Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը երեկ հայտարարեց, թե սեպտեմբերի 7-ին

Սեպտեմբեր 21,2001 00:00

ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ԼԵԳԻՏԻՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը երեկ հայտարարեց, թե սեպտեմբերի 7-ին «Ազատության» հրապարակում արտոնված հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած սադրանքը, նաեւ՝ նույն օրը երեկոյան ոստիկանության շուրջ 30 աշխատակիցների ապօրինի ներխուժումն իր բնակարան, հրահանգավորված էր նախագահական նստավայրից: Համենայն դեպս, ըստ նրա, այդպիսի տպավորություն է ստեղծվում՝ հաշվի առնելով այն անպատասխանատվությունն ու անպատժելիության զգացումը, որն ակնհայտ էր մեծ ու փոքր ռանգի իրավապահների մոտ: Ավելին, ձերբակալության առնչությամբ պարոն Մակեյանը նկատեց, թե իր բնակարան ներխուժած մարդիկ ոչ թե իրավապահներ, այլ՝ բանդա էին հիշեցնում, որն, ի դեպ, գլխավորում էր Մեհրաբյան ազգանունով մեկը: Վերջինս, ի պատասխան կուսակցության նախագահի՝ իրեն բերման ենթարկելու կամ ձերբակալելու թույլտվություն ներկայացնելու օրինական պահանջին, հայտարարել էր, թե առանց դրա էլ, միեւնույն է, նրան բաժին են տանելու, թե շենքը շրջապատված է ոստիկանության 150 աշխատակիցներով եւ այլն: «Սա եւս մեկ անգամ մտածելու առիթ է տալիս, թե իշխանությունների կամայականությունների հանդեպ որքան անպաշտպան են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Այն կառույցները, որոնք ի պաշտոնե պարտավոր էին ապահովել մեր քաղաքացիների իրավունքները, իրենք են դրանք ոտնահարում»,- հայտարարեց Պ.Մակեյանը՝ ավելացնելով, թե հատկապես վերջին տարիներին իրավապահ մարմինները վերածվել են զուտ իշխանապահ մարմինների: Այն ոտնձգությունները, որոնք իրականացնում են իշխանությունները «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության եւ անձամբ իր նկատմամբ, պարոն Մակեյանը պայմանավորեց կուսակցության հստակ եւ սկզբունքային քաղաքական ուղեգծով եւ խիստ ընդդիմադիր կեցվածքով: Պ.Մակեյանը հիշեցրեց նաեւ 98-ի հոկտեմբերի 30-ի Դաշնակցության հայտնի հանրահավաքը, որտեղ «թալանչիների» անվան տակ կոնկրետացվեցին իշխանության ոտնձգությունների թիրախները: Դրանց թվում հիշատակվել էին ինչպես կուսակցության հանգուցյալ նախագահ Էդիկ Եգորյանի, այնպես էլ՝ Պետրոս Մակեյանի անունները: Վերջիններիս նկատմամբ տնտեսական գործ «թխելն» այդպես էլ չէր չստացվել, բայց դա դեռ չէր նշանակում, որ ընդդիմության բերանը փակելու համար իշխանությունների «զինանոցը» սպառվել էր: Ըստ Մակեյանի, այսօր փոխվել են ընդդիմության հետ հաշվեհարդար տեսնելու մեթոդները. իշխանությունները նախընտրել են անձնական հաշվեհարդարը: Այդուհանդերձ, նա նկատեց. «Իշխանությունների նյարդերն այլեւս չեն դիմանում, եւ նրանք փորձեցին կազմալուծել կուսակցությունը, այսօր փորձում են մեր օրինակի վրա «դաստիարակել» մյուս ընդդիմադիր ուժերին եւ գործիչներին: Բացառված չէ, որ իշխանություններն արդեն սկսել են 2003-ի ընտրարշավը, որի առաջին փուլն ընդդիմությանն ահաբեկելն է»: Միաժամանակ կուսակցության նախագահը վստահեցրեց, թե ընդդիմության նկատմամբ իշխանությունների գործադրած ճնշումները հակազդեցության են արժանանում, ընդդիմությունը կայանում եւ ընդլայնվում է: «Իշխանափոխության գործընթացը սկսված է, եւ «Ժողովրդավարական Հայրենիքը» պատրաստ է համագործակցել ընդդիմադիր դաշտում գործող ուժերի հետ»,- հայտարարեց պարոն Մակեյանը՝ ավելացնելով, թե Հայաստանում անհրաժեշտ է վերականգնել օրինական իշխանությունը: Անդրադառնալով հունիսի 27-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղում իր դեմ կատարված մահափորձի առնչությամբ հարուցված քրգործի նախաքննության ընթացքին, պարոն Մակեյանն ասաց, որ հենց սկզբից իրավապահները սկսել են աշխատել հիմնականում երկու վարկածի ուղղությամբ՝ «անձնական թշնամիներ» եւ «մահափորձի իմիտացիա»: Այդ վերջինն ամրապնդելու համար, ըստ Պ.Մակեյանի, մարզի իրավապահ կառույցները փորձել են նախաքննական մարմնին կեղծ տեղեկություններ եւ շինծու փաստաթղթեր հրամցնել, որոնք, իհարկե, նախաքննական մարմինը ստուգել եւ հերքել է: Նա անդրադարձավ նաեւ «ԱրմենՏելի» խնդրին: Այդ առնչությամբ կարծիք հայտնեց, թե «ԱրմենՏելն» ու Հայաստանի տնտեսությանը տեր կանգնած հայտնի կլանը (խոսքը ղարաբաղյան կլանի մասին է) փորձում են կիսել հիշյալ ընկերության կողմից այդպես էլ չներդրված գումարները, կամ, որ, թերեւս, ավելի հավանական է, նույն այդ կլանը փորձում է կապի ոլորտից դուրս շպրտել «ԱրմենՏելին»՝ հիշյալ շահութաբեր շուկան եւս յուրացնելու համար: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել