Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անցած շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած պաշտոնական

Սեպտեմբեր 21,2001 00:00

Ախր Ձեզ ով էր խնդրում նախագահ դառնալ Անցած շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքները հայաստանյան քաղաքական շրջանակները միանշանակ չեն գնահատում: Բայց այն, որ Պուտինի՝ Հայաստան կա տարած այցելությունը Քոչարյանի ռեժիմի, այդ թվում նրա վարած արտաքին՝ «կոմպլեմենտար», քաղաքականության պարտությունն է եւ հաղթանակի դափնին՝ միայն Պուտինինը, միանգամայն փաստարկելի է այն համաձայնագրերով, որոնք կողմերը պատրաստվում են կնքել մոտ ապագայում: Դիտարկենք ձեռք բերված միայն երեք պայմանավորվածություններ՝ տնտեսական ու մասնավորապես էներգետիկայի ոլորտում, ռազմական համագործակցության եւ Կովկասի անվտանգության համակարգ ձեւավորելու մասին: Այս երեքն էլ առանձին- առանձին դեռ ապագայում մեծ հակազդեցություն են գտնելու Արեւմուտքի կողմից: Նախագահ Քոչարյանն անցած երեք տարիների ընթացքում չի յուրացրել մի պարզ ճշմարտություն՝ անհնար է միանգամից երկու աթոռի նստել: ՌԴ փոխվարչապետը հայտարարեց, թե ԲԷՑ-երի վաճառքի մրցույթին անպայման կմասնակցեն ռուսական միանգամից 3 ընկերություններ՝ «ՌԱՈ-ԵԷՍ»-ը, «Գազպրոմն» ու «ԻՏԵՌԱ»-ն: Հիշեցնենք, որ վերջինս արդեն ներկայացվել էր վաճառքի վաղուց տեղի ունեցած մրցույթին եւ կոպտորեն դուրս էր մղվել հատկապես Արեւմուտքի «հորդորով»: Դրանով էր վերջինս պայմանավորել Հայաստանի պետբյուջեի դեֆիցիտին ուղղված ֆինանսավորման հերթական չափաբաժնի տրամադրումը: Այսօր Ռուսաստանն ավելին է պահանջում՝ Հայաստանի պետական պարտքը հատուցել մասնավորապես նաեւ էներգետիկ համակարգի ոլորտում, մեզ համար լավագույն դեպքում, համատեղ ձեռնարկություններ ստեղծելով: Հիշեցնենք, որ Ռուսաստանն այդ հարցը բարձրացրել էր դեռ այս տարեսկզբին, երբ հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հանդիպել էր իր նախկին գործընկերոջ՝ Ադամովի հետ: Հայաստանը հայտնվել էր ծանրագույն վիճակում՝ կամ վճարել պետական պարտքերը, որը չէր կարող, կամ զիջել էներգետիկ համակարգը՝ մասնակիորեն կամ ամբողջությամբ: Այսօր Հայաստանն արդեն ստիպված էր համաձայնել այդ տարբերակին, միայն հայտնի չէ, թե ինչ պատասխան է տալու Արեւմուտքին, եւ արդյոք այդ դեպքում Հայաստանը կարո՞ղ է ակնկալել, որ Արեւմուտքը կշարունակի ֆինանսական ներարկումները: Չենք կարծում, թե Արեւմուտքի համար նաեւ հասկանալի կլինի Քոչարյանի կոմպլեմենտարիզմը, որի արդյունքում, կարծես, ի հեճուկս Արեւմուտքի, Հայաստանը ոչ միայն չի պատրաստվում իր տարածքից դուրս բերել ռուսական զորքերը, այլեւ ռուսական 102-րդ բազային նոր հողատարածքներ է հատկացնում: Հիշեցնենք, որ Արեւմուտքի վերաբերմունքն այդ հարցում հստակ բացասական է: Վերջինս վստահ է, որ Հարավային Կովկասում այլ երկրի, տվյալ դեպքում ռուսական, ռազմաբազաների գոյությունը տարածաշրջանում լրացուցիչ լարվածության աղբյուր կարող է լինել: Մյուս կողմից հանուն արդարության պետք է շեշտել, որ ռազմական համագործակցության ոլորտում Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ կնքված համաձայնագիրը սկսել էր նախապատրաստվել դեռ 1997 թվականին: Այդ գործընթացը, ինչպես քաջատեղյակ աղբյուրներն են վկայում, բավական աշխատատար է եղել՝ կապված հատկացվելիք հողատարածքների չափագրման, գույքագրման եւ այլնի հետ: 97-ին հետեւեց 98-ի իշխանափոխությունը, որից հետո Քոչարյանի արտաքին քաղաքականությունը հստակ ուղղություն վերցրեց դեպի Արեւմուտք: Հասկանալի է, որ այդ պարագայում նպատակահարմար չէր կարող լինել խոսել Հայաստանում ռուսական զորամասին նոր տարածքներ հանձնելու մասին: Այդպես էր մինչեւ 2001-ի սեպտեմբերը՝ մինչեւ Ռուսաստանի նախագահը ոտք դրեց Հայաստան: Քոչարյան-Պուտին հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը կարեւորել էր Կովկասում անվտանգության համակարգի ձեւավորումը քառյակի՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան ֆորմատով, ինչին հավանություն է տվել նախագահ Քոչարյանը: Փաստորեն, Հայաստանը, մեղմ ասած, ամենեւին էլ դեմ չէ տարածաշրջանից Արեւմուտքի դուրս մղման ռուսական ծրագրերին: Սա այն դեպքում, երբ մինչ այդ Քոչարյանը ժամանակին ինքն էր առաջարկել ստեղծել Կովկասի անվտանգության համակարգ, միանգամայն այլ՝ 3+3+2 / Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Իրան, Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Եվրամիություն/ ֆորմատով: Ընդ որում, այդ առաջարկն իր հերթին հավանության էր արժանացել Արեւմուտքի կողմից: Հետաքրքիր է, թե Քոչարյանը հիմա ինչպե՞ս է մեկնաբանելու իր դիրքորոշման վայրիվերումները բոլոր երեք հարցերում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել