Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆ ԿԳԱ 20 ԵՎՐՈՊԱՑԻ ԳՐՈՂ

Սեպտեմբեր 20,2001 00:00

ՀԱՅԱՍՏԱՆ ԿԳԱ 20 ԵՎՐՈՊԱՑԻ ԳՐՈՂ «Գրական տապան-2001» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 2-14-ը եվրոպական 17 երկրների 20 գրող կայցելի Հայաստան։ Այցելության նպատակն է՝ կապեր ստեղծել մեր երկրի ու Եվրոպայի գրողների, գրականության թարգմանիչների ու հրատարակիչների միջեւ, տարածել հայ գրականությունը եվրոպական երկրներում եւ եվրոպականը՝ Հայաստանում։ Այս ծրագրերի կազմակերպիչն է արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի եւ համագործակցության հայկական ընկերությունը։ Ծրագիրը ընդգրկված է «Քրիստոնեություն-1700» տոնակատարությունների շարքում եւ, անշուշտ, ստացել է այդ տոնակատարություններն իրականացնող պետական հանձնաժողովի նյութական աջակցությունը։ Այդ ծրագիրն ունի իր նախապատմությունը. 2000թ. «Գրական ճեպընթաց-2000» ծրագրի շրջանակներում հայ գրողները (Դավիթ Մուրադյանն ու Լեւոն Խեչոյանը) եվրոպական երկրների 104 գրչակիցների հետ ճամփորդեցին Եվրոպայի 11 երկրներում։ Այդ ընթացքում Բեռլինում մասնակից-երկրների գործընկեր-կազմակերպությունների միջեւ կնքվել է համագործակցության պայմանագիր՝ «Միջազգային գրական կապ» կազմակերպության հիմնադրամի մասին։ Այդ համագործակցության շրջանակներում ընդունվել են հայկական կողմի «Գրական տապան-2001» եւ լեհականի՝ «Թատրոն-2002» ծրագրերը։ ԱՕԿՍ-ի փոխտնօրեն Հասմիկ Պողոսյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հայաստան կժամանեն հիմնականում երիտասարդ եվրոպացի գրողները. «Իրենք պետք է իրենց փորձը այստեղ փոխանցեն գործընկերներին, որոնք, ցավոք, չեն կարողանում ու չգիտեն իրենց գրիչն ու թուղթը օգտագործելու մեխանիզմները՝ սեփական ինքնությունը հաստատելու, նաեւ հոգսերը հոգալու համար»։ Ի դեպ, նշենք նաեւ, որ մեր երկիր ժամանող յուրաքանչյուր գրողի մնալու, սնվելու, շրջագայելու համար, ըստ ԱՕԿՍ-ի փոխտնօրենի, ծախսվելու է մոտ 1000 դոլար։ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել