Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախությունը

Սեպտեմբեր 21,2001 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՀՀՇ-Ն ՆՎԱՃԵՑ ՀԱՄԱՌ ՊԱՅՔԱՐՈՒՄ Անկախությունը յուրաքանչյուր ազգ միավորի բնական պահանջն է: Անկախությունը յուրաքանչյուր ազգի գոյատեւման երաշխիքն է: Անկախությունը նաեւ ազատության նախապայմանն է: Հայտնի է, թե հայ իրականության մեջ ով է առաջինը հղացել անկախության գաղափարը: Դա եղել է Հայկ նահապետը: Նրանից էլ սկսվել է մեր պատմությունը: Ամեն մի ազգի իրական պատմություն էլ սկսվում է այն պահից, երբ նա անկախ ապրելու պահանջ է զգում եւ ձեռնամուխ է լինում այդ պահանջի բավարարմանն ու շարունակվում այնքան, որքան կարողանում է պահպանել այն: Անկախությունից զուրկ ժողովրդի պատմությունը հեռու է լիարժեք լինելուց, եթե ընդհանրապես կարող է պատմություն համարվել: Անկախությունը նվիրելու առասպելը, անկախության հեղինակային իրավունքը Անկախության գաղափարի համար հեղինակային իրավունքի հարցն առնվազն ծիծաղելի է, այն Հայկ նահապետինն է: Հեղինակային իրավունքի հարց կարող է դրվել՝ գաղափարը քաղաքական օրակարգի հարց դարձնելու, անհրաժեշտ իրավիճակը հասունացնելու, ճիշտ պահը ընտրելու, դրված խնդիրը հաջողությամբ լուծելու եւ պետությունը կայացնելու համար: Այս առումով տասնամյա մեր անկախության պատմության սկիզբը, սկզբնավորողն ու արարողը «Ղարաբաղ» կոմիտեն է եւ Հայոց Համազգային Շարժումը: Ճիշտ այնպես, ինչպես իրենց ժամանակ՝ Հայկ նահապետը, Երվանդունիները, Արտաշիսյանները, Արշակունիները, Բագրատունիները, Ռուբինյանները: Անկախությունը չի կարող նվիրվել եւ չի կարող հանկարծակի վերեւից ընկնել: Նրա համար կարելի է լինել չնախապատրաստված, կարելի է չնկատել եւ չհասկանալ իրադարձությունների զարգացումը, հանկարծակիի գալ հասունացած պահի եւ կատարված փաստի առաջ, լիարժեք չօգտագործել դա եւ չօգտվել դրանից ու դա համարել անակնկալ: Դրանով ազգը, հանձինս իր քաղաքական մտքի կրողների ու պատասխանատուների, ընդամենը մատնում է իր տգիտությունը, անկարությունը, սնանկությունը: Չի կարելի չափազանցնել կամ նսեմացնել ժողովրդի դերը: Ժողովուրդը կարող է գնալ կամ չգնալ իրեն մատուցված քաղաքական ծրագրի ետեւից, եւ, սովորաբար, բնազդով ճիշտ է կողմնորոշվում: Նա նույնքան եւ նույնպիսի դեր է խաղացել բոլոր անկախությունների ձեռքբերման եւ կայացման գործում: Չի կարելի չափազանցնել կամ նսեմացնել նաեւ ժողովրդին անկախության առաջնորդող քաղաքական ուժի դերը. նրա գնահատման միակ ելակետը պետք է լինի արդյունքը՝ դրված խնդրի լուծման փաստը: Չափազանցման կամ նսեմացման երկու դեպքում էլ կեղծվում է իրականությունը, կեղծվում է պատմությունը: Երբ հարեւանդ է կեղծում քո պատմությունը՝ դու հակադրվում ես, եւ, ինչ-որ տեղ, դա նույնիսկ մեծացնում է քո կենսունակությունը: Երբ ինքդ ես կեղծում սեփական պատմությունդ՝ դա հարյուրապատիկ վտանգավոր է, մահացու ու կործանարար: Անկախության գաղափարը քաղաքական օրակարգի հարցի վերածվեց 1989թ. նոյեմբերի 7-ին՝ ՀՀՇ առաջին համագումարում՝ արձանագրվելով նրա ծրագրի մեջ: Այն դրվեց որպես թիվ մեկ խնդիր, որի իրականացման հիմքին խարսխված, որից լծորդված, որով պայմանավորված միայն կարող էին լավագույնս լուծվել ժողովրդին հուզող բոլոր մեծ ու փոքր՝ առարկայականից մինչեւ երազային, բարոյականից մինչեւ բնապահպանական, լեզվականից մինչեւ տնտեսական, հումանիտարից մինչեւ «ազգային» բոլոր խնդիրները: Սա աշխարհում ոչ միայն նորություն չէր, այլ՝ տվյալ բնագավառում յուրատեսակ աքսիոմա էր: Եթե այստեղ նորություն կար, ապա դա այն էր, որ շատ երկար ընդմիջումից հետո հայ իրականության մեջ խնդիրը դրվում էր ոչ թե որպես կարգախոս՝ տարփողելու, այլ իրականացնելու համար, ոչ թե մարդկանց փոքր մի խմբի, այլ մի կազմակերպության կողմից, որի ետեւից ինքնակամ եւ պատրաստակամ հսկայական զանգվածներ էին գնում, այնքան, որքան երբեւէ չէին հետեւել որեւէ անհատի կամ կազմակերպության: Այսինքն՝ մեծ էր պատասխանատվությունը. խնդիրն անժամանակ դնելը, դրա իրականացմանն ուղղված քայլերում շտապելը նույնքան վտանգավոր էր, որքան ուշանալը, քայլերում դանդաղելը, երկուսն էլ՝ հղի կորուստների վտանգով: Խնդիրը դրվեց, երբ իրավիճակը հասունացած էր, իսկ հասարակությունը պատրաստ էր դրան: Քաղաքական ճակատամարտերը մղվում են անարյուն, քաղաքական ճակատամարտերը մղվում են, որպեսզի արյուն չթափվի: Քաղաքական ճակատում պատերազմը հաղթանակով ավարտելը այնպիսի տպավորություն է ստեղծում, թե անկախությունը նվիրվեց: Նրանք, ովքեր ձեռք բերված անկախությունը համարում են նվիրված, նենգափոխում են իրականությունը եւ կեղծում պատմությունը: Իսկ իրականում ակամա խոստովանում են, որ ՀՀՇ-ի քաղաքական օրակարգի հարց դառնալուց հետո անկախության խնդիրը լուծվեց նվազագույն կորուստներով՝ ճիշտ ժամանակին եւ ճշգրիտ արված քաղաքական հաշվարկների ու քայլերի, իմաստուն ղեկավարման շնորհիվ: Անկախության դեմ գաղափարական պայքարի 2 հիմնական ելակետերը Անկախության դեմ քարոզչական պայքարի ելակետերը երկու գաղափարախոսություններ էին: Առաջին ելակետը կոմունիստականն էր. ըստ այդմ՝ Հայաստանի տնտեսությունը հարյուրավոր եւ հազարավոր թելերով կապված է Խորհրդային Միության տարբեր տարածաշրջանների հետ: Անկախացումը կնշանակի այդ կապերի խզում, ինչը տնտեսական աղետի կհասցնի երկիրը: Հայաստանը գտնվում է վատ աշխարհագրական պայմաններում, շրջապատված է թշնամիներով եւ, որպես փոքր երկիր, անկախ չի կարող գոյատեւել, նրա անվտանգ գոյության միակ պայմանը հզոր Միության կազմի մեջ լինելն է: Պայքարի երկրորդ ելակետը Հայ Դատի գաղափարախոսության վրա էր հենվում: Ըստ այդմ՝ բացարձակ արժեք է ոչ թե անկախությունը, այլ Հայ Դատը: Անկախությունը միայն Հայ Դատի՝ որպես համազգային թիվ մեկ խնդրի բաղկացուցիչներից, փուլերից մեկն է: Մինչեւ անկախության հարց դնելը նախ պետք է մնալ հզոր մի երկրի (բնականաբար՝ Ռուսաստանի) կազմում, նրա օգնությամբ լուծել Ցեղասպանության ճանաչման, պատմական հայկական հողերը վերադարձնելու հարցերը, այդ հողերի վրա հավաքել աշխարհի հայությանը, ապա, «հողահավաքը» եւ «ազգահավաքը» ավարտելուց հետո, նույն այդ բարերարին «մնաս բարով» ասել եւ անկախություն հռչակել: Հայաստանյան հասարակության մեջ՝ որպես դրա կրող եւ ջերմեռանդ ջատագով, ավելի շատ հայտնի էր ՀՅԴ-ն: Իրականում նույն կողմնորոշման էին հետեւում սփյուռքահայ մյուս կուսակցությունները՝ ռամկավարները եւ հնչակները, որոնք, սակայն, այստեղ որեւէ ազդեցություն չունեին: ՀՀՇ-ի քաղաքական ծրագիրը բխում էր այլ փիլիսոփայությունից, հենվում արժեքային այլ համակարգի վրա: Այստեղ բարձրագույն տեղում ժողովրդի անկախ պետականությունն էր: Անկախության կարելի է հասնել ոչ թե առճակատման, այլ՝ սահմանադրական եւ օրինական ճանապարհով: Անկախությունն անպայման չի ենթադրում տնտեսական եւ արտադրական ամեն տեսակի կապերի խզում ԽՍՀՄ-ի եւ նրա հանրապետությունների հետ. բազմաթիվ անկախ երկրներ միմյանց հետ տնտեսական սերտ համագործակցության մեջ են: Պարզապես այդ կապերը կփոխեն իրենց բնույթը՝ կդառնան փոխադարձ շահավետ եւ իրավազոր-գործընկերային: Անկախ Հայաստանը պետք է նորմալ միջպետական հարաբերություններ հաստատի բոլոր հարեւանների, այդ թվում նաեւ՝ Թուրքիայի հետ: Նրանց հետ առկա եւ պատմությանն առնչվող բոլոր հարցերը, այդ թվում նաեւ՝ Ցեղասպանության ճանաչման հարցը, պետք է քննարկվեն երկու երկրների միջպետական հարաբերությունների շրջանակներում, եւ դրանց համար գտնվեն խաղաղ քաղաքական լուծումներ: Դժվար չէ նկատել, որ այսպիսի մի ծրագրի իրականացումը հավասարապես կործանարար էր ինչպես կոմունիստական, այնպես էլ՝ հայդատական գաղափարախոսությունների համար: Այնպես որ, ամենեւին տարօրինակ չէր կարող լինել «ընդհանուր թշնամու» դեմ նրանց դաշինքը, նրանց կողմից միմյանց քարոզչական փաստարկների, միմյանց լրատվամիջոցների ազատ օգտագործումը, վերջին հաշվով՝ միասնական ճակատի ստեղծումը անկախության գաղափարի եւ դրա գործադրման քայլերի դեմ: Այսօրվա սերունդը դեռ հիշում է, որ անկախության հանրաքվեին նախորդած երկու տարիները ո՛չ շքերթ էին, ո՛չ շքահանդես: Այսօրվա սերունդը սակայն շատ բան արդեն մոռացել է, իսկ շատ բան՝ ժամանակին էլ չի իմացել: Ի՞նչ ուժեր եւ ինչպե՞ս էին քարոզչական ու գործնական պայքար մղում ե՛ւ անկախության գաղափարի, ե՛ւ անկախության տանող քայլերի դեմ: Անկախության համար պայքարն ընթանում էր մի քանի ճակատներով եւ այն սկսվել էր արդեն 1989-ի ամռանից: ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել