Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան

Սեպտեմբեր 20,2001 00:00

ԵԹԵ ԳԱԶԱՐ ՉԵՆ ԱՃԵՑՆԵԼՈՒ Որքան էլ անսպասելի էր, «Արարատցեմենտի» տնօրեն, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, չնայած նախօրոք հայտնած մտադրությանը, չմասնակցեց գործարանի մասնավորեցման երեկ կայացած մրցույթին։ Պետական գույքի կառավարման նախարարությունում մրցութային հանձնաժողովի գումարած նիստի ընթացքում անսպասելի էլի բաներ կային։ Ընդամենը 1 հայտ էր ներկայացվել։ Ավելի ճիշտ՝ 3, որից երկուսը հայտ չէր, ըստ էության։ Այս վերջին երկուսը, ոնց որ թե, հեգնանք էր մեր երկրի նկատմամբ։ Իսկ հեղինակը Լոնդոնում գրանցված մալայզիական «Աջիկաո գրուպն» էր։ Այս «Աջիկաոն», որ նաեւ «Հայխնայբանկի» մասնավորեցմանն է մասնակցել, բացի հողի արժեքից (4 մլն դոլար) առաջարկել է նաեւ 100 մլն դոլարի կապիտալ ներդրում, 2500 աշխատատեղի ապահովում։ Իրականում գործարքի համար խելամիտ թվերը 6-10 անգամ փոքր են։ «Իսկ կանխավճարը մուծվա՞ծ է»,- լսած թվերից տարակուսած՝ հետաքրքրվեց նախարար Դավիթ Վարդանյանը։ Կանխավճարի անդորրագիրը չկար։ «Բայց ուշադիր նայեք, կարող է էս արանքներում (թղթերի- Ա.Ու.) է կանխավճարը»,- հույս հայտնեց նախարարը։ Բայց կանխավճարն (անդորրագիրը) արանքներում չէր։ «Ինձ թվում է, իրենց ամեն ինչն անլուրջ է»,- եզրակացրեց նախարարը։ Իր այս անլրջությունն «Աջիկաոն» 2 օրինակից էր ուղարկել մրցութային հանձնաժողովին (մեկը՝ էլեկտրոնային փոստով)։ Մալայզիական անլրջությանը նույն նիստի ընթացքում հակադրվեցին «Holcim»-ի շվեյցարական երաշխիքները։ Ընկերության ներկայացուցիչ Ի. Կիսլերի խոսքերով, «Holcim»-ը ցեմենտի արտադրության բնագավառում աշխարհում երկրորդ խոշորագույն ընկերությունն է։ «Holcim»-ն առաջարկել էր 6 մլն դոլար, պատրաստվելով հողի արժեքի հետ միասին վճարել 10 մլն։ Եվս 12 մլն դոլարի կապիտալ ներդրման պատրաստակամություն է հայտնել, խոստացել է ստեղծել 600 աշխատատեղ, ինչպես նաեւ՝ արդեն մուծել է 158 մլն 500 հազար դրամ կանխավճար։ Մրցույթին, փաստորեն, կոլեկտիվից բացի, չմասնակցեցին նաեւ ոչ լիբանանյան, ոչ հունական նախօրոք պատրաստակամություն հայտնած ընկերությունները։ Ինչո՞վ կարող է պայմանավորված լինել կոլեկտիվի չմասնակցելը։ «Արարատցեմենտի» տնօրեն Արամ Սարգսյանն առայժմ հրաժարվեց որեւէ մեկնաբանություն անել։ Հիշենք, որ 1.08.01թ. «Առավոտին» տված հարցազրույցում Ա. Սարգսյանը նշել էր, որ մասնակցելու է մրցույթին, իսկ «մյուսներին խորհուրդ չեմ տա մասնակցել։ Մասնակիցներն անհամեմատ խելոք են, եւ բոլորն էլ փորձում են ինձ հետ ընդհանուր ելքեր գտնել՝ հետո գնել։ Ես էլ, բնականաբար, բոլորի հետ հանդիպում եմ եւ խորհուրդ չեմ տալիս մասնակցել մրցույթին»։ Չի բացառվում, որ հունական եւ լիբանանյան ընկերությունների չմասնակցելը հենց այս խորհրդով էլ պայմանավորված լինի։ Իսկ «Holcim»-ը, Կիսլերի տեղեկացմամբ, Արամ Սարգսյանի հետ հանդիպել է, առաջարկելու են շարունակել պաշտոնավարել եւ մտադիր են համագործակցել։ Կոլեկտիվի անսպասելի քայլը չկարողացավ ստույգ մեկնաբանել նաեւ նախարար Դավիթ Վարդանյանը. «Ինձ թվում է, գինն իրենց համար բարձր է եղել»։ «Holcim»-ի առաջարկը մոտ 30 մլն դոլար է, որը ռեալ չէ։ Ուստի չի բացառվում, որ «Արարատցեմենտն» էլ, «Սապֆիրի» նման, առանց ներդրողի (կամ սեփականատիրոջ) մնա։ Բայց փույթ չէ, ըստ նախարարի՝ «պայմանագրային պարտավորությունների չկատարման դեպքում դատարան կդիմենք»։ Բայց ի՞նչ կշահենք։ Այնուամենայնիվ, մինչ այժմ եղած առաջարկներից մրցութային հանձնաժողովի եւ անձամբ նախարարի կարծիքով, շվեյցարացիներինն ամենալավ առաջարկն էր, բայց մրցույթը կամփոփվի չորեքշաբթի՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի, արդյունաբերության եւ առեւտրի նախարարություններից բիզնես-ծրագրի վերաբերյալ եզրակացություն ստանալուց հետո։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ Հ. Գ. Եթե «Holcim»-ը լավ առաջարկ է ներկայացրել, իրական թվեր նշել, ուրեմն բիզնես-պլանում ի՞նչ կարող է լինել, որ թույլ չտա այս ընկերությանը հաղթող ճանաչել։ Այս հարցին ի պատասխան, նախարարը կատակի տվեց. «Կարող է բիզնես-ծրագիրը չի վերաբերում ցեմենտի արտադրությանը, այլ վերաբերում է գազարի աճեցմանը։ Այդ դեպքում, եթե հանձնաժողովը տեսնի, որ հանրապետության ստրատեգիայի համար գազարը շատ կարեւոր է, մեր համաձայնությունը կտանք»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել