Լրահոս
Օրվա լրահոսը

Նիժնի

Սեպտեմբեր 21,2001 00:00

Ծափ կտանք, միջոցներ՝ ոչ Նիժնի Նովգորոդի ամենամյա ցուցահանդես-տոնավաճառում այս տարի ցուցադրվեցին միայն հայկական «Գրեյթ Վելի» ֆիրմայի կոնյակները, «Հայկ եւ Անդրանիկ» ՍՊԸ-ի լիկյորները։ Այն հայ գործարարների համար ոչնչով չնշանավորվեց։ Պատճառը շատ պարզ է. գործարարները չեղյալ հայտարարելով նախնական, թեկուզեւ բանավոր, պայմանավորվածությունը, ուղղակի վերցրին ու որոշեցին չմասնակցել այդ միջոցառմանը։ Թերեւս կհետաքրքրի, թե ինչու։ Պարզապես նոյեմբեր ամսին Մոսկվայում տեղի է ունենալու ԱՊՀ կազմավորմանը նվիրված նմանատիպ մի միջոցառում եւս։ Հավանաբար, Մոսկվայի մայրաքաղաք լինելու փաստից ոգեւորված, մեր միջին եւ մանր բիզնեսի ներկայացուցիչները (կոնկրետ դեպքում հանրապետության պահածոների գործարանների տնօրենները, որոնք չցանկացան ներկայանալ) իրենց համար որոշել են, որ «մոսկովյան տոնավաճառին մասնակցությունն ավելի արդյունավետ կլինի»։ Ինչ ասես, ազատ շուկայական հարաբերություններ են, մարդիկ էլ ընտրության հնարավորություն ունեն, ուրեմն՝ որտեղ ուզեն, այնտեղ էլ կցուցադրվեն։ Մինչդեռ Նիժնի Նովգորոդի տոնավաճառը հավակնում էր առավել արդյունավետ լինել։ Գոյության մի քանի տարիների ընթացքում, այս տարի առաջին անգամ, հայկական ցուցադրանքի տաղավարին կից, Հայաստանը ապրանք արտադրողների միության (որի նախաձեռնությամբ է մեր երկիրը մասնակցում այդ տոնավաճառին) նախնական պայմանավորվածության համաձայն՝ պետք է բացվեր նաեւ վաճառքի սրահ։ Այսինքն, ավանդական ցուցադրումից զատ, նաեւ սեփական արտադրանքը սպառելու հնարավորություն էր ընձեռվում։ Ի դեպ, 4 տարի առաջ, հենց նույն տոնավաճառի մասնակցության շնորհիվ, «Գրանդ Տոբակո» ձեռնարկությունը Նիժնի Նովգորոդի ծխախոտի գործարանի հետ կնքած պայմանագրի արդյունքում՝ ծխախոտի համատեղ արտադրություն հիմնեց այդ քաղաքում։ Հասարակական հատվածի աշխուժությունն ընդհանրապես, իսկ գործնական քայլերն առավելապես՝ գովելի են։ Մինչդեռ պետական աջակցությունն, իհարկե, ցանկալի է։ Տվյալ դեպքում, եթե, իհարկե, ցուցահանդեսի մասնակցությանը նաեւ պետական աջակցություն ցուցաբերվեր, գուցեթե վստահությունն ավելի մեծ լիներ եւ այսօր արդեն խոսեինք կոնկրետ արդյունքներից։ Բայց ՀՀ առեւտրի եւ արդյունաբերության նախարարության Արտահանման վարչության պետ Դավիթ Գեւորգյանը պարզաբանեց, որ պետբյուջեի գումարների սղության պատճառով նախարարությունը տարեկան ընդամենը 1-2 նմանատիպ ակցիաների է աջակցում, այն էլ, բնականաբար, խոշորագույններին։ Մնացած պարագաներում «ծափ տվողի» դերում են, այսինքն՝ ողջունում են հասարակական հատվածի ինքնահաստատման փորձերը, լավագույն դեպքում կարող են ինֆորմացիոն աջակցություն առաջարկել, երբեմն՝ նույնիսկ էժան տրանսպորտային ծառայություններ։ Իսկ քանի որ ՀԱԱՄ-ը աջակցության խնդրանքով չէր դիմել նախարարություն, բնականաբար, չէր կարող այն ստանալ։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել