Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ ԵՆ

Սեպտեմբեր 20,2001 00:00

ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ ԵՆ Երեկ հրավիրված ասուլիսում ԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն անդրադարձել է նաեւ Ազատ Արշակյանին կալանավորելու իրողությանը. «Կեսարինը՝ Կեսարին, Աստծունը՝ Աստծուն։ Ես Ազատ Արշակյանին մատուցեցի նրան հասանելիքը ազգային-ազատագրական պայքարի տարբեր փուլերին մասնակցելու մասով։ Կարեւոր չէ՝ որ փուլում որքան նա գնաց, բայց որոշ պահերին նա տարել է դրոշը՝ ինչպես եւ էստաֆետայի մասնակիցներից որեւէ մեկը»։ Դե, իհարկե, «էստաֆետայի» միակ եւ մշտական հրամանատարը ինքը՝ Հայրիկյանն է։ Իսկ անկախության համար մնացած պայքարածներն այնպես՝ կողքից ցավքաշներ էին։ Բայց Պարույր Հայրիկյանը չի բավարարվել քողարկված ինքնագովազդի հերթական չափաբաժինը հրամցնելով եւ դրա հաշվին մնացածներին ու իր բանտարկված ընկերոջը նսեմացնելով. «Տարբերակենք՝ այսօր Ազատ Արշակյանին չեն դատապարտում այն բանի համար, ինչի համար դատապարտել են անցյալում՝ ազգային-ազատագրական գործունեության համար։ Բայց ո՛չ ինձ, ո՛չ էլ որեւէ մեկին իրավունք չի տրված անկախ Հայաստանի պայմաններում զենքեր կուտակել»։ Թերեւս, նկատելով, որ դատարանից առաջ է անցնում իր ընկերոջը մեղադրելով մի բանի մեջ, որ դեռ հաստատված չէ, Հայրիկյանը նշել է. «Ես անկեղծ ասած, չեմ հավատում, որ Ազատ Արշակյանն էդպիսի բան է արել։ Ըստ երեւույթին, ինքն իրեն …ունի, էդպիսի բաներ ունեցել է՝ տղայական դրսեւորումներ, որ ինչ-որ մեկի ապրանքն է, որ իր մոտ հայտնվել է, եւ ինքը չի ուզում այդ մեկի անունը տալ։ Ես դա արդարացված չեմ համարում։ Մենք ապրում ենք ազատ եւ անկախ Հայաստանում, ի՞նչ է նշանակում զինամթերք կուտակել»։ … Այս ամենը լսելուց հետո տենդագին փորձում էինք վերհիշել, թե արդյոք օրինակա՞ն էր այն զենքը, որով Պարույր Հայրիկյանը սպառնացել էր Արամազդ Զաքարյանին, եւ արդյոք Հայրիկյանին դատապարտեցի՞ն դրա համար, ինչն էլի ազգային-ազատագրական գործունեություն չէր։ Ցավոք, այդպես էլ չհիշեցինք։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել