«ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՎ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՋԱՀԱԿԻՐՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ» Այսպես նշանավորեցին Հայաստանի անկախության 10-րդ տարեդարձը ներկա իշխանությունները Ազատ Արշակյանին երկար տարիներ ճանաչող քաղաքական գործիչներին մենք նույն հարցն էինք տալիս, թե ինչպես են գնահատում նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու իրողությունը։ Մեխակ Գաբրիելյան- Ազատի խափանման միջոցը կալանքն ընտրելը, իմ կարծիքով, իշխանությունների տկարության մասին է խոսում։ Եվ ընդհանրապես՝ Հայաստանում ընդունված է ամեն մի չնչին բանի համար մարդուն մեկուսացնելը, մինչեւ դատավարությունը կալանքի տակ պահելը։ Կարծում եմ, դա հատուկ է ամբողջատիրական վարչակարգերին, եւ Հայաստանը պիտի վաղուց հրաժարվեր այդ գործելակերպից, որը մարդու իրավունքների առումով կոպիտ սխալ եմ համարում։ Ճանաչելով Ազատին, բացառո՛ւմ եմ, որ նա նման խնդիր լուծեր՝ այսինքն՝ զենք-զինամթերք հավաքեր եւ, առավել եւս, պահեր իր հոր սեփականությունը հանդիսացող տարածքում։ Նախ, ինքն իր խառնվածքով, մտածելակերպով եւ էությամբ այդպիսի մարդ չի։ Դեռ ԱՄԿ-ի շրջանից նա կողմնակից էր ցանկացած հարց խաղաղ լուծելու, առավել եւս՝ վերջին տասնամյակում ընտրությունների միջոցով, այսինքն՝ բնականոն փոփոխության եղանակի կողմնակից էր։ Արդեն իսկ ակնհայտ երեւում է, որ այդ զինամթերքի հետ նա կապ չի ունեցել։ Ինչ-որ մեկին տվել է վարձակալության այդ սենյակները, որոնք, չգիտես ինչ նպատակներով, ժամանակավորապես պահել են դրանք։ Կարող եմ ասել, որ Ազատին այս առումով միայն անփութություն կարելի էր վերագրել, որ չի հետեւել, թե ինչ է բերվել այդ տարածք։ Ալեքսանդր Արզումանյան- Ես Ազատ Արշակյանի կալանավորումը գնահատում եմ որպես հայոց պետականության խայտառակություն։ Նա մարդ է, որին ամբողջ հանրապետությունը ճանաչում է որպես խղճի կալանավորի, որն իր կյանքի ամենալավ տարիներն անց է կացրել խորհրդային գաղութներում՝ պայքարելով հայոց պետականության վերականգնման, Հայաստանի անկախության համար։ Եվ այս մարդուն Հայաստանի անկախության 10-րդ տարեդարձի նախօրեին ձերբակալելն ուղղակի մեր բոլորիս խայտառակությունն է։ Ես գործի նյութերին ծանոթ չեմ, չգիտեմ։ Հավանաբար, ինչ-ինչ մեղադրանքներ առաջ են քաշվել։ Բայց այստեղ ավելի կարեւոր է ոչ թե այն, թե հատկապես ինչ հնարքով է նա ձերբակալվել եւ ինչում են նրան մեղադրում, որքան այն, որ այդ մարդը մեր խորհրդանիշներից մեկն է։ Դա նույնն է, ինչ Հայաստանի զինանշանը ջախջախելը, մեր դրոշն այրելը սեպտեմբերի 21-ին՝ ես այսպես եմ գնահատում։ (Հետաքրքրվեցինք, թե ինչու է վստահ, որ Ազատ Արշակյանի դեմ հարկ էր ինչ-ինչ հնարքներ գործադրել.- Ա. Ի.)։ Պատասխանը միանշանակ է, քանզի, ինչպես հայտնի է, մի քանի շաբաթ առաջ «Անկախության բանակ» հասարակական կազմակերպությունը հանդես եկավ շատ կարեւոր հայտարարությամբ, որում խիստ քննադատության ենթարկեց ներկա վարչակարգը։ Կարծում եմ, այս համատեքստում պետք է դիտարկել այդ հնարքների կիրառումը նրա նկատմամբ։ (Հիշեցրինք, որ իշխանափոխության պահանջով հանդես են գալիս բազմաթիվ կազմակերպություններ.- Ա. Ի.)։ Փորձը ցույց է տալիս, որ ով կտրուկ հայտարարությամբ է հանդես գալիս, իր կյանքի որոշ ժամանակահատված անց է կացնում հայաստանյան մեկուսարաններում։ Սակայն խաբվել պետք չէ, եւ մի բան խորհուրդ կտայի ներկա իշխանություններին. եթե Ազատ Արշակյանին խորհրդային հակամարդկային՝ «Գուլագ» ստեղծած մեքենան չկարողացավ խեղճացնել, ապա Հայաստանի այս խղճուկ իշխանությունները հաստատ չեն կարող դա անել։ Ազատ Արշակյանն Արկադի Վարդանյան չէ։ Շանթ Հարությունյան- Սխալ էր Ազատ Արշակյանին ոչ միայն կալանավորելը, այլ ընդհանրապես նրա նկատմամբ քրեական գործ հարուցելը։ Ճիշտ է, օրենքը մնում է օրենք՝ եթե ինչ-որ բան են հայտնաբերել։ Չէի ուզենա տպավորություն ստեղծվեր, թե ես իբր սպեկուլյացիայի առարկա եմ դարձնում նրա ծառայությունները՝ օրենքի առջեւ պատասխանատվությունից խուսափելու համար։ Սրա մասին չէ խոսքը, այլ նրա նկատմամբ կիրառված միջոցների։ Ուղղակի գտնում եմ՝ քանի որ այդ զինամթերքը որեւէ մի ընտանիքի դժբախտության պատճառ չի դարձել, ոչ էլ դրանով որեւէ հանցագործություն է կատարվել՝ կարելի էր ավելի ներողամիտ մոտեցում ցուցաբերել։ Բազմաթիվ են դեպքերը, երբ ապօրինի զենք են հայտնաբերում եւ չեն կալանավորում՝ հաշվի առնելով մեղմացուցիչ տարբեր հանգամանքները։ Ազատը մասնակցել է մարտական գործողություններին եւ, բնական է, կարող էր զենք ունենալ։ Բայց նա, ճիշտ է, ոչ մեկի ներման կարիքը չի զգում ընդհանրապես։ Եթե ինքն է հավաքել այդ զինամթերքը՝ ուրեմն գիտակցորեն է դա արել։ Բայց էլի կարող էին չկալանավորելով նրան դատել։ Անկախության 10-ամյակն է նշվում։ Եվ փաստորեն այսօրվա իշխանություններն այդ տարեդարձը նշում են անկախության ջահակիրներից մեկին կալանավորելով։ Եվ կալանավորում են ի՞նչ պատճառով։ Եթե դրանք նրա զենքերն են, վստահ եմ, որ նաեւ դրանցով է ձեռք բերվել անկախությունը՝ մինչեւ Հայկական բանակի ստեղծվելը։ Ես չգիտեմ, թե ինչպես են տոնելու սեպտեմբերի 21-ը։ Բայց եթե այս միտումը շարունակվի (իսկ ես զգում եմ, որ պետականության դեմ այս գործընթացը շարունակվելու է), Ազատի նմանները հետապնդումների ենթարկվեն, ըստ երեւույթին, մեզ մնում է մի բան՝ որ հայտարարություն անենք, որ անցնում ենք ընդհատակ՝ ինչպես խորհրդային շրջանում, եւ պայքարենք նրանց դեմ՝ խտրություն չդնելով միջոցների մեջ այնպես, ինչպես չեն դնում իշխանությունները։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ