Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշխարհում

Սեպտեմբեր 21,2001 00:00

ՍՏԵՂԾՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Աշխարհում ոչինչ պատահաբար չի լինում, թերեւս, պատահական չէր նաեւ, որ ՀԺԿ-ից դուրս եկածներն իրենց նորաստեղծ կուսակցության (ԺԴԿ) հիմնադիր ժողովն անցկացրին ՀՀ կառավարությանն առընթեր Փախստականների եւ միգրացիայի վարչությունում։ Մեր այս դիտարկումը մի քիչ նեղացրեց կուսակցության նախագահ Գագիկ Ասլանյանին, որը փորձեց հստակեցնել, որ կուսակցությանն անդամակցել են ոչ միայն ՀԺԿ-ից դուրս եկածները։ Այսպիսով, Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը ստեղծված է։ Հիմնադիր ժողովում պատվավոր հյուրեր չկային։ Հիմնադիրների թիվը մոտ 60 է։ Հիմնադիրներն ընտրեցին վարչություն։ Վարչության նախագահ ընտրվեց Գագիկ Ասլանյանը։ Կուսակցության վարչությունը կաշխատի երկու ուղղությամբ՝ կառույցների ստեղծման եւ գաղափարախոսության։ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը մնաց խաղից դուրս, քանի որ նա ընդգրկված չէ հիմնադիրների կազմում։ Թեպետ Գագիկ Ասլանյանը հայտարարեց, թե կուսակցությանն անդամակցելու որոշումը Ա. Խաչատրյանը պետք է կայացնի, իսկ նա կուսակցությանն անդամակցելու ցանկություն, առայժմ, չի հայտնել։ Պրն Ասլանյանի ասելով՝ եթե հետագայում նա ցանկություն հայտնի, կընդունվի կուսակցություն։ Վարչության նախագահի տեղակալներ ընտրվեցին Գագիկ Եգանյանը (Փախստականների եւ միգրացիայի վարչության պետ), Միսաք Մկրտչյանը (ԱԺ պատգամավոր), Գագիկ Ոսկանյանը (ԱԺ պատգամավոր), Մանվել Բադեյանը (ԱԺ պատգամավոր), Աշոտ Մարկոսյանը (պետական գույքի կառավարման փոխնախարար)։ Փաստորեն, խաղից դուրս մնաց նաեւ Աշոտ Գալոյանը։ Նա չհայտնվեց ո՛չ վարչության նախագահի տեղակալների ցուցակում, ո՛չ հիմնադիր կազմում։ Թեպետ նրա անունը գրված էր հիմնադիր ժողովի մասնակիցների ցուցակում, բայց ինքը ժողովին ներկա չէր։ ՀԺԿ-ից դուրս եկած ԱԺ պատգամավորներից հիմնադիր կազմում ընդգրկված են վեցը։ Կուսակցության հիմնադիրների կազմում ընդգրկված չեն նաեւ Ռոբերտ Ենգոյանը եւ Վոլոդյա Բադալյանը։ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը եւս պատրաստվում է հայտարարել, թե ինքը կատարելու է Կարեն Դեմիրճյանի ծրագրե՞րը։ Այս հարցի պատասխանը հետեւյալն էր. «Դրա համար կա Հայաստանի ժողովրդական կուսակցություն։ Ինչքանով մեր եւ ՀԺԿ-ի ծրագրերը կհամընկնեն իրար, պարզ կլինի, երբ կներկայացվի ԺԴԿ-ի ծրագիրը»։ Նորաստեղծ կուսակցության անդամ ԱԺ վեց պատգամավորները «Միասնություն» խմբակցությունից դուրս չեն գալու եւ շարունակելու են «Միասնության» մեջ աշխատել. «Դաշինքի ստեղծման առաջին օրերից էլ ես եղել եւ մնում եմ «Միասնության» անդամ, որպես գաղափարախոսության, որպես քաղաքական կապիտալի կողմնակից, եւ գտնում եմ, որ դա այն քաղաքական արժեքն է, որը պիտի պահպանվի եւ ինչ-որ տեղ օրինակ ծառայի մեր քաղաքական դաշտում համախմբման համար, բայց ցավոք սրտի, այդպիսի վախճան ունեցավ»։ Ներկայացնենք Գագիկ Ասլանյանի պատասխանները «Առավոտի» մի քանի հարցերին. – Ո՞ր կուսակցություններն են լինելու ԺԴԿ-ի համախոհները։ – Կյանքը ցույց կտա։ – Երբ դուք դեռ ՀԺԿ անդամ էիք, մեր զրույցի ժամանակ ասացիք, որ մտադիր չեք կուսակցություն ստեղծել։ Բայց տեղի ունեցավ հակառակը։ – Ես այն ժամանակ ասել եմ, որ փորձելու եմ ամեն ինչ անել, որ ՀԺԿ-ն չբաժանվի, չտարանջատվի։ Մենք ստիպված (ես ցավով եմ ասում) պետք է գնայինք այս քայլին, քանի որ համախոհները, իրոք, շատ են, եւ դա ցույց է տալիս ներկա հիմնադիր ժողովը։ – Արդյո՞ք ձեր կուսակցությունն իր ստեղծմամբ մտադիր է առաջիկա նախագահական ընտրություններում սատարել որեւէ թեկնածուի կամ հենց իր թեկնածուն ունենալ։ – Մենք ինչ մտադրություն որ ունենք, ասել ենք հիմնադիր ժողովում։ Այդ մասին խոսք չի եղել։ – Ձեզ երբեմն մեղադրում են, որ կուսակցություն եք ստեղծում համապատասխան պատվերի պատճառով։ Դուք ինչ-որ մեկի պատվերը կատարելո՞վ եք ստեղծել կուսակցությունը։ – Ես, իհարկե, այդ մասին առաջին անգամ եմ լսում։ Կարծում եմ, պատվերով կուսակցություն ստեղծելը, հատկապես իշխանությունների համար, խնդիր չի։ Եվ չեմ կարծում, որ ինձ նման պատվեր կտրվեր, որովհետեւ այդ անձը չեմ եղել, որի մասին մտածեին, թե կարող է պատվեր կատարել։ Ես մերժում եմ նման մեղադրանքները։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել