Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բոլոր առասպելներն ի վերջո խորտակվում են՝ ծնելու նոր առասպել, որը եւս խորտակվելու է։ Մարդկությունը մի

Սեպտեմբեր 21,2001 00:00

ԻՐԱՐ ԲԱԽՎՈՂ ԱՌԱՍՊԵԼՆ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Բոլոր առասպելներն ի վերջո խորտակվում են՝ ծնելու նոր առասպել, որը եւս խորտակվելու է։ Մարդկությունը միշտ էլ հնարել է կուռքեր ու առասպելներ՝ իմաստավորված ու գեղեցիկ դարձնելու իր գոյությունը։ Եվ եթե կուռքերը գերազանցապես անհատների համար են, առասպելները պատկանում են հասարակությանն ամբողջապես։ Մենք ընդհանրապես սիրում ենք պաշտպանել անհատի ազատությունն ու իրավունքը եւ «մոռանում» ենք հասարակության մասին։ Թիկնապահների ինստիտուտը գուցե ապահովում է 50 տոկոս հուսալիություն որոշակի անձանց համար, բայց ոչ մի երկրում շարքային քաղաքացիները թիկնապահներով ապահովված չեն։ Նրանց պաշտպանում են բանակն ու ոստիկանությունը, նրանց համար են օրենքները։ Բայց եւ օրենքները գործում են հարաբերականորեն։ Բոլոր մեծ ու փոքր իրադարձությունները նախ ձեւավորվում են իբրեւ գաղափար, եւ հետո միայն իրականանում են՝ գտնելով հասարակական պահանջարկ կամ պատվեր։ Իսկ գաղափարները կարող են լինել թե հրաշալի, թե հրեշավոր։ Այս պարագայում գործում է չափանիշների ինքնատիպ համակարգ, որը առանցքում ունի լուծելիք խնդիրը։ 1915թ. Օսմանյան կայսրությունը պատերազմում հաղթելուց զատ, խնդիր ուներ վերացնել ազատ շնչառությունը խանգարող կոկորդացավ դարձած հայերի հարցը։ Իրենց տեսակետից՝ արմատական, վաղուց հասունացած եւ միանգամայն իրագործելի խնդիր էր։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Ավելի լավ չէ՞ր պատերազմի «պատեհությունը» օգտագործելով ազատվել տեղաբնիկներից, որ պարբերաբար «իբրեւ խոտոր ու անհնազանդ ազգ»՝ բարձրացնելու էին ինքնավարության հարցը, սահմանադրության, սեփական իրավունքների, ավելացրած՝ կարգին էլ հարուստ էին՝ ավարի ու կողոպուտի լիքը հնարավորություններ կային։ Ճիշտ է, կար եւ Ռուսաստանը, որ կարող էր եւ պիտի իր քրիստոնյա եղբայրներին պաշտպաներ, բայց պաշտպանե՞ց. Ռոմանովյան փլուզվող կայսրության մասին թուրքերն ավելին գիտեին, քան ռուսները… Փաստորեն։ Ու եղավ՝ ինչ եղավ։ Ամենակարեւորը՝ լավ պատրաստ մեկ կողմի եւ բոլորովին անպաշտպան մյուս կողմի առկայությամբ։ Ամենաահավորը՝ ցեղասպանությունները որպես երեւույթ՝ կրկնվեցին։ Ինչպե՞ս հնարավոր դարձան Նյու Յորքի ու Վաշինգթոնի ահաբեկչությունները։ Որքան էլ ասվածը հրեշավոր է հնչում՝ այս պարագայում խնդիրը զոհերը չեն եւ զոհերի թիվը չէ։ Խնդիրն աշխարհում միակ գերտերության ամենահաղթության առասպելի խորտակումն է։ Ամերիկյան հետախուզության ու հակահետախուզության, պաշտպանության համակարգերի ապշեցուցիչ անաշխատունակությունն էր։ Ավելին՝ հոգեբանական հաշմանդամությունը, որ արտահայտվում էր երկակի. նախ ամերիկացիները անխտիր վստահ էին, որ նման բան անհնար է, ապա՝ ենթագիտակցորեն ընդունում էին, որ գալու է հատուցման ժամը։ Ճիշտ է, մեղքեր գործել էին պետական այրերը, բայց չէ որ ամերիկյան հասարակությունը ընդվզումի բուռն դրսեւորումներ չէր ապրում ո՛չ Իրաքի ռմբակոծությունների, ո՛չ Բալկանյան տարօրինակ պատերազմի, ո՛չ ուրիշ երկրներում իրենց պետության պատժիչ այլ գործողությունների ժամանակ։ ԱՄՆ-ն՝ ՆԱՏՕ-ի զինուժին հենված, ստանձնել էր համաշխարհային ոստիկանի ու «քաղաքակիրթ բարքերի» պաշտպանի դերը։ Մարդու իրավունքների պաշտպանության անվան տակ ԱՄՆ-ն ավելի քան մեկ տասնամյակ զենքով լուծում էր իր գերպետական շահերի ինքնահաստատման խնդիրը։ Հետաքննությունը, հարկավ, կպարզի՝ ովքեր էին կազմակերպիչներն ու կատարողները, բայց ո՞վ կպնդի, որ ահաբեկչությունը հնարավոր կլիներ, եթե իրենք՝ ամերիկացիները բացարձակապես անմասնակից լինեին։ …Կամ՝ անտեղյակ են… Վերջին հաշվով, երբ ահաբեկիչների առեւանգած ինքնաթիռները փոխում էին կուրսը, ինչո՞ւ ոչ ոք չէր կասեցնում թռիչքը… Ինչպե՞ս ոչ ոք չկասեցրեց Պենտագոնի ուղղությամբ թռչող ինքնաթիռը: Ո՞վ կհաստատի, որ ԱՄՆ-ն աշխարհում պատժիչ գործողությունների լիակատար ազատություն ունի։ Կամ՝ ԱՄՆ-ն երբեք ու ոչ մի երկրում չի հովանավորել ահաբեկիչներին… Պարզապես՝ այդ ամենը տեղի է ունեցել ԱՄՆ-ի տարածքից դուրս՝ զարգացնելով ԱՄՆ-ի ռազմական արդյունաբերությունը եւ ԱՄՆ-ի իրական իշխանության տարածմանը նպաստելով այն երկրներում, որոնք գոնե արտաքուստ անկախ են կամ հակառակ ճամբարից։ ԱՄՆ-ն գերադասում է շարունակել ժանդարմի իր դերը։ Այս անգամ, հենվելով սեփական ժողովրդի վրա, որը ցնցված կատարվածից ու հանուն բազմաթիվ զոհերի՝ համախմբվում է վրիժառության կոչ անող նախագահի շուրջ։ Արդար հատուցման ու արդար պատժի։ Ահաբեկչությունը պիտի պատժվի։ Սա՝ անկասկած։ Բայց ահաբեկչության, ինչպես եւ այլ չարիքների, սառցալեռան միայն վերեւի մասն է տեսանելի։ Բուն ահաբեկիչներն այլեւս չկան։ Նրանց պատվիրատուները, անպատիժ մնալով՝ նյութելու են նորանոր չարիքներ։ Քաղաքացիական բնակչության վրա ցանկացած հարձակում անընդունելի է նույնիսկ պատերազմի օրենքով։ Մարդկանց դեռ երկար տանջելու է ոչ միայն հարազատների ու մտերիմների կորստյան ցավը, այլեւ վախը. ո՞վ կերաշխավորի նրանց սեփական անվտանգությունը։ Սա անպատասխան հարց է։ Եվ, այնուամենայնիվ, ի՞նչ երաշխիք, որ պատժիչ գործողություններով արմատախիլ կարվի ահաբեկչությունը որպես երեւույթ։ Եթե հարվածը ծնում է հակահարված, հակահարվածին նոր հարված չի՞ հաջորդի։ Իսկ սա նշանակում է, որ պետք է պայքարել ոչ թե հետեւանքների, այլ պատճառների դեմ։ Եթե ԱՄՆ-ն իրավ դեմ է ահաբեկչությանը որպես երեւույթի, պիտի վերանայվի ՆԱՏՕ-ի քաղաքական ու ռազմական ղեկավարության ռազմավարությունը, պիտի դադարեցվի աշխարհի տարբեր անկյուններում ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերի զինված պաշտպանությունը, որ արտահայտվում է ոչ միայն առանձին ղեկավարների հայտնի ու անհայտ մահափորձերով ու սպանություններով, այլեւ ամբողջ երկրների ռմբակոծությամբ ու պատժիչ այլ գործողություններով։ Քարերը նետելու ու քարերը հավաքելու ժամանակի աստվածաշնչյան հավաստումը սովորաբար ընկալում ենք ըստ մեր շահերի, բայց հազիվ թե Աստվածաշունչը այլ խնդիր ունենար ճշմարտության պաշտպանությունից զատ։ Այս օրերին համաշխարհային մամուլը, ինչպես նման դեպքերում ընդունված է, ընկավ միստիկայի գիրկը՝ հիշելով Նոստրադամուսին, որ Աստծո քաղաքում երկվորյակների պատառ-պատառ լինելու մասին էր վկայել, հիշելով հնդկացիների առաջնորդի նզովքը, որ տարածվում է ԱՄՆ-ի բոլոր այն նախագահների վրա, որ ընտրվել են 0-ով վերջացող թվերին։ Պատմությունը վկայում է, որ ոչ մի նախագահ հնդկացու նզովքից չի խուսափել, բացի Ռոնալդ Ռեյգանից, եթե նկատի չունենանք մահափորձը, այսինքն՝ Բուշ կրտսերը ի սկզբանե դատապարտված էր… Բայց այս «փրկարար» միստիկայի մեջ բացատրություններ որոնելը հազիվ թե արդարացված է. կան սխալներ, որոնք պարզապես չպիտի կրկնել։ Վկան՝ անխուսափելի հատուցումը, որ այս պարագայում թվում է ուղղակի շարունակությունն այն ամենի, ինչ ամերիկյան կինոարդյունաբերությունը տարբերակներով մատուցում էր սեփական ժողովրդին ու աշխարհին։ Մի տարբերությամբ՝ միշտ գտնվում էր անհաղթ հերոսը եւ կանխում էր վտանգը։ Բոլոր ոճրագործությունները նախ ծնվում են իբրեւ գաղափար։ Այս անգամ գտնվեց ոչ թե ոճիրը կանխող հերոսը, այլ կատարող՝ հակահերոսը՝ ահա տարբերությունը, որ ԱՄՆ-ին մի քանի հազար մարդու կյանք արժեցավ ու անպարտելիության առասպելի խորտակում։ Առայժմ՝ չծնելով նոր առասպել։ ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել