Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր այսօրվա ղեկավարների կողմից ստեղծվում են նոր արգելքներ Որոտան գետի վրա կառուցվող հիդրոտեխնիկական

Սեպտեմբեր 21,2001 00:00

ՏԵՐԵՐԸ ՓՈԽՎՈՒՄ ԵՆ՝ ԳՈՐԾԸ ՄՆՈՒՄ Է ԿԱՆԳՆԱԾ Մեր այսօրվա ղեկավարների կողմից ստեղծվում են նոր արգելքներ Որոտան գետի վրա կառուցվող հիդրոտեխնիկական կառույցի չկայացման համար։ Դեռեւս 1978թ. մեր ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող որոշում կայացվեց՝ Որոտան գետի վերին հոսանքի «Սպանդարյան» կոչվող ջրամբարի ջրերից 165 մլն խորանարդ մետր թունելի ու բաց ջրանցքի միջոցով ջուրը տեղափոխել Սեւանա լիճ։ Այդ որոշման համաձայն, հիդրոտեխնիկական կառույցը պետք է հանձնվեր շահագործման 1982թ.։ Քանի որ որոշման ընդունման ժամանակ արդեն իսկ բավական շինարարական աշխատանքներ էին կատարված։ Հիդրոտեխնիկական կառույցի, որի 21,5 կմ երկարությամբ թունելի 20 կմ-ն կառուցվեց մինչեւ 1994թ., շինարարությունը դադարեցվեց նույն տարում՝ ֆինանսավորումը չապահովելու պատճառով։ 1998-ին ֆինանսավորումը նորից սկսվեց եւ 2001-ի հունվարի 1-ի դրությամբ մնացել էր կատարել լեռնանցման աշխատանքներ 500 գծամետրում։ Եվ հանկարծ, ՀՀ կառավարության 2001թ. փետրվարի 9-ի որոշմամբ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Շինարարության պատվիրատու» ՊՓԲԸ-ից «Որոտան-Արփա» եւ «Արթիկի ջրամբարի» հիդրոտեխնիկական կառույցների պատվիրատուի իրավասությունները փոխանցվեցին ՀՀ քաղաքաշինության նախարարության նոր՝ «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ» պետական հիմնարկին։ Ի զարմանս մեզ, այդ նոր կազմակերպված հիմնարկի տնօրեն նշանակվեց ՀՀ գյուղնախարարության արդեն լուծարված «Շինարարության պատվիրատու» ՊՓԲԸ-ի տնօրենը եւ թվով 7 հոգի՝ գլխավոր ճարտարագետի հետ միասին, 2001թ. ապրիլի 1-ից տեղափոխվեցին քաղաքաշինության նախարարության նորաստեղծ հիմնարկ՝ նույն պաշտոններով։ Կառավարության 2001թ. մարտի 22-ի թիվ 233 որոշմամբ, ՀՀ գյուղնախարարության «Շինարարության պատվիրատու» ՊՓԲԸ-ն հանձնվեց նորաստեղծ՝ ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին։ Այստեղ խորհելու տեղիք է տալիս այն, թե ինչ հիմնավոր պատճառներ են գտել այդ որոշումն ընդունողները, որ չփոխեցին պատվիրատուի ամբողջ կազմը ու հատկապես շինարարություն կատարող կազմակերպությանը եւ դրանով քաշքշուկ ստեղծեցին։ Իսկ այդ քաշքշուկից օգտվեցին ՀՀ քաղաքաշինության նախարարության նորաստեղծ հիմնարկի աշխատողները, որոնց աշխատավարձն ավելացավ մինչեւ 7 անգամ։ Մեր տեղեկություններով, եւ նախկինում, եւ հիմա պատվիրատու հիմնարկում չկա թունելի շինարարության տեխնիկական հսկիչ մասնագիտություն ունեցող անձնավորություն։ Այստեղ նորից գործեց բարեկամների ու ծանոթների ընդունման հզոր մեքենան, իսկ ՀՀ գյուղնախարարության «Շինարարության պատվիրատու» ՊՓԲԸ-ի թվով 22 աշխատող մնաց առանց աշխատանքի եւ սկսած 2001թ. մարտի 1-ից մինչ օրս չի կարող ստանալ 2001թ. առաջին եռամսյակի իր հասանելիք աշխատավարձը։ Աշխատավարձը ստանալու համար դիմել ենք ՀՀ նախագահին ու վարչապետին։ 2001թ. մայիսի 31-ին ու օգոստոսին գյուղատնտեսության եւ քաղաքաշինության նախարարներին հանձնարարվել է վճարել աշխատավարձը, բայց քաղաքաշինության նախարարությունը պատասխանում է, թե ՀՀ ֆինանսների նախարարությունը ֆինանսներ չի տրամադրել 2001թ. առաջին եռամսյակի կատարած աշխատանքների համար։ Հետո պարզվեց, որ քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ» հիմնարկը ֆինանսավորվել է 2-րդ եռամսյակի կատարած աշխատանքների 50%-ով։ Այսքանը՝ քաշքշուկների մասին։ Ոչինչ չի փոխվել թունելի շինարարության որակի ու քանակի բարձրացման համար, բայց քանի որ ՀՀ ջրպետկոմիտեի 2001թ. մայիսի 17-ի թիվ 27 հրամանով ՀՀ գյուղնախարարության «Շինարարության պատվիրատու» ՊՓԲԸ-ն լուծարվեց, լուծարման հետեւանքով առանց գյուղնախարարության ՇՊՊՓԲԸ-ի անդամների ցանկությունը հարցնելու, նշված ընկերության 7,5 մլն դրամ արժողությամբ գույքն անհատույց տեղափոխվել է քաղաքաշինության նախարարության հաշվեկշիռ, իսկ լուծարված ընկերության աշխատողները վեց ամիս է՝ զրկված են հանապազօրյա հաց գնելու հնարավորությունից։ Շինարարությունը հատկապես 2000թ. եւ 2001թ. շատ դանդաղ է ընթանում, իսկ Որոտան գետի ջրերը հոսում են դեպի Ադրբեջան, իջնում է Սեւանի ջրի մակարդակը։ Կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, բայց չկա սուբյեկտիվ պատճառները վերացնող սրտացավ մոտեցում։ Պատահական չէ, որ ամեն տարի Արփա-Սեւան թունելախորշում լինում են բազմաթիվ վթարներ՝ թունելախորշի առանձին հատվածներում կատարված անորակ շինարարության պատճառով։ Շատ հարցեր կան, որ հուզում են Որոտան-Արփա շինարարներին, բայց քանի որ շատ բարձրացրած հարցեր չեն արժանանում համապատասխան ուշադրության, գրել այդ բոլորի մասին՝ կլինի անօգուտ ու անհետեւանք, ինչի պատճառով էլ մենք ապրում ենք նման ծանր ու անտանելի պայմաններում։ Անձամբ ես աշխատում էի նշված շինարարությունում որպես տեխնիկական հսկիչ, իսկ հիմա անգործ եմ։ ԿԱՐԱՊԵՏ ԴԱՎԹՅԱՆ Լուծարված «Շինարարության պատվիրատու» ՊՓԲԸ-ի աշխատակից Պատրաստ ենք տպագրել նաեւ հակառակ կողմի պարզաբանումները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել