Լրահոս
Օրվա լրահոսը

Նացիստական ռեժիմի օրոք հարկադիր աշխատանքի դատապարտված անձինք, համաձայն հարկադիր աշխատանքի փոխհատուցմ

Սեպտեմբեր 21,2001 00:00

Ամեն մեկը՝ իր թվերով Նացիստական ռեժիմի օրոք հարկադիր աշխատանքի դատապարտված անձինք, համաձայն հարկադիր աշխատանքի փոխհատուցման մասին Գերմանիայի օրենքի, իրավասու են ֆինանսական փոխհատուցման հայցապահանջ ներկայացնել։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության կողմից Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) նշանակվել է այդ հայցերով զբաղվող համագործակից կազմակերպություն եւ նացիստական ռեժիմի պատճառով տուժած քաղաքացիներին ինֆորմացիա է տրամադրում համագործակից բոլոր կազմակերպությունների մասին, որոնք գտնվում են Ուկրաինայում, Բելառուսում եւ Ռուսաստանում։ Միգրացիայի միջազգային կազմակերպությանը դիմելու համար համապատասխան պահանջները բավարարող հայցապահանջատերերի դիմումների ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչեւ 2001 թվականի դեկտեմբերի 31-ը։ Վերջերս մամուլում հրապարակվել էր ՄՄԿ-ի տրամադրած ինֆորմացիան, համաձայն որի, այդ կազմակերպությանը Հայաստանից դիմել է 200 մարդ, որոնց 90%-ը չի կարող հավակնել պահանջատեր լինելու իրավունքին։ Սակայն բեռլինաբնակ փաստաբան Ստեփան Թաշչյանը, որը զբաղվում է հայ նախկին ռազմագերիների եւ հարկադիր աշխատանքի դատապարտվածների խնդիրներով, մամուլում հանդես եկավ հերքումով, որտեղ մասնավորապես նշում էր, որ մեր հայրենակիցներից ոչ թե 200 հայցադիմում է ներկայացվել, այլ 1500 (այս թիվը նա ներկայացնում է իր գրասենյակի դիմումների վրա հիմնվելով)։ Փորձեցինք ստեղծված խառնաշփոթը պարզել Ստ. Թաշչյանի երեւանյան գրասենյակում։ Ստացվում է այնպես, որ այս՝ բավականին լուրջ խնդրով մեկը մյուսից անկախ ու բոլորովին անտեղյակ զբաղվում են Միգրացիայի միջազգային կազմակերպությունը եւ իրավաբան Ստեփան Թաշչյանի գրասենյակը։ Սակայն պրն Թաշչյանի երեւանյան գրասենյակում համառորեն չկամեցան որեւէ հարցի շուրջ զրուցել, պատճառաբանելով, թե «բոլոր հարցերը շեֆի հետ պարզաբանեք»։ Այստեղ կարողացանք միայն պարզել, որ յուրաքանչյուր շահած գործի շահույթի 10 տոկոսը մնում է Ստ. Թաշչյանի գրասենյակին։ Դժվար է ասել, թե հանրապետության հեռավոր շրջանների բնակիչները ֆաքսի կամ ինտերնետ կապի բացակայության պայմաններում ինչպես պիտի «հարցերը շեֆի հետ պարզեն»։ Այդուհանդերձ, թեեւ «շեֆի» հաղորդագրության համաձայն հայցադիմում ներկայացրած ռազմագերիների թիվը 1500-ից ավելի է, ամեն դեպքում այդ թիվն էլ չի կարող վերջնական ու ճշգրիտ լինել, քանի որ հայցապահանջատերերի մասին ամբողջական ինֆորմացիան հավաքվում է գործընկեր կազմակերպություններում՝ Ուկրաինայում, Բելառուսում եւ Ռուսաստանում։ Եվ հենց այդ կազմակերպություններում է միայն հնարավոր ճշգրտված ինֆորմացիա ձեռք բերել։ Այս դեպքում էլ կրկին մեր իրականությունում հաճախ հանդիպող երեւույթն է, երբ աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում եւ յուրաքանչյուրն իրեն «գլուխ» է կարծում։ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել