, որ դու էիր տապարը նետողը»: «Ես որ մեծանամ, սպանելու եմ վախկոտ հոռոմներին…»: Այստեղ իշխանիկը լռեց՝ աչքերը լցնելով: Միգուցե մտածեց՝ եթե մայրը կենդանի լիներ, կխրախուսեր սիրելի որդու քաջությունը, եւ նա սովորական կարգազանց զինվորի պես նստած չէր լինի պահնորդական կալանատանը: Իսկ միգուցե զգաց, որ հանցավոր է եւ իզուր է մեղքն ուրիշների վրա բարդում: Ես նրան զգուշացրի, որ Աստծո զայրույթը կշարժի իր դեմ, եթե սրտում ոխ պահի որեւէ մեկի, մանավանդ` հոր հանդեպ, որ պատիժ է սահմանել իր ինքնագլուխ արարքի համար: Պատվիրեցի ապաշխարել, որ նորից անդորրություն տիրի իր սրտում: Կալանատնից դուրս գալիս տեսա Բեատրիս Ռուբինյանին եւ Ամորի դը Լուսինյանին, որոնք մոտ-մոտ ձիավարելով ամրոցաբակից դուրս էին գալիս դարպասի միջանցք: Իշխանադուստրն աշխուժորեն ինչ-որ բան էր պատմում ասպետին, որ լուրջ լսում էր՝ թամբի վրա ուղիղ նստած: Ըստ երեւույթին, գնում էին շրջակայքում նետաձգությամբ պարապելու, քանի որ օրիորդը նետուաղեղով էր: 7. ինչ-որ տարօրինակ ուրախություն էի զգում Ինչ-որ տարօրինակ ուրախություն էի զգում, երբ խցումս փակվեցի նամակները գրելու: Միգուցե գալիք անխուսափելի փոփոխություններն էին ինձ ոգեւորում, որ կարող էին հոգուս իջած անտարբերությունն էլ փարատել: Բայց չէ որ ակնհայտ էր նաեւ, որ դրանց հետեւանքով արյուն էր թափվելու, եւ երկար ժամանակ մենք չէինք տնօրինելու մեր բախտը: Ես վեր կացա գրակալիս առջեւից, որի ոտքը գլխիվայր կանգնած ձկան տեսք ուներ, ու բացեցի «Ժամանակագրություն» մատյանս: Տիրոջ 1112 թվականն էի նկարագրում՝ տասնմեկ տարի դեռ կար, որ հասնեի մեր օրերին, բայց զուգահեռաբար թարմ իրադարձությունների մասին նշումներ էի անում առանձին թերթերի վրա: Գտա գրառումներս Ազազ քաղաքի մասին, որի անունը Բեհեսնիի առաջ գոռում էր թուրք ամիրայի զորապետը. «…Տիրոջ գալստյան 1118 թվականին ֆրանկների մեծ կոմս Ռոջերը՝ Անտիոք քաղաքի տերը, զորահավաք արեց եւ գնաց Հալեպ քաղաքի մոտ գտնվող տաճկաց Ազազ քաղաքի դեմ: Նրա մոտ եկավ հայոց իշխան Լեւոնը՝ Ռուբենի որդի Կոնստանդնի որդին… Ռոջերը Ազազի դեմ երեսուն օր մարտ մղեց, բայց չկարողանալով քաղաքի կայազորը հաղթահարել, պատերազմը շարունակելը թողեց հայոց զորքերին: Կամենալով նրանց փորձել՝ կանչեց Լեւոնին եւ ասաց. «Վաղն առավոտյան քո զորքով գնա պատերազմի»: Հայոց մեծ իշխանը կոչով դիմեց ճամբարում գտնվող բոլոր հայ զինվորներին, որոնք հավաքվեցին Քրիստոսի այդ քաջ զինվորի շուրջը: Նա սկսեց մեկ առ մեկ քաջալերել նրանց: Վաղ առավոտյան այլազգիների զորքը դուրս եկավ ֆրանկների դեմ: Հայոց իշխան Լեւոնը հայ զինվորներին մարտի էր նախապատրաստել ընդդեմ տաճկաց զինվորների: Զինվորները նրա կոչով հարձակվեցին այլազգիների զորքի ճակատամասի վրա: Լեւոնն առյուծի նման ուժգին գոչեց, իր զինվորներով բախվեց նրանց, փախուստի մատնեց, սրով հալածական արեց եւ մինչեւ քաղաքի դուռը ջարդ տվեց, մնացածներին քաղաքում փակեց. նրանք այլեւս պատերազմի դուրս չեկան: Այդ օրից Հայոց իշխան Լեւոնը քաջի համբավ վաստակեց, փառաբանվեց ֆրանկ զինվորներից: Այսպիսի կռիվներով, ահա, նա նեղ վիճակի մեջ գցեց Ազազ քաղաքը, համառ պատերազմով նրա հպատակություն հայտնել եւ խաղաղ ճանապարհով տիրեց քաղաքին»: Վերջում բաց էի թողել «ստիպեց» եւ «բնակիչներին» բառերը. այսինքն՝ նախադասությունը պետք է լիներ այսպես՝ «համառ պատերազմով ստիպեց նրա բնակիչներին հպատակություն հայտնել եւ խաղաղ ճանապարհով տիրեց քաղաքին»: Մոռացել էի գրել նաեւ, որ դեպքը տեղի ունեցավ Սուրբ ծննդյան օրը: Պետք էր անպայման հիշել, որ մատյանի մեջ անցկացնելիս ուղղեի, քանի որ արտագրություն չսիրելուս պատճառով միտքս հաճախ շեղվում էր, եւ սեւագրիս սխալները նույնությամբ փոխանցում էի մաքրագրին: Ազազը գրավելու դիմաց, որ ուղիղ հաղորդակցություն էր ապահովում Անտիոք ու Եդեսիա հզոր քաղաքներին, խաչակիրները Լեւոնին հրավիրեցին ցմահ տնօրինել Բեհեսնի սահմանամերձ գավառը: Այն մտնում էր Եդեսիայի կոմսության մեջ, բայց Լեւոնը, որպես Ռուբինյան մեծ իշխան, այստեղ համարվելու էր կոմս Ժոսլինին գահակից: Լեւոնը` վստահ իր զորական ուժին եւ իշխանաց իշխան Թորոսի հետ գժտված լինելու պատճառով, ընդունեց Բեհեսնիի կարգագիրը, թեեւ իր ազատներն զգուշացնում էին գավառի վրա թուրքերի հաճախակի հարձակումներից եւ համարում, որ ֆրանկների առաջարկի գլխավոր դրդապատճառն այն ավելի պաշտպանված դարձնելն էր եղել: Ես ինքս Ազազ էի եկել որպես Եդեսիայի հայոց գնդի քահանա, թեեւ, կարծում եմ, կոմս Ժոսլինը երեւի ցանկանում էր նաեւ ժամանակագրիս ականատես դարձնել իր սխրանքներին, որոնցով փառաբանվել էր շատ ճակատամարտերում: Բայց քանի որ պատերազմի ելքը Լեւոնը որոշեց, ես, լատինացի տարեգիր Ֆուշե դը Շարտրի նման, առիթ չունեցա խաչակիրների արիությունը պատկերելու: Մինչդեռ Տերը կամեցավ, որ քաղաքը գրավելուց հետո երկար զրույցներ ունենայինք Ռուբինյան իշխանի հետ երկրների ու ժողովուրդների պատմությունից, եւ նա մի օր առաջարկեր, որ իր հետ գայի Բեհեսնի՝ քահանայելու հայոց եկեղեցում եւ վարելու դիվանի գործերը: Նա խոստացավ ամենայն օժանդակություն, որպեսզի շարունակեի «Ժամանակագրությունս», եւ հայտնեց, որ իր հոգսն է իմ նշանակման մասին Գրիգորիս հայրապետին աղերսելը: Ինձ համար ծանր էր ծննդավայրս լքելու միտքը: «Փոքրիկ, գեղեցիկ քաղաքը», ինչպես որ մեր Աբգար թագավորն էր գրել Հիսուսին՝ աղաչելով գալ իրեն բորոտությունից բժշկել ու միասին իշխել չքնաղ Եդեսիային: Ինչքան էի պատկերացրել, որ նա ընդունում է այդ հրավերը, եւ ոչ թե ուղարկում իր աշակերտ Բարդուղեմիոսին: Այնուհետեւ իր վարդապետությունը Եդեսիայից կքարոզեր եւ կփառաբանվեր մեր հավատացյալ ժողովրդի կողմից: Բայց հիշեցի նաեւ, որ նույնքան անգամ էլ կասկածել էի, թե արդյո՞ք ազգերը կպաշտեին Հիսուսին, որպես իրենց Փրկչի, եթե անիծյալ Հուդան չմատներ, եւ նրան չխաչեին: Կընդունեի՞ն մարդիկ որեւէ մեկի դավանանքը, եթե նա հանուն դրա իրեն զոհած չլիներ: Կամ` զոհած չլիներ ուրիշներին: Կամ` զոհած չլիներ ե՛ւ իրեն, ե՛ւ ուրիշներին: Բայց ի՞նչ անհրաժեշտություն կար ենթադրություններ անել այդ առթիվ, երբ ինչ-որ եղել` եղել էր. Տերը մնացել էր Երուսաղեմում, որպեսզի խաչ բարձրանար, եւ կատարվեր այն, ինչ որ մարգարեների ձեռքով էր գրված: Ես սիրում էի Եդեսիան, որ Քրիստոսի գալստից տասնմեկ դար անց արդեն ոչ թե փոքր ու վայելուչ, այլ մարդաշատ, բազմազգ ու ամուր բերդաքաղաք էր: Տաճարները՝ փառավոր, դղյակները՝ բարձրահարկ, փողոցները՝ սալարկված, շուկաները՝ առատ: Նրա երեք հարյուր եկեղեցիները Տիրոջ փառքն էին գովերգում, դպրանոցներում ուսուցում էին նշանավոր վարդապետներ, իջեւանատներում՝ հանգրվանում հեռավոր երկրների քարավաններ: Բայց քանի որ քաղաքը կոմսերի աթոռանիստն էր, մատյանիս յուրաքանչյուր նոր էջն ինձ համար դառնում էր նոր փորձություն: Հայ մատնիչների միջոցով նրանք հետամուտ էին լինում գրածս ամեն բառին, եւ որքան էլ իրենց հորջորջեի` «Աստծո քաջ զինվոր», «Քրիստոսի հաղթող զինվոր», արգելում էին նկարագրել անվերջանալի պատերազմների պատճառած չարիքները, հազվադեպ հաղթանակներին հաջորդող հաճախակի պարտությունները, ասպետների դավերն ու նենգությունները իրար եւ քաղաքացիների հանդեպ: Ահա թե ինչու ես համաձայնեցի Լեւոն Ռուբինյանի առաջարկին, եւ նա մարդիկ դրեց ինձ հետ, որ ընտանիքս ապահով տեղափոխեի Բեհեսնի: Թեեւ իրիցկինը տրտնջաց, թե` Բեհեսնին անշուք մի ավան է լինելու Եդեսիայի համեմատ, եւ նրա բերդապարիսպներն էլ սովորական պատեր` Եդեսիայի եռաշար պարիսպների հանդեպ, ես գերադասեցի մատյանս ճշմարտորեն գրելու ազատությունը: Նշում անելով նոր էջի վրա, որպեսզի հետագայում լինելիքին տեղ մնա, գրեցի. «1123 թվականի Սուրբ Զատիկից հինգ օր անց Բալակ ամիրան դարանակալելով ջարդեց Երուսաղեմի թագավորի զորքը»: Հետո ավելացրի` «Դա պատահեց Մատթեոս քահանա Ուռհայեցուս քառասուն տարեկանի ժամանակ՝ մի քիչ ավելի, մի քիչ պակաս», բայց հետո նորից ջնջեցի, որ իմ անձին կարեւորություն չտամ: Ուռհա հին անունով հայերս կոչում էինք Եդեսիա: 8. տանս դուռը կիսաբաց էր, չնայած ուշ գիշեր էր Տանս դուռը կիսաբաց էր, չնայած ուշ գիշեր էր: Եկեղեցու իմ խցից քարե ցածր ցանկապատի ու մի քանի պտղատու ծառերի ետեւում մեկ էլ մի պատուհան էր երեւում, որի փակոցափեղկերը փակ էին: Անհանգստացա: Հայտնի բան էր` հենց այն պահին, երբ մարդը չի գնահատում իր ունեցածը, այնպիսի փորձանքի է հանդիպում, որ հասկանում է, թե ինչ բախտավոր է եղել մինչ այդ: Ի՞նչ կարող էր պատահած լինել: Միայն թե՝ ո՛չ կողոպուտ կամ առեւանգում: Դուրս եկա եկեղեցուց՝ շտապելուց առանց պետքական որեւէ բան հետս վերցնելու գող-ավազակների դեմ: Տան մոտ հասնելով՝ ուշադրություն դարձրի, որ դռան գավթի աստիճանների տակ գտնվող մառանի մուտքից լույս էր թափանցում: Մոտենալով` նաեւ թխկթխկոց լսեցի այնտեղից: Աստիճաններով իջա, լայն, բայց ցածր դռնակից ներս մտա` կռանալով: Օճորքի մեջտեղի գերանի կեռիկից կախված էր վառ ճրագը: Նրա տակ, հողե տոփանած հատակին տարածվում էր արդար յուղի մի կիսահալ լճակ, որը դեռ հանդարտ ծավալվում էր դեղին բլրակների հաշվին, որոնք դիզված էին ջարդված սափորի կտորների վրա: Նրանց կողքին ցցված էր քարե միայնակ խութը, որը մառանը սարքող գործավորներն ժամանակին հարկ չէին համարել տեղահանել: Լճակի հակառակ ափին մի տակ գիշերանոցով չոքել էր իրիցկինը եւ փորձում էր առանց գետնին կռճել փայտե տափակ գդալով կպչելու յուղը: Հետո գդալը խփում էր երկկանթ կավե կճուճի լայն բերանին, որպեսզի պարունակությունը լրիվ դատարկվի ամանի մեջ: – Ի՞նչ է պատահել, իրիցկի՛ն,- հարցրի ես: – Մկան կռթկռթոց լսեցի մառանից, իջա՝ տեսնեմ. հո մեր ուտելիքները չեն կրծում-ապականում: Բայց պարզվեց՝ ձայները հատակի գերանների միջից էի առել: Ականջս դրանց թփթփոցին քայլում էի մառանում, երբ շրջեցի յուղի սափորը, որը գետնից ցցված քարին կպավ ու կոտրվեց: Սատանայի բան էր, էլի: – Միշտ էլ ոտքերիդ տակ չես նայում քայլելուց,- ասացի ես: – Փոխանակ գործավորներ կանչես, որ մառանի քարաժայռը տաշեն, որը տեր Մատթեոսի համար նրանք անվարձ էլ կանեն, ինձ ես մեղադրում, թե ոտքիս տակ չեմ նայում: – Լավ, նայում ես ոտքերիդ տակ, նայում ես: Բայց ինչու՞ չէր կարելի մինչեւ առավոտ սպասել. հազար ավազակ կարող է դրսում լինել գիշերվա ուշ ժամին: – Քաղաքի հրապարակը մի քանի քայլ է հեռու եկեղեցուց: Այս երկու օրն էլ ճրագները ցերեկվա պես լույս են անում՝ ամբողջ ժողովուրդը գիշերն անքուն է. ի՞նչ ավազակներից պետք է վախենայի: – Ամբողջ ժողովուրդը գալիս է, բայց դու եւ երեխաները չկայիք գերիների փրկության համար տրվող պատարագներին: – Որ իմանայի մեր գալով գերիները կփրկվեին, կգայինք: Բայց վրա-գլուխներն էի մաքրում, իրենք էլ քնաթաթախ էին, թե չէ` շատ էին ուզում տեսնել նոր եկած ֆրանկներին: Նա մի քիչ էլ ետ գնաց ծնկաչոք, քանի որ յուղը գալիս էր դեպի իրեն, եւ գիշերանոցը վեր քաշեց մինչեւ ազդրերի կեսը: – Բավական է՝ ինչքան հավաքել ես, սրանից ավելին չես կարող՝ գնանք-քնենք: – Ամբողջ յուղը գետնին է՝ ու՞ր թողնեմ-գամ: Ես տեսա, որ աչքերս չեմ կարողանում կտրել նրա ոտքերի սպիտակությունից ու գիշերանոցի բացվածքից, երբ կռանում էր գդալով յուղը հատակից քաշելու: Ոսկեգույն լճակը շրջանցելով, մոտեցա ու թեւերից բռնելով բարձրացրի: Նա, չհասկանալով՝ ինչու եմ իրեն կտրում գործից, դիմադրում էր, բայց հետո գլխի ընկավ, թե մտքինս ինչ է, ու բողոքելով, թե ողջ բարիքը կորչում է, նոր հավաքած յուղի կճուճը դրեց թարեքին ու եկավ ինձ հետ: Հեղինակը շարունակում է գրել վեպը. ձեր տպավորությունները եւ ցանկությունները կարող են ազդել գործողությունների հետագա ընթացքի վրա, եթե դրանք էլեկտրոնային փոստով կամ նամակով ուղարկեք խմբագրություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել