Ժուռնալիստիկայի ֆակուլտետում 30-ական թվականներն են ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները պատրաստ են ցույցի դուրս գալ եւ դասադուլ անել, եթե ֆակուլտետի ղեկավարությունը չվերականգնի աշխատանքում իրենց դասախոսին՝ Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանին։ Այդ մասին նրանք գրում են նաեւ ԵՊՀ ռեկտորին եւ ԿԳ նախարարին ուղղված նամակում, որը, 40-ից ավելի ուսանողների ստորագրությամբ, «Առավոտի» խմբագրություն էին բերել։ Նամակում նաեւ ասվում է. «Նկատի ունենալով, որ Ն. Մկրտչյանը մեզ դասավանդել է «Ժուռնալիստիկայի վարպետություն» եւ «Արդի հայ մամուլը» առարկաները՝ ուզում ենք ընդգծել, որ նա լավագույնս է տիրապետում այդ առարկաներին եւ կարողանում է բավարարել լսարանի պահանջները։ Հստակ սկզբունքայնությամբ եւ օբյեկտիվության բարձր դրսեւորմամբ են անցնում այդ առարկաների ստուգարքներն ու քննությունները։ Տեր կանգնել սեփական կարծիքին, ունենալ հստակ մշակված սկզբունքների համակարգ, երբեւէ չերերալ փաստերով հիմնավորված ազատ խոսելուց, ահա ինչ բարոյական արժեքներով է առաջնորդվում Ն. Մկրտչյանը՝ նույն ոգով դաստիարակելով իր ուսանողներին։ Ուսանողներս սիրում եւ հարգում ենք Ն. Մկրտչյանին եւ նրա փոխարեն ամենեւին էլ չենք ցանկանում տեսնել մեկ ուրիշին»։ Ուսանողները նաեւ պատմում են, որ Ն. Մկրտչյանը միշտ իրենց կողքին է գտնվել, երբ հարկ է եղել ուսանողներին պաշտպանել մամուլում ԵՊՀ-ի մասին սեփական կարծիքն ազատորեն հայտնելու համար բաժին հասնող նախատինքներից ու պատիժներից։ Սակայն ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը միայն այդպիսի մի դեպք հիշեց՝ պնդելով, որ ինքը դեմ է ոչ թե քննադատական հոդվածներ գրելուն, այլ, որ հոդվածում «կային համալսարանի անցած ճանապարհի, սերունդների ճակատագրի մասին ընդհանրացումներ, որոնք սխալ էին, քանի որ դրանց համար ուսանողը պետք է ուսումնասիրություն կատարեր»։ Պրն Անանյանը ասաց նաեւ, որ ինքը ոչ թե ճնշում է ուսանողներին, այլ «հետեւում է, որ նրանց խոսքը չնմանվի «Առավոտում» լույս տեսնող ազատ խոսքին, որտեղ ազատությունը շփոթվում է անարխիայի հետ»։ Ն. Մկրտչյանն ազատվել է աշխատանքից՝ դասախոսի տեղի համար հայտարարված մրցույթը չանցնելու պատճառաբանությամբ։ Զարմանալի է, որ այդ ֆակուլտետում 4 տարվա դասախոսական աշխատանքի փորձ եւ լրագրողական հարուստ կենսագրություն ունեցող հայտնի լրագրողը դուրս է մնացել մրցույթից, իսկ երիտասարդ ու փորձ չունեցող մրցակիցը՝ անցել։ Մեր այս դիտարկմանն ի պատասխան, Գառնիկ Անանյանը համաձայնվեց, որ Ն. Մկրտչյանը լավ լրագրող է, այլապես նրան չէր հրավիրի աշխատանքի։ Սակայն լավ լրագրողը միշտ չէ, որ լավ դասախոս է, իսկ փորձի առումով՝ «Նարինեին էլ, երբ հրավիրեցինք, փորձ չուներ»։ Ն. Մկրտչյանը լավ դասախոս է, եթե ուսանողները պաշտպանում են նրան։ Մեր այս գնահատականին պրն Անանյանը մասամբ համաձայնվեց՝ հավելելով, որ հենց այդ կարծիքը նկատի ունենալով են ռեկտորի հետ որոշել, որ Ն. Մկրտչյանը մնա ֆակուլտետում 0,75 դրույքով։ Իսկ ուսանողների սերը Ն. Մկրտչյանի նկատմամբ պայմանավորեց նրանով, թե «ուսանողներին դուր է գալիս, երբ դասախոսը թելադրում է, թելադրածը սերտելով վերադարձնում ես նրան եւ գերազանց ես ստանում։ Դա ավելորդ չարչարանքներից ազատում է»։ Գառնիկ Անանյանն էլ չժխտեց, որ «Ժուռնալիստիկայի վարպետություն» դասընթացը Ն. Մկրտչյանը լավ է վարում։ Նաեւ համաձայնվել են, որ նա վարի «Արդի հայ մամուլը» դասընթացը՝ «իհարկե, ամբիոնի առաջադրած պահանջները գրավոր կերպով կատարելուց եւ ներկայացնելուց հետո»։ Իսկ այդ «պահանջների» առնչությամբ Գ. Անանյանի եւ Ն. Մկրտչյանի պատկերացումները տարբեր են. դեկանը պնդում է, որ Ն. Մկրտչյանը դասախոսությունները թելադրում է, այլ գրականություն չի հանձնարարում, իսկ Ն. Մկրտչյանն ասաց, որ «այլ գրականությունը», հավանաբար, Գ. Անանյանի գիրքն է, որն ինքը հրաժարվել է անցնել։ Ինչ վերաբերում է մրցույթին, ապա Գ. Անանյանի կարծիքով, Ն. Մկրտչյանը գիտական աշխատանքներ չունի, իսկ նրա մրցակիցը ունի ու նաեւ դրանով պայմանավորեց վերջինիս մրցույթում հաղթելը։ Տեղի ունեցածը մեկնաբանելու մեր խնդրանքին ի պատասխան ՄԱԱ նախագահ Ն. Մկրտչյանն ասաց. «Կոնֆլիկտը, կարծես թե, հարթվեց, այսինքն՝ լուծում ստացավ։ Ինձ առաջարկվում է ինչ-որ բան, որը չէի ասի, թե ինձ ամբողջությամբ է բավարարում, բայց ես առաջ եմ քաշել ոչ միայն իմ, այլ ֆակուլտետի խնդիրը։ Ես վերադառնում եմ միայն ուսանողների խնդրանքը հաշվի առնելով, որն այս պահին ինձ համար ամենակարեւորն է։ Լրագրության սերնդափոխության ապագան Հայաստանում լրջորեն վտանգվում է։ Լրագրողներ կարող են դուրս գալ մաթեմատիկայի, ֆիզիկայի, բայց ոչ լրագրության ֆակուլտետից եւ դա նոր պրոբլեմ չէ։ Ֆակուլտետն, ըստ էության, արհեստածին է, խախուտ հիմքի վրա եւ սա մասնագիտական վեճ է, որը Գառնիկ Անանյանը վերածեց անձնական թշնամանքի։ Ֆակուլտետի թե՛ դեկանը, թե՛ դասախոսական կազմի բացարձակ մեծամասնությունը կապ չունեն լրագրության հետ։ Եվ դա ինձ անհանգստացնում է։ Ինչ վերաբերում է Գ. Անանյանին, ապա, կարծում եմ, որ իր 30 թվի բոլշեւիկյան հայացքներով նա 21-րդ դարի քաղաքացիներին պարզապես ղեկավարելու, ուղղություն ցույց տալու իրավունք չունի։ Ես ցավում եմ, որ համալսարանի ղեկավարությունն իր մեջ չի գտնում բավարար վճռականություն՝ կատարելու ֆակուլտետում արմատական քայլեր»։ Գառնիկ Անանյանը չկիսեց այն գնահատականը, որ ֆակուլտետում չկան դասախոսներ, որոնք գործող լրագրողներ են։ Նա մեկ առ մեկ թվեց իր ֆակուլտետի դասախոսների անունները եւ հիմնավորեց, թե նրանք լավ մասնագետներ են։ Այդ հիմնավորումները երբեմն վիճելի էին, սակայն սա մի առանձին հրապարակման արժանի թեմա է, ինչպես նաեւ Գ. Անանյանի այն պնդումը, թե իրենց ֆակուլտետը պատրաստում է որակյալ կադրեր։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ