Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի անկախության տարեդարձը պատճառ է նաեւ հիշելու այն, թե ինչ մթնոլորտ էր տիրում 10 տարի առաջ։ Վ

Սեպտեմբեր 21,2001 00:00

Գրքի բովանդակության արդյունքները Հայաստանի անկախության տարեդարձը պատճառ է նաեւ հիշելու այն, թե ինչ մթնոլորտ էր տիրում 10 տարի առաջ։ Վերհուշի լավ առիթ էլ կա՝ վերջերս տեղի ունեցած ՀԿԿ Կենտկոմի պլենումը։ Կոմունիստների համար անցած տասնամյակի ընթացքում քիչ բան է փոխվել։ Ապացույցը նաեւ ՀԿԿ Կենտկոմի անդամ Հենրիկ Սահակյանի հայտարարությունն է, որով նա հանդես է եկել երրորդ պլենումում. «Անցած գիշեր կարդացի ՀԿԿ Երեւանի Մյասնիկյանի շրջկոմի առաջին քարտուղար Ռազմիկ Օհանջանյանի «Դիվանագետի ծոցատետրից» 240 էջանոց գիրքը։ Հակակոմունիստական եւ հակակուսակցական թույնով ու մաղձով հագեցած այդպիսի գիրք մինչ օրս չի տպագրվել։ Լինել կոմունիստ՝ նշանակում է ապրել ու գործել կոմունիստի պես՝ ամենից առաջ նվիրված լինելով հարազատ կուսակցությանը եւ այն երկրին, որ բարգավաճել, ծաղկել ու հզորացել է քո հարազատ կուսակցության ղեկավարության շնորհիվ։ Կարդալով Ռազմիկ Օհանջանյանի գիրքը, պարզապես զարմանում ու ապշում ես, որ գրքի հեղինակը ոչ միայն կուստոմս է կրում, այլեւ ղեկավարում է մայրաքաղաք Երեւանի ամենահեղինակավոր շրջկոմներից մեկը եւ, ավելին, հաճախ հանդես է գալիս կուսակցական աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու մասին զգայացունց խորհուրդներով ու առաջարկություններով։ Ես պահանջում եմ պարզել՝ ո՞վ է Ռազմիկ Օհանջանյանը»։ Գրաքննության բացակայության այս դարում արտառոց կարող է թվալ, որ ՀԿԿ Կենտկոմի III պլենումն այս հայտարարությունից հետո որոշում է ընդունել. «Հանձնարարել Կենտկոմի գաղափարական հարցերով քարտուղար Նորիկ Պետրոսյանին՝ ուսումնասիրել ՀԿԿ Մյասնիկյանի շրջկոմի առաջին քարտուղար Ռ. Օհանջանյանի «Դիվանագետի ծոցատետրից» գրքի բովանդակությունը եւ արդյունքների մասին տեղյակ պահել ՀԿԿ Կենտկոմի բյուրոյին»։ Գաղափարական հարցերով քարտուղարն էլ ուսումնասիրել է գրքի բովանդակությունը եւ «արդյունքները» հրապարակել «Հայաստանի կոմունիստում»՝ «Ո՞վ եք դուք Ռազմիկ Օհանջանյան» վերնագրի ներքո։ Ահա թե գրքի ինչ հատվածներ են առիթ դարձել «հակակոմունիստական եւ հակակուսակցական թույն ու մաղձ» որակումների համար։ Ռազմիկ Օհանջանյանը գրել է, որ Կոմկուսի եւ խորհրդային համակարգի առաջնորդները գնում էին «իրենց համար ամենամատչելի ուղիով՝ արգելել, արգելել ամեն ինչ, ինչը կարելի էր եւ չէր կարելի արգելել։ Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ մեր դարի 90-ական թվականներին, քարթե տնակի պես, փլուզվեց այդ ողջ համակարգը։ Եվ փա՜ռք Աստծո…»։ Կամ խոստովանում է. «Այն երիտասարդ տարիներիս ի՞նչ իմանայի, որ կուսակցության խոսքի եւ գործի միջեւ (հատկապես վերեւներում) գոյություն ունեին սարեր ու ձորեր»։ Ռազմիկ Օհանջանյանը գրել է նաեւ ստալինյան համակենտրոնացման ճամբարներում զոհված միլիոնավոր մարդկանց, աքսորվածների, կոմունիզմի ամբողջատիրական եւ բռնակալական սկզբունքների եւ այլ հանրահայտ ու հաստատված իրողությունների մասին։ Բայց նաեւ նշել է. «Ամբողջ հոգով, ամենախիստ գնահատականներով խարազանելով Կոմկուսի կամ, ինչպես սիրում են ասել, «բոլշեւիկների» սխալ, անմարդկային, հակաժողովրդական քաղաքականությունը տարբեր ժամանակներում՝ Ստալինի, Բերիայի եւ նրանց հետնորդների, ես կասեի, վայրագ ու աններելի հրեշագործությունները միլիոնավոր մարդկանց ու ամբողջ ազգերի ոչնչացման ուղղությամբ, ես, համենայն դեպս, մնում եմ Կոմկուսի լավագույն ավանդույթների երկրպագուն»։ Թույլ տանք մեզ կանխատեսել, որ Կոմկուսի «լավագույն» եւ շարունակվող ավանդույթների համաձայն՝ Ռազմիկ Օհանջանյանը շուտով կզրկվի «երկրպագուի» իր կարգավիճակից։ Սակայն էականն այն է, որ 10 տարի առաջ ժողովրդի ընտրությամբ այդ «լավագույն» ավանդույթները շարունակվեցին միայն առանձին վերցրած մեկ կուսակցությունում։ … Գրեցի այս տողերն ու հիշեցի, որ ժամանակ առ ժամանակ այժմ էլ սկսում են «ուսումնասիրել» այս կամ այն գրքի բովանդակությունը եւ «արդյունքների մասին» տեղեկացնում՝ ուր որ հարկ է։ Չէ, համենայն դեպս, 10 տարին էլ է քիչ ինչ-որ բաներ փոխելու համար։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել