Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենիքում

Սեպտեմբեր 20,2001 00:00

Սփյուռք-Ղարաբաղ կապը՝ մի ընտանիքում Հայրենիքում է դերասանուհի, երգչուհի Անահիտ Իշխանյան-Հաճյանը – Դուք Ձեր կարիերան սկսել եք Ստեփանակերտի Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում։ – Այո, ավարտել էի թատրոնին կից ստուդիան, աշխատում էի, բայց ցանկություն կար ուսումս շարունակել Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Դա 80-ական թվականներին էր։ Այդ տարիներին Ղարաբաղը «լիմիտ» ասվածը չուներ՝ Երեւանում բուհ ընդունվելու համար։ Չեմ ուզում երկարացնել, մի խոսքով՝ պնդաճակատությանս շնորհիվ ընդունվեցի ինստիտուտ՝ Ֆրունզե Դովլաթյանի կուրսը, բնականաբար՝ որպես ռեժիսոր, իսկ ավարտելուց հետո դարձա նրա օգնականը, մասնակցելով մի քանի ֆիլմերի նկարահանումների։ Անկեղծ ասած, կներեք անհամեստության համար, երեւի թե երգով եմ ծնվել եւ մշտապես իմ մեջ կռվում էին ռեժիսորն ու երգը։ Մինչ վերջիններս շարունակում էին կռվել, սկսվեց ղարաբաղյան շարժումը։ Ես էլ բոլորի նման բռունցքս վեր պարզած ու իմ երգով շատ ակտիվ մասնակցում էի շարժմանը։ Եվ ահա 88-ին՝ «բռունցքների տարում», իմ եւ սփյուռքահայ գրող Վահրամ Հաճյանի բռունցքներն ու սրտերը նույնպես միացան։ Ամուսնացանք… Ի դեպ, ամուսնուս ծննդավայրը Մուսալեռն է, հայրենիքը՝ Հայաստանը, բնակության վայրը՝ Ամերիկան։ Հիմա ամուսինս ու երկու երեխաներս Ամերիկայի քաղաքացի են, իսկ ես՝ Հայաստանի։ Ու հպարտ եմ դրանով։ – Ինչո՞վ եք զբաղվում Ամերիկայում։ – Մասնակցում եմ հեռուստահաղորդումներին, իհարկե ելույթներ եմ ունենում որպես երգչուհի։ Պետք է ասեմ, որ երգիս կնքահայրը Համո Սահյանն էր, վկան՝ Վահրամ Հաճյանը՝ ամուսինս, հաստատագիրը՝ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Խաչատրյանը։ – Ի՞նչ այցով եք հայրենիքում: Երեւի այս հարցս փոքր-ինչ ուշացավ։ – Եթե այս հարցը չտրվեր, դուք կարող էիք նույնիսկ գուշակել։ Չէ՞ որ, իմ Ղարաբաղի, իմ Արցախի անկախության, ես նաեւ ասում եմ՝ ազատագրման, 10-ամյակն էր։ Այդ առիթով Գանձասարում մի խումբ արվեստագետների հետ մասնակցեցի հոբելյանական մեծ միջոցառմանը ու մի տեսակ ուրիշ ձեւով, չգիտեմ ինչպես նկարագրել, բայց «ազատ ու անկախ» հնչեցրի «Ղարաբաղի հորովելը»։ – Ինչպե՞ս եք երկու արվեստագետներ «դիմանում» մեկմեկու։ – Ասեմ. ամուսնուս անվանում են «սնդիկ Վահրամ»։ Ինչպես պետք է դիմանալ մի արվեստագետի, որի 50-ամյա գրական գործունեության տարելիցը կտոնվի շուտով։ Կարծում եմ՝ հայրենիքում՝ նույնպես։ Բազմաթիվ ժողովածուներ ունի հրատարակած՝ «Ես մի աշխարհ եմ աշխարհի վրա», «Իմ առավոտից գիշեր է ծորում»… Հայաստանում վերջին տարիներին թողարկվել է ամուսնուս «Արցունքի աստղեր», «Ճակատագիր» բանաստեղծությունների ժողովածուն, «Ալ պանդուխտ չեմ» գրքույկը՝ Եղեռնի մասին։ Հազվադեպ գրողներից է, որ կենդանության օրոք ունի մենագրություն, այն է՝ գրականագետ Սեւակ Արզումանյանի մենագրությունը։ Վահրամի տեքստերով երգեր են գրել Վլադիլեն Բալյանը, Կոնստանտին Օրբելյանը, Ռոբերտ Պետրոսյանը… 100-ից ավելի երգերի տեքստերի հեղինակ է։ Ամուսնուս գրքերում, իմ երգերում սերն է, սերը մեր միակ հայրենիքի հանդեպ եւ, եթե չեմ սխալվում, Սեն Սանսն է ասել. «Եթե արվեստը նույնիսկ հայրենիք չունի, արվեստագետներն ունեն այն»։ Ասեմ ազնվորեն՝ մենք այնտեղ ապրում ենք ձեզնով, մեր հայրենիքով, այստեղ կատարվող յուրաքանչյուր մեծ ու փոքր իրադարձություններով, չգիտեմ ինչպես սրտիս թելադրածն ասել։ Կարճ ասած՝ մենք հայ արվեստագետներ ենք՝ օտար երկրում, բայց հասկանում ենք իրար նույնիսկ հայացքով։ Վահրամը կատակով ասում է. «Ես իմացա մի ղարաբաղցու հետ եմ ամուսնացել, պարզվում է՝ ամբողջ Ղարաբաղի հետ եմ ամուսնացել»… ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել