Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Պուտինի այցի կապակցությամբ Հայաստանում սկսվեց նախագահական

Սեպտեմբեր 21,2001 00:00

Նախագահի եւս մեկ թեկնածու Վլադիմիր Պուտինի այցի կապակցությամբ Հայաստանում սկսվեց նախագահական հերթական ու (Աստված գիտի, մեկ էլ ստացվեց) արտահերթ ընտրությունների համար թեկնածուների առաջադրումը: Շատ ժամանակ չի անցել, սակայն մասնավոր զրույցներում ու հանրային ելույթներում արդեն արվել են ամենաառասպելական առաջարկները՝ սկսած Սիլվա Կապուտիկյան-Զորի Բալայանից մինչեւ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան: Քոչարյանը սանձազերծեց իր խոստացած թեժ աշունը, հընթացս միավորներ հավաքելով Պուտինի եւ այլ միջազգային հանրության առաջ: Արդեն իսկ դրված է իշխանության ժառանգականության հարցը, եւ Քոչարյանը՝ որպես ծայրահեղ քայլ չբացառելով իր կողմից երկրորդ նախագահական ժամկետը, միաժամանակ հող է նախապատրաստում իրեն ձեռնտու եւ իր կողմից առաջադրվող պայմաններով առանց ցնցումների իշխանափոխության համար: Նախագահական այս ընտրարշավին բավական սահուն միացավ մինչեւ սեպտեմբերի 11-ը աշխարհի թիվ 1 տեռորիստը համարվող Նաիրի Հունանյանը: Իր հավանական հակառակորդներին ֆիզիկապես ոչնչացնելուց, բազում ամիսների ընթացքում իր քաղաքական պլատֆորմը հանրությանը մանրամասն եւ լրատվամիջոցների առավելագույն ընդգրկմամբ ներկայացնելուց հետո, Հունանյանը սեպտեմբերի 17-ին արեց ընտրարշավի առաջին գործնական քայլը՝ Դաշնակցությունից պահանջեց իրեն վերականգնել շարքերում, որպեսզի առաջադրող կուսակցություն ունենա: Պետական մարմինների ամենալուրջ խնամքի տակ գտնվող տեռորիստն այսօր նախագահ դառնալու էական շանսեր ունի, իսկ դրան խանգարող փոքր հանգամանքն այն է, որ նա հիմա դատվում է ու դեռ ազատության մեջ չէ: Եթե մտածենք 2008 թ. ընտրությունների մասին, ապա տեռորիստների նկատմամբ հոգատար մեր իշխանությունների պայմաններում սա ընդհանրապես խոչընդոտ չէ. հիշենք թեկուզ ազատության մեջ գտնվող ու բարձրագույն պետական պաշտոններ զբաղեցնող տեռորիստ դաշնակներին կամ հենց օրերս ազատված հայտնի տեռորիստ Վահան Հարությունյանին: Սրա դեպքում ժամանակին Պարույր Հայրիկյանը կտա անհրաժեշտ հիմնավորումներ՝ ելնելով մարդու իրավունքներից, ու Հունանյանը բնորոշ ցինիզմով սկսած գործը կհասցնի մինչեւ վերջ: Իսկ 2003 թ. կամ վաղաժամկետի համար կան ամենատարբեր մեթոդներ, նշենք թեկուզ ամենապարզը՝ Հունանյանը կարող է պահանջել իր ներկայությամբ տեղազննում կամ քննչական փորձարարություն, ինչը, համաձայն մեր օրենսգրքերի, անհնար կլինի մերժել: Այնուհետեւ նա զուգարանից վերցված զենքերով կվերացնի դեռեւս մնացած պատգամավորներին, որից հետո Ռոբերտ Քոչարյանը երկու պայման կդնի՝ հանդիպում Հունանյանի հետ եւ Ազգային հեռուստատեսությամբ ուղիղ եթեր: Երես առ երես հանդիպման ժամանակ Քոչարյանը կպահանջի անձնական անվտանգության երաշխիքներ, Հունանյանը փոխադարձաբար դրանք կտա, հետո հեռուստաեթերով Քոչարյանը ելցինաբար կհայտարարի իր հրաժարականի ու Հունանյանին նախագահական փոխանորդ նշանակելու մասին, իսկ վերջինս կանցնի մայթը ու երկար գործազրկությունից հետո վերջապես կանցնի աշխատանքի: Այստեղ կարող են փոքր պրոբլեմներ մնալ՝ կապված լեգիտիմության ու ժողովրդի հետ։ Լեգիտիմության հարցերը կարելի է լուծել համապատասխան թղթեր բերելով կամ համապատասխան ընտրություններով, մանավանդ որ, այս դեպքում քաղաքացիության հետ կապված պրոբլեմներ չկան, իսկ ժողովրդի հարցը կլուծվի փուլային-փաթեթայինի ու 40000 աշխատատեղերի մասին խոսելով: ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել