Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԲԱԹՎԱ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ

Սեպտեմբեր 21,2001 00:00

ՇԱԲԱԹՎԱ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ Վահան Հովհաննիսյանը Անցած շաբաթ պրն Հովհաննիսյանն անձամբ իր եւ իր կուսակցության (ՀՅԴ-ի) անունից խանդավառ պատրաստակամություն հայտնեց՝ անմնացորդ ծառայելու կոռուպցիայի դեմ պայքարին: Եվ ճիշտ էլ արեց՝ դրա ժամանակը վաղուց է եկել: Կասկած չկա, որ նա այդ պայքարը կսկսի Արագածոտնի մարզպետ Հրայր Կարապետյանի ստացած ջրագծային վարկերից, կհետազոտի, թե ինչպես է նախարար Անդրանիկ Մանուկյանը կառուցել «Մետրոպոլ» հյուրանոցը, ինչպես նաեւ՝ կհետաքրքրվի, թե որ մի պաշտոնյային է պատկանում օպերայի այգում գտնվող «Մելոդիա» սրճարանը: Պարույր Հայրիկյանը Ստանձնելով դատավորի դերը, հռչակավոր իրավապաշտպանը խստորեն դատապարտեց իր ընկերոջը՝ Ազատ Արշակյանին, զենք եւ զինամթերք կուտակելու համար, հավանաբար՝ ճշտելով այդ մեղադրանքը իր «նաչալստվայի» հետ: Այդպես է լինում, երբ նախկին այլախոհը ծառայում է նախկին պարտկոմին, վարակվում է նոմենկլատուրային ցինիզմով եւ արժանի չի լինում իր իսկ փառապանծ անցյալին: Դավիթ Վարդանյանը Ինչպես կասեր փոստատար Պեչկինը՝ «գիտե՞ք, ինչու էի ես այդքան չար՝ որովհետեւ հեծանիվ չունեի»: Պրն Վարդանյանն էլ մինչեւ 98 թվականը չար էր, անհանդուրժող եւ արմատական, բայց հենց որ ստացավ իր հեծանիվը /իշխանական աթոռը/, դարձավ բարի եւ պատրաստակամ՝ իր ոչ լեգիտիմ նախագահին ծառայելու: Վերջին ծառայությունը մամուլի հետ է կապված: Մոտ ապագայում թերթերը գործ կունենան ոչ թե 2-3 տարածող կազմակերպությունների հետ, այլ՝ 150 կրպակատիրոջ, որոնց հետ պայմանագիր կնքելը եւ ամեն ամիս փող հավաքելը անհնարին է լինելու: Արդյունքում կփոքրանան թերթերի սեփական եկամուտները, եւ մենք ստիպված կլինենք ավելի շատ վիզ ծռել հովանավորների առաջ: Ով է դրանից շահելու՝ պրն Վարդանյանին հայտնի է: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել