Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բայց

Սեպտեմբեր 21,2001 00:00

ԱՄՓՈՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ Բայց արժե մտածել՝ ի՞նչն է հաջողվել եւ ի՞նչը չի հաջողվել այս 10 տարվա ընթացքում Եթե 90 թվականին իշխանության մնային կոմունիստները, ի՞նչ է՝ 91-ին Հայաստանը անկախ երկիր չէ՞ր հռչակվի, չէ՞ր ունենա իր զինանշանը, օրհներգը, Հայաստանի դրոշը չէ՞ր ծածանվի ՄԱԿ-ի շենքի մոտ: If pigs had wings, they would fly /եթե խոզերը թեւեր ունենային՝ կթռչեին/, կասեին անգլիացիները՝ նկատի ունենալով, որ պատմության մեջ անիմաստ է օգտագործել պայմանական եղանակը: Այնուամենայնիվ, պատասխանենք՝ այո, այդ ամենը ի վերջո կլիներ, ինչպես դա տեղի ունեցավ միջինասիական երկրներում: Բայց Հայաստանի դեպքում էական է, թե արժեքային ո՞ր համակարգի վրա էր հիմնված անկախության հռչակումը: Այդ սկզբունքները հայտնի են. բարիդրացիական հարաբերություններ բոլոր հարեւանների հետ, հույսը դնել միայն սեփական ուժերի վրա /չշփոթել «կոմպլեմենտարիզմի» հետ, որը հույս է դնում միաժամանակ բոլորի վրա/, ազատականություն, շուկայական հարաբերություններ, քաղաքացիական հասարակություն, ժողովրդավարություն: Պարզ է, որ 10 տարում անհնարին է այդ բոլոր սկզբունքները կյանքի կոչել, բայց առաջին քայլերը անելով այդ ուղղությամբ, իրականացավլ այն, ինչ դարեր շարունակ հայերի մոտ չէր ստացվում՝ ազատագրել մեր պատմական տարածքներից մեկը: Ցավոք, այսօր մենք շեղվում ենք 1991-ի սեպտեմբերի 21-ին հռչակած արժեքներից, բայց դրա մասին՝ քիչ հետո: Ամենակարեւորը, որը այս 10 տարում հաջողվել է մեր ժողովրդին եւ պետությանը` Ղարաբաղի ազատագրումն է: Եվ այստեղ արժանին մատուցենք թե՛ մեր պետության հիմնադիրներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին իր թիմով եւ թե՛ Ղարաբաղի այն ժամանակվա ղեկավարներին /որոնք մինչեւ 97 թվականը այդ նույն թիմում էին/` Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Սամվել Բաբայանին: Ամենակարեւոր բանը, որը չի հաջողվել անել վերջին ավելի քան յոթ տարվա ընթացքում /94-ի մայիսին զինադադար կնքելուց հետո/՝ ղարաբաղյան հարցի կարգավորումն է: Մնացած խնդիրները ածանցյալ են` ճանապարհների ապաշրջափակումը, տնտեսական զարգացումը, քաղաքացիների մեծ մասի ծանր սոցիալական վիճակը, ներդրումները, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ այլն: Մինչեւ վերջակետ չդրվի պատերազմին, հաշտության պայմանագիր չկնքվի Ադրբեջանի հետ, մինչեւ նորմալ, առաջին հերթին` տնտեսական հարաբերություններ չհաստատվեն մեր բոլոր հարեւանների հետ /այդ թվում՝ Թուրքիայի/, վերը նշված քաղաքակրթական բարիքների մասին կարելի է խոսել միայն մեծ վերապահումներով: Ղարաբաղյան հարցի չլուծման համար նույնպես իրենց պատասխանատվության բաժինն ունեն թե՛ «նախկինները», թե՛ «ներկաները»: Այն տարբերությամբ, որ առաջինները փորձում էին խնդիրը լուծել, երկրորդները դրան խանգարեցին, իսկ հիմա լուծելու ուղղությամբ որեւէ քայլ չեն անում: Պետք չէ, իհարկե, ամեն ինչ պրիմիտիվացնել եւ վերագրել ղեկավարների չար կամքին: Նրանք, ովքեր 98-ին իրականացրին իշխանափոխությունը, անկեղծորեն կարծում էին, որ Սփյուռքը այսուհետ Հայաստանին տալու է տարեկան 300 միլիոն դոլար, որ արտասահմանյան ուղղակի ներդրումները կազմելու են տարեկան 1 միլիարդ դոլար: Ճիշտ այդպես նրանց թվում էր, որ հնարավոր է իրականացնել ղարաբաղյան կարգավորման «հաղթողական», մաքսիմալիստական տարբերակը, որով ԼՂՀ-ին տրվում է անկախ պետության կարգավիճակ: Այո, այսօր Քոչարյանը քաղաքական կամք եւ արիություն չունի ասելու, որ դա անհնարին է, եւ նրա միակ ճանապարհը հարցը ձգձգելն է: Բայց 98-ին նա պարզապես գերագնահատեց իր ուժերը, չզգաց, որ նման բարդագույն խնդրի լուծումը իր խելքի բանը չէ: Դա չհասկանալու հետեւանքով, կատարվել են կոպիտ դիվանագիտական սխալներ, որոնց արդյունքում այսօր Լեռնային Ղարաբաղը համաշխարհային հանրության կողմից դիտվում է որպես Հայաստանի կողմից օկուպացված տարածք: Նման անբարենպաստ վիճակում ի՞նչ է մնում Քոչարյանին, բացի «տնտեսական առաջընթացի» մասին վիճելի փաստեր ներկայացնելուց: Բնականաբար, բոլոր մեղքերը իր նախորդների վրա բարդելը: Ընդ որում, մեղադրանքների մի մասը ճիշտ է: Այլանդակություններ՝ ուժայինների ներթափանցում տնտեսության մեջ, կլանային համակարգի ստեղծում, ընտրությունների կեղծում 91-98 թվականներին եղել են՝ ինչքան ուզես: Բայց երկրորդ նախագահը, 3,5 տարի շարունակ այդ այլանդակությունների մասին իր քարոզչամիջոցներով եւ գրպանային գործիչների շուրթերով աղաղակելով, մատը մատին չխփեց՝ դրանք վերացնելու համար: Հակառակը` դրանք տասնապատիկ մեծացրեց, կատարելագործեց, հղկեց եւ կիրառեց իր եւ իր շրջապատի համար մեծագույն օգուտով: «Նախկինների» թալանի, մազութի, էներգատեռորի, հաստոցները ջարդոնի գնով վաճառելու եւ մնացած բոլոր հարցերը լուծվում են շատ հեշտ: Դրա մասին է խոսում իշխանությունը, հետեւաբար, նա լծակներ ունի թե դատախազությունում, թե դատարաններում՝ այդ հարցերը քննելու եւ մեղավորներին ամենայն խստությամբ պատժելու: Քանի որ 3,5 տարի իշխանությունը դա չի անում, ուրեմն կամ իշխանությունը ստում է, կամ մասնակցել է այդ բոլոր հանցագործություններին: Սակայն կոռեկտ չի լինի բացատրել ամեն ինչ միայն քարոզչությամբ: 90172ականների սկզբին հայաստանցիների կյանքը վատթարացել է տասնապատիկ։ Ուստի ժողովրդական բանահյուսության մեջ ամրագրվել են որոշ կաղապարներ, որոնք դրդում են շարքային մարդկանց խոսել մոտավորապես հետեւյալ կերպ. «Այո, անկախությունը լավ բան է, բայց… գյոզալական երկիրը՝ Սովետը քանդեցին, գործարանները փակեցին, ժողովրդին թալանեցին, սովի, ցրտի եւ մթի մատնեցին, հիմա առոք-փառոք ապրում են: Բա մեզ պե՞տք ա էդպիսի անկախությունը»: Այդ միջին թվաբանական քաղաքացու ցասումից ամենաշատը բաժին է հասնում Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հավանաբար, պետք չէ շտապել որեւէ մեկին վերջնական պատմական գնահատական տալ: Դեռ շատ շուտ է այս կամ այն գործչին արդարացնել կամ սեւացնել՝ 10 տարին չափից դուրս կարճ ժամանակ է: Առավել եւս, անհնարին է փորձել տարհամոզել մեծ տառապանքներ կրած մեր համաքաղաքացիներին: Պարզապես պատմության համար կարելի է մի քանի բան ֆիքսել, որպեսզի 50 կամ 70 տարի հետո պատմիչներին մնան ոչ միայն առասպելաբանությունն ու բանահյուսությունը, այլեւ որոշ փաստեր: Տվյալ դեպքում այս փաստերը վերաբերում են հենց առաջին նախագահին: Վստահաբար կարելի է ասել, որ Տեր-Պետրոսյանը ասել եւ արել է բազմաթիվ սխալ բաներ: Բայց այստեղ անդրադառնանք այն արտահայտություններին, որոնք նա չի արել, բայց որոնք համառորեն վերագրվում են իրեն: Այսպես, Տեր-Պետրոսյանը չի ասել՝ «մեր ուժը մեր թուլության մեջ է՝ մեզ բանակ պետք չէ»: Կատարյալ անհեթեթություն է պնդել, որ բանակը ստեղծվել, կայացել է եւ հաղթանակներ է տարել ի հեճուկս զինված ուժերի գլխավոր հրամանատարի: Տեր-Պետրոսյանը երբեք չի ասել՝ «իրարից պարտք արեք»: Այս հարցին նա մանրամասնորեն պատասխանել է 1997 թվականի սեպտեմբերի 26-ի հայտնի ասուլիսում: Վերջապես, Հայաստանի առաջին նախագահը երբեւէ չի ասել՝ «մեր ազգային արժեքները կեղծ են»: Մեր բազմադարյա պատմությունն ու գրականությունը փայլուն իմացող գիտնականը այդպիսի ապուշություն չէր կարող արտասանել: Խոսքը նրա մասին էր, որ «ազգային գաղափարախոսությունը քաղաքական կեղծ կատեգորիա է»: Դա կարելի է հասկանալ հետեւյալ կերպ. ժողովրդավարական հասարակությունում պետք է լինի գաղափարների, գաղափարախոսությունների մրցակցություն: Եթե դրանք չեն հակասում Սահմանադրությանն ու օրենքներին /օրինակ, պատերազմի կամ ազգային խտրականության քարոզ չեն/, ապա կարող են ազատ ու անարգել տարածվել, քարոզվել բոլոր օրինական միջոցներով: Ցանկացած քաղաքացի պետք է հնարավորություն ունենա ընտրելու այն գաղափարախոսությունը, որն իրեն է սրտամոտ եւ իր գաղափարական նախասիրություններն արտահայտել ընտրությունների միջոցով: Քաղաքական կյանքում չպիտի հայտարարվի մեկ, «ազգային» կոչվող գաղափարախոսություն, որն այդ դեպքում կհավակնի ամենաճիշտը, բացառիկը լինելու դափնիներին: Այստեղ մենք հասանք մի արմատական խնդրի, որը, հավանաբար, ավելի կարեւոր է մեր անցած 10 տարվա ճանապարհը իմաստավորելու համար, քան անընդհատ փոփոխվող քաղաքական կոնյունկտուրան, ստեղծվող եւ քանդվող դաշինքներն ու պալատական խարդավանքները կամ նույնիսկ նախագահների եւ ուժային օլիգարխների անձերը: Օրինակ, երբ պետական որոշ դպրոցներում այսօր դասավանդվում է Հայ դատը, այսինքն՝ կուսակցություններից մեկի գաղափարախոսությունը, դա խոսում է Երրորդ հանրապետության հռչակած սկզբունքներից որոշակի նահանջի մասին: Ճիշտ է, կարելի է հռչակել այլ սկզբունքներ՝ հայտարարելով նախորդները սխալ եւ ապազգային: Բայց այդ դեպքում պետք չէ խոսել Եվրոպայի խորհրդի, քաղաքակիրթ աշխարհին մաս կազմելու եւ այլնի մասին: Կան երկրներ, որտեղ պետությունը հիմնված է հենց հիշյալ «ազգային» գաղափարների վրա` արյան վրեժի, պահանջատիրության, հավերժ կռվի, «նվիրյալների» ինքնազոհ տեռորի: Գուցե դրա՞նք են մեզ ավելի մոտ: Արժի՞ ասել, որ հենց այդ՝ «սեպտեմբերի 21-ի» ոգուն հակառակ արժեքներն են ծնել նաիրի հունանյաններին: Քանի՞ անգամ 99-ի հոկտեմբերի 27-ից առաջ Նաիրիի նախկին կուսակիցներն ու համախոհները խոսում էին «գյուլլելու» եւ «կախելու» մասին: Այսինքն՝ նրանք չէին բացառում, որ միակ ճիշտ եւ անհերքելի գաղափարախոսության գերակայությունը կարելի է ապացուցել «Կալաշնիկովի» միջոցով՝ դրանով իսկ ազգը փրկելով եւ «արդարության» մասին իրենց պատկերացումը հաստատելով: Ի դեպ, այդ ոճրագործությանը ոչ մեղսակից մարդը, իմ կարծիքով, կդատեր հետեւյալ ձեւով. «Սպանվել է իմ եղբայրը, իմ խրամատի ընկերը, ես ոչինչ չեմ արել՝ այդ սպանությունը կանխելու համար: Ոճրագործությունը տեղի ունեցավ իմ ապաշնորհության եւ անգործության, «գյուլլելու» մթնոլորտը խրախուսելու պատճառով: Ես այլեւս բարոյական իրավունք չունեմ երկիր ղեկավարելու: Ավելի լավ է՝ արժանապատիվ հրաժարական տամ»: Ինչպես գիտեք, հակառակն եղավ. իշխող տանդեմը արագորեն իրենով արեց արյամբ բացված տեղերն ու տնտեսական լծակները, իսկ Քոչարյանը հայտարարեց, որ ուզում է թագավորել եւս 5 տարի: Աստված նրա հետ՝ թող թագավորի, եթե թագավորելու բան մնա: Խնդիրն այն է, որ 19-րդ դարի գաղափարներով առաջնորդվելու, խենթ, անհաշվենկատ, ազգային էմոցիաներով ու տեսլականներով թելադրված քայլեր անելու դեպքում, մենք կարող ենք հարցականի տակ դնել պետության գոյությունը: Դա է վկայում Առաջին անկախ հանրապետության փորձը: Դրա մասին են խոսում մեր հետ կապված եւ կապ չունեցող միջազգային վերջին զարգացումները: Մենք Իրաք կամ Աֆղանստան չենք, որ նրանց կարգավիճակում դիմանանք: Այս 10 տարում չի հաջողվել մի կարեւոր բան եւս: Մենք ունենք պետություն, բայց չունենք քաղաքացիների վճռորոշ զանգված, որը մտածում է ժամանակակից, քաղաքակիրթ, եվրոպական պետության կատեգորիաներով ու արժեքներով: Դրանց մեջ ամենակարեւորն է օրինապաշտությունը՝ աշխարհի եւ քո երկրի «խաղի կանոններին» ենթարկվելու կուլտուրան: …Տաքսու վարորդի մենախոսությունից. «Այ ախպեր, էս երկրում օրենք չկա: Առաջ, կոմունիստների ժամանակ, ո՞վ կհամարձակվեր գործարանից մի չոփ գողանար: Տուտ ժե կգյուլլեին: Կարգ կար, կանոն կար: Թե չէ սրանք եկան, ամեն ինչ քանդեցին, մեր ազիզ ժողովրդին էլ դարձրին չարչի ու գաղթական: Կարդացել ե՞ս, Լեւոնի հաշվին շվեցարական բանկում մի միլիարդ դոլար կա: Էն օրը թերթո՛ւմ էր գրած: Բա մեր վերջը ի՞նչ ա լինելու»: Կարմիր լույսի տակ անցնելուց հետո. «Էս գաիշնիկներն էլ ի՞նչ են ուզում էս խեղճ ժողովրդից: Թող փորձեն մի հատ «Ջիպ» կանգնացնեն: Ըհը, լարվեց հետեւիցս: Ապեր ջան, դու ստե իջի, ես պոռթեմ»: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել