Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդենիսյան խնդիրներ

Սեպտեմբեր 21,2001 00:00

Վարդենիսյան խնդիրներ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքը մեծ շրջան է, ունի 36 գյուղ եւ ժամանակին բավականին հարմար տեղ էր բնակություն հաստատելու համար։ ԽՍՀՄ տարիներին քաղաքում կային բազմաթիվ գործարաններ, ձեռնարկություններ, որոնցից այսօր ոչ մեկը չի գործում, բացառությամբ «Քարհանք»-ի, որի արտադրանքն էլ չի իրացվում, քանի որ այսօր գյուղացին հանապազօրյա հացի գումար հազիվ է վաստակում, էլ ի՞նչ խոսք կարող է լինել շինարարության մասին։ Անավարտ են մնացել բազմաթիվ կիսակառույց շենքեր, բնակարաններ։ Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի ներկայացմամբ. «Լինելով սահմանամերձ գոտի՝ չունենք աջակցություն նոր աշխատատեղերի ստեղծման համար։ Վարդենիսցին այսօր լրիվ մոռացության է մատնված։ Ժողովրդից շատերը մահանում են՝ կարոտ բժշկի մի խելացի խորհրդի… Ծննդաբերության համար չկան ժամանակակից սարքավորումներ, որպեսզի հնարավոր բարդությունների դեպքում կանխվի վտանգը։ Գտնում եմ, որ մեր հիվանդանոցը պետք է գործի պետպատվերով։ Սակայն ի՞նչ խոսք կարող է լինել պետպատվերի մասին, եթե բժիշկները շուրջ 16 ամիս աշխատավարձ չեն ստացել»։ Վարդենիս քաղաքն ավելի շատ ջուր ունի, քան որեւէ այլ տարածք, բայց այսօր Վարդենիսում խմելու ջուր չկա։ Ինչո՞ւ։ Քաղաքապետի պարզաբանմամբ, «Ակունքի ջրամբարը վերակառուցման կարիք ունի, խողովակաշարերը կոռոզիայի են ենթարկված, կոյուղին չի համապատասխանում իր կտրվածքին, միացման խողովակաշարերը ճիշտ չեն կարգավորված, ջուրը ճիշտ չի բաշխված ըստ ռելիեֆի, այն բաց թողնելուն պես չի գնում տարբեր ուղղություններով, որոնք անհրաժեշտ են, այլ գնում է միայն ցածրադիր ուղղությամբ եւ վերին մասի բնակիչները մնում են առանց ջրի։ Իսկ ինչ մնում է ոռոգման համակարգին, այդ մասին ընդհանրապես չեմ կարող խոսել։ Եթե նախկինում գրեթե բոլոր դաշտավայրերը ոռոգելի էին, ապա այսօր անհրաժեշտություն կա ոռոգման ցանցն ամբողջովին վերանորոգել, քանի որ դաշտավայրերի խողովակաշարերը քանդված ու թալանված են, որոնց դառը ճակատագրին են արժանացել նաեւ մի շարք հիմնարկ-ձեռնարկություններ. նորակառույց առեւտրի կենտրոնը, մթերման կայանը եւ այլն…»։ Ըստ քաղաքապետի, վարդենիսցուն բնորոշ չէր արտագաղթը։ Նրանք միշտ մեծ սիրով ու գոհունակությամբ են խոսել իրենց բնակավայրի մասին, բայց այսօր ամբողջովին հուսահատ են, քանզի ոչ ոքից ոչ մի ակնկալիք չունեն, «անգամ սեփական, գյուղացուն այդքան ծանոթ հողը իրենից երես է թեքել. երաշտին երաշտն է փոխարինում։ Գյուղացին ճարահատյալ քանդում եւ վաճառում է իր քրտինքով կառուցած տունը, որ հոգա գոնե ճանապարհածախսը»։ «Քաղաքապետը, չունենալով իրավասություն, միայն ականատես է լինում, թե ինչպես են ամբողջ տարածաշրջանի գյուղերը քանդվում, թալանվում։ Չգիտես ինչու, Վարդենիսի գյուղերը քանդում, տանում Քելբաջար են կառուցում»,- ասաց պրն Խլոյանը։ ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել