Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՈՒՆԻՑ ՀԱՆԵՑ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻՆ

Սեպտեմբեր 20,2001 00:00

Առաջին անգամ «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունն ընթացավ բազմամարդ դահլիճում։ ԱԺ տուժող պատգամավորներից դատարան էին ներկայացել Սերգեյ Իսրայելյանը, Վարդան Մկրտչյանը, Ստեփան Զաքարյանը, Էմմա Խուդաբաշյանը եւ Արամայիս Բարսեղյանը։

Մինչեւ ամբաստանյալ Նաիրի Հունանյանին հարցեր կտար Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը, դատավոր Սամվել Ուզունյանը ընթերցեց ամբաստանյալ Կարեն Հունանյանի միջնորդությունը, որն ուղարկվել էր ԱԱՆ մեկուսարանից։ Կրտսեր Հունանյանը պահանջում էր իրեն ԱԱՆ մեկուսարանից տեղափոխել, քանզի ունի հայտարարություն դատարանին ուղղված, կապված մեկուսարանի պետ Խլղաթյանի հետ իր հանդիպմանը։ Դատարան կբերվեն մյուս 6 ամբաստանյալները՝ վերոնշյալ միջնորդության քննարկմանը մասնակից լինելու համար։

Փաստաբան Աշոտ Սարգսյանի հարցերն այն աստիճանի զայրացրին ամբաստանյալին (նկատելի է նաեւ, որ նրա լարվածությունը աճում է այն ժամանակ, երբ դահլիճը բազմամարդ է լինում), որ նա սպառնաց, թե հաջորդ նիստից ցուցմունք չի տա, եւ, որ գալիք երկուշաբթի էլ կոչով դիմելու է ժողովրդին։ Սպառնալիքի գերադրական աստիճանն այսպիսին էր. «Ձեզ ժամանակ չի մնում։ Զգուշացնում եմ, որ դիմելու եմ ժողովրդին»։

Իսկ հունից դուրս եկավ նա այն պահին, երբ թույլ տվեց աններելի վրիպում։ Երբ փաստաբանը հարցրեց, թե ի՞նչ նպատակով է նա դիմել «զենքի մարդկանց»՝ Ռազմիկ Վասիլյանին, Ղազար Սարգսյանին եւ ոչ, ասենք, Հմայակ Հովհաննիսյանին, որը քաղաքագետ է, ամբաստանյալը նախ պատասխանեց, որ «Հմայակ Հովհաննիսյանը կազմակերպչական աշխատանքից հեռու է» եւ որ Ռազմիկի, Ղազարի, Շանթ Հարությունյանի հետ հանդիպման նպատակն էլ մեկն էր. «հանդիպել, զրուցել, տեսնել՝ ով ինչ է մտածում։ Խնդիրը եղել է համախմբելը»։

Փաստաբանը «հիշեցրեց»՝ «կուսակցությո՞ւն ստեղծելու համար համախմբելը», ամբաստանյալը թույլ տվեց այն աններելի սխալը, որի մասին ակնարկել ենք. «Դա ինձ չի հետաքրքրել»։ Երբ Աշոտ Սարգսյանը հետեւություն արեց, թե «քո բոլոր հանդիպումները եղել են ահաբեկչական խումբ ստեղծելու նպատակով» եւ, որ պատրվակն էր քաղաքական կազմակերպություն ստեղծելը, ամբաստանյալը կորցնելով պաշտպանական ռեակցիան՝ վկայակոչեց նախաքննական մարմնի արձանագրությունից. «Հունանյանը ստեղծել է խումբ ԱԺ ընտրություններին մասնակցելու համար», վկայակոչեց այն մարմնի մեղադրականից, որով իրեն մեղավոր չէր ճանաչել եւ, որին տված իր ցուցմունքները ժխտել էր։

Երեկ ամբաստանյալի վարքագծի փոփոխությունը նկատելի էր եղել եւ ԱԺ պատգամավոր, կինոգործիչ Սերգեյ Իսրայելյանի համար։ Բազմաթիվ կերպարներ ստեղծած գործչին ուղղեցինք հետեւյալ հարցը. «Ամբաստանյալի կերպարը հայտնի ֆիլմերից ո՞ր կերպարին է մոտ եւ ինչպիսի՞ն է, ըստ ձեր դիտարկման, նրա վարքագիծը»։ Ս. Իսրայելյանը պատասխանեց. « Իմ զգացումները ոչ մի մարդկային շրջանակներում չեն տեղավորվում։ Ես հասկանում եմ իրեն։ Նա ուզում է իր կյանքը փրկել։ Նրա ցինիզմը սահմանափակում չունի։ Սա շատ զարհուրելի բան է։ 8 հոգու սպանությունից հետո խոսում է այնպես, թե ոչ մի բան չի արել, ես չեմ կարողանում հասկանալ։ Եթե ֆիլմ նկարեի, իհարկե, մի հերոս կգտնեի, որ սպանեին նրան։ Սպանողին այս դեպքում կարդարացնեին։ Ինքն իրեն պահում է այնպես, կարծես ավտոբուսի կանգառում ինչ-որ մեկին անզգուշորեն հրել է։ Մեկուսարանում, երբ քնում է, չի՞ պատկերացնում ինչ է արել։ Սրա նման կերպար չկա. ես տեսել եմ բազմաթիվ ֆիլմեր։ Ինքն իր ես-ն է սիրում։ Ինքը հրապուրված է իրենով։ Շատ առողջ մարդ է, կարծում է ազգի փրկիչն է։ Ես հազիվ եմ զսպում ինձ դահլիճում։ Իմ ընկերներին են խփել, բոլորին, բոլորին։ Չենք հասել այն կերպարին, որ վեր կենար եւ ասեր՝ մեղավոր եմ, արժանի եմ գնդակահարման։ Երբ էս ցինիզմը բերում-մեր վզին է փաթաթում, ժողովրդի վզին, չեմ հասկանում»։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930