Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր ասամբլեայի նիստն անցկացվեց ֆիզիկական կուլտուրայի հայկակ

Սեպտեմբեր 20,2001 00:00

ՀՐԱՎԻՐՎԵՑ ՀԱՕԿ-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր ասամբլեայի նիստն անցկացվեց ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հիմնովին նորոգված նիստերի դահլիճում, որը ֆինանսավորել էր ՀԱՕԿ-ի փոխնախագահ Գագիկ Ծառուկյանը։ Նիստից առաջ ՀԱՕԿ-ի անդամները հոտընկայս հարգեցին «Աշխատանքային ռեզերվներ» ԿՄԸ նախկին նախագահ, սպորտի երախտավոր Սուրեն Գասպարյանի հիշատակը։ Օրակարգային առաջին հարցը ներկայացրեց ՀԱՕԿ-ի աշխատակազմի ղեկավար Հ. Յավրյանը։ Նա հիշեցրեց, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն 2001 թվականը հայտարարել է կամավորների տարի ու դեռեւս նախկին նախագահ Խուան Անտոնիո Սամարանչի օրոք որոշել մարզական այս խոշորագույն կազմակերպության անդամ բոլոր 205 երկրներում առավել աչքի ընկած մասնագետներին արժանացնել ՄՕԿ-ի պատվոգրերի։ Հայաստանում նույնպես քիչ չեն այդպիսի մարդիկ։ Նրանք իրենց աշխատանքով նպաստում են հանրապետությունում օլիմպիական գաղափարների տարածմանը, օլիմպիական շարժման զարգացմանը։ ՀԱՕԿ-ի նախագահ Ի. Զաքարյանը մարզական աշխարհի տասնյակ ներկայացուցիչների հանձնեց ՄՕԿ-ի պատվոգրերը։ Եվ ուրախալի է, որ նրանց մեջ էին նաեւ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի գործկոմի անդամներ, Սպորտվարչության լրատվական բաժնի աշխատակից Նաթելլա Հովասափյանը եւ «Ֆուտբոլ+» թերթի գլխավոր խմբագիր Սուրեն Բաղդասարյանը։ Օրակարգի երկրորդ հարցը նվիրված էր ՀԱՕԿ-ի կանոնադրության մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելուն։ Զեկուցող Ի. Զաքարյանը տեղեկացրեց, որ անցած տարվա դեկտեմբերին ընդունված կանոնադրությունը լիովին համապատասխանում է Հայաստանի քաղաքացիական օրենսգրքին ու ՄՕԿ-ի խարտիային։ Առաջարկվող լրացումները ունեն խմբագրական եւ որոշ տերմիններ հստակեցնելու անհրաժեշտություն։ Հիմնական էական փոփոխությունը կապված է այն բանի հետ, որ ՄՕԿ-ը պահանջում է, որպեսզի բոլոր ԱՕԿ-ները պարտադիր մասնակցեն օլիմպիական խաղերին։ Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները քվեարկությամբ ընդունվեցին միաձայն։ Այնուհետեւ ասամբլեայի մասնակիցներն անցան ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությանը։ Առաջադրվեց մեկ հոգու թեկնածություն։ Դա Սպորտվարչության պետ Արմեն Գրիգորյանն էր։ ՀԱՕԿ-ի գործկոմի անդամ Վարդեւան Գրիգորյանն իր ելույթում նշեց, որ ինքը հարգում է Ա. Գրիգորյանին, ավելին, իրենք մտերիմ ընկերներ են, սակայն սկզբունքորեն դեմ է երկու պաշտոն համատեղելուն։ Այդուհանդերձ, Ա. Գրիգորյանը 70 կողմ եւ 1 դեմով ընտրվեց ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար։ ՀԱՕԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նիստը կհրավիրվի 2001 թվականի դեկտեմբերին։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել