Լրահոս
Օրվա լրահոսը

Ես կարծում էի, թե «Նաիրիտ» փակել-բացելու խաղերն ավարտվել են, մնացել է սեփականաշնորհելու տարբերակը։ Բ

Սեպտեմբեր 21,2001 00:00

ՆՈՐԻ՞Ց ՀԱՍԱՆՔ «ՆԱԻՐԻՏԻՆ» Ես կարծում էի, թե «Նաիրիտ» փակել-բացելու խաղերն ավարտվել են, մնացել է սեփականաշնորհելու տարբերակը։ Բայց, ինչպես միշտ, իմ մտքի թռիչքը զիջեց, այս անգամ՝ ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության հնարամտությանը։ Նրանք որոշել են «Նաիրիտը» տեղափոխել Չինաստան։ Ինչ խոսք, «Նաիրիտին» էլ արտագաղթի ստիպելը արդեն շատ լուրջ մտքամակարդակ է։ 1988-90 թվականներին «Նաիրիտը» որպես լոմ (այստեղ տեղին է հենց «լոմը», այլ ոչ թե անորոշ «լծակ» բառը) օգտագործվեց ԽՍՀՄ-ը «ապամոնտաժելու» համար։ Հետո Հայաստանի նախորդ իշխանությունների ձեռքում այն դարձավ լծակ՝ շրջափակման հետեւանքները ուռճացնելու համար։ Հիմա էլ նոր փուլ է սկսվել նաիրիտյան խաղերում. մաս-մաս ցրելու փուլը, որի հետեւանքների մասին այդ գործի հեղինակները պատկերացում էլ չունեն։ Սիրելի ղեկավարներ, առանց կարգին մտածելու շատ մուխաննաթ գործ եք բռնել։ Չեզնից գոնե մեկը, մինչեւ «Նաիրիտ» ծախելը, վաճառական եղե՞լ է։ Սովետի օրոք գոնե մի հատ մեխակ ծախած կա՞ք։ Ախր դուք էդ նաիրիտ կոչված ապրանքից բան չեք հասկանում, գոնե գինը պարզեք, հետո նոր ձեռքներդ քշտեք։ Ձեր մեջ քիմիա, տնտեսագիտություն, մարքեթինգ, տրամաբանություն կամ քաղաքականության տարրեր կոչված դիսցիպլիններից գոնե գավառական մակարդակով գիտելիք ունեցող կա՞։ Չկա։ Դուք կարծում եք «Նաիրիտի» ինքնարժեքը 500 միլիոն դոլար է եղել ու կա՞։ Հարցը գինն էլ չի, նույնիսկ 500 միլիոնով էլ այն չի կարելի քանդել, դուրս հանել։ Այն պետք է տեղում աշխատեցնել։ Լենինը տեսավ սխալ է արել՝ ՆԵՊ սկսեց։ Ստալինը տնտեսությունը ոտքի կանգնեցրեց, հետո նոր սկսեց իր հակառակորդների հետ հաշիվ մաքրել։ 13-14 տարի է առանց արտադրելու ապրում եք, ինչ է, Հայաստանը պերպետում մոբի՞լ է։ Արդեն ամեն ինչ ճխանահան է եղել։ «Նաիրիտի» արտագաղթից սպասվող 8 միլիոնը ձեր մի 2 օրվա ուտելիքն է, դրանից հետո ի՞նչ եք անելու։ «Նաիրիտը» ոչ միայն քլորոպրենային կաուչուկի, այլ ձեզ անհայտ մի քանի այլ սկզբունքային նյութերի արտադրության մոնոպոլ գործիք է։ Օզոնի շերտի պաշտպանության հետ կապված համաձայնագրերով «Նաիրիտը»՝ որպես արդեն գործող արտադրություն, ունի միջազգայնորեն ամրագրված փաստորեն մոնոպոլ դիրքեր իր աշխատանքը շարունակելու համար։ Չինացիք մեզանից գնելով հին տեխնոլոգիան, մեր ձեռքից վերցնելու են հենց այդ մոնոպոլ քվոտան։ Կիմանաք, որ այդ տեխնոլոգիայով կաուչուկի արտադրության ժամանակ զուգահեռաբար ստացվող կաուստիկ սոդան մտնում է զարգացած երկրների ստրատեգիական հումքերի ցուցակի մեջ եւ առավել կարեւոր է, քան կաուչուկը։ Կիմանաք, որ այդ տեխնոլոգիայով սպառվում է նաեւ մեր աղի հանքի աղը, որը «Նաիրիտ» հասցնելու համար հայերի նախորդ սերունդը տասնյակ կիլոմետրանոց խողովակաշար էր կառուցել։ Կիմանաք, որ «Նաիրիտը» սնում է իր շրջապատի բազմաթիվ գործարաններին եւ «Նաիրիտի» վերացումով դրանք էլ են վերանալու։ Հայաստանը, որպես երկիր, ոտքի կանգնեցնելու համար հենց «Նաիրիտն» են հիմնադրել։ Այն կառուցել են 2 կարեւորագույն պահանջից ելնելով. 1. մարդկանց տեղում պետք էր աշխատանքով ապահովել եւ, հետեւաբար, մեծաքանակ աշխատատեղերով տնտեսական համալիր էր պետք ունենալ, 2. արտադրության համար կար տեղական հումք։ Ժամանակին կաուչուկ կոչվածով էր Հայաստանը Հայաստան։ «Նաիրիտն» էր, որ իր կողքին աճեցրեց Հայաստանի տասնյակ գործարանները, «Նաիրիտին» եւ «Կանազին» էլեկտրաէներգիայով ապահովելու համար էր, որ ստեղծվեց Սեւան-Հրազդան հիդրոկայանների կասկադը։ Հիմա էդ ո՞նց եղավ, որ արբանյակ արձակող, ամբողջ աշխարհը իր ապրանքներով ողողած, արդեն Յոթնյակի հետ մրցող Չինաստանը համաձայն է քանդել-տանելու մեր հին գործարանը, իսկ անգործ Հայաստանը համաձայն չի իր կանգուն գործարանն աշխատեցնելու։ Այս հարցի պատասխանը դուք չունեք։ Հայաստանի հետ, որպես պետության, որ դեռ հաշվի են նստում՝ ատոմակայան, «Նաիրիտ» եւ Երեւան քաղաք ունենալու պատճառով է։ Գոյության ուրիշ լուրջ փաստարկ Հայաստանն էլ չունի։ Ատոմակայանը կորցնելու մոտ եք, «Նաիրիտ» ծախելով էլ Երեւանի գոյությունն եք հարցականի տակ դնում։ Էնպես որ, նորից եմ կրկնում. սխալ գործ եք ձեռնարկել։ ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել