ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻՆ Սեպտեմբերի 24-28-ը Ստրասբուրգում տեղի կունենա Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հերթական աշնանային նիստը։ Նիստին կմասնակցեն նաեւ հայաստանյան պատվիրակությունը, պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։ Պատվիրակության կազմում հնարավոր փոփոխությունը՝ կապված ՀՀԿ խմբակցության որոշման հետ (Յուրի Մանուկյանին Գագիկ Մանուկյանով փոխարինելու մասին), պրն Հովհաննիսյանը բացատրեց այսպես. «Մեզ համար ցանկալի չէ այս րոպեին պատվիրակության կազմում փոփոխություն կատարելը, որովհետեւ այդ դեպքում նորից պիտի վերահաստատվի մեր ամբողջ պատվիրակությունը։ Այս փոփոխությունը ԱԺ ղեկավարությունն ընդունել է եւ չի կարող չընդունել, որովհետեւ դա խմբակցության խնդիրն է։ Փոփոխությունը պատվիրակությունում, իհարկե, կանենք, բայց Եվրախորհրդի հաստատման կգնա հունվարին»։ Եվրախորհուրդը իր լիագումար նիստում պատրաստվում է օրակարգից դուրս քննարկել ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, դրա հետեւանքները։ Ելույթներ կունենան մի շարք երկրների արտգործնախարարներ։ Հնարավոր է, որ արդյունքում ընդունվի կոչ՝ ուղղված եվրոպական երկրներին։ Պրն Հովհաննիսյանի հետ զրույցը, հասկանալի է, չշրջանցեց լորդ Ռասել Ջոնսթոնի այցը եւ դրա հետ կապված մի շարք թեմաներ։ Մեր տպավորությամբ, Հայաստանի խորհրդարանում լորդի ելույթից զգացվեց, որ հայաստանյան պատվիրակությունը Եվրախորհրդում չի փայլել ակտիվությամբ։ Պրն Հովհաննիսյանը համաձայն չէր մեր այս դիտարկմանը եւ իր կարծիքը հայտնեց. «Իրականում այդպես չէ։ Մեր պատվիրակությունը նորմալ աշխատել է։ Սա ամենօրյա աշխատանք է եւ բոլորովին այն չէ, թե ընդամենը պետք է երեք ամիսը մեկ մեկնել Ստրասբուրգ աշխատելու, մենք Եվրախորհրդի հետ աշխատում ենք ամեն օր։ Բավականին ծանր եւ ծավալուն աշխատանք է, որովհետեւ 8 հանձնաժողով կա Եվրախորհրդում, եւ ամեն մի հանձնաժողովը մի Ազգային ժողովի չափ գործ է անում»։ Այնուամենայնիվ, Եվրախորհրդին Հայաստանի անդամակցությունից առաջ շատերս էինք ոգեւորված, խորհրդի հասցեին հնչում էին գովաբանական խոսքեր, բայց, հանկարծ, պարզվեց, որ նույնիսկ նման լուրջ եւ ներկայացուցչական կառույցում տեղի են ունենում կոպիտ սխալներ, որի համար խորհրդի նախագահը ստիպված է լինում ներողություն խնդրել։ Խոսքը վերաբերում է Ղարաբաղում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին Եվրախորհրդի արված հայտարարությանը եւ դրան հաջորդող բացատրություններին։ Հովհաննես Հովհաննիսյանի ասելով, Եվրախորհրդին անդամակցությունը իրոք լուրջ քաղաքական խնդիր էր. «Եվրախորհուրդը տալիս է, մնում է, թե երկրները այդ տրվածից ինչքանը կվերցնեն։ Իսկ այն, ինչ տալիս է Եվրախորհուրդը, հավատացեք, մեզ պետք է։ Սակայն իդեալական ոչինչ չի լինում աշխարհում, եւ ոչ մի կառույց չի կարելի իդեալականացնել։ Ղարաբաղի տեղական ինքնակառավարման ընտրությունների հետ կապված՝ բացատրեմ։ Երկու սկզբունք կա. առաջինը՝ որ Եվրախորհուրդը փորձում է քայլ անել, որպեսզի մասնակից դառնա Ղարաբաղի խնդրի կարգավորմանը»։ Իսկ ինչո՞ւ է Եվրախորհուրդը ցանկություն հայտնում մասնակից դառնալ ղարաբաղյան կարգավորմանը։ Ըստ Հովհաննես Հովհաննիսյանի, Եվրախորհուրդը մտադիր չէ քաղաքական լուծումներ ակնկալել. «Բայց Եվրախորհրդի անդամ երկրներ կան, որոնք ուղղակի չեն ուզում անմասն մնալ որեւէ կոնֆլիկտից։ Իրենց անդամ երկու երկրներում ունեն կոնֆլիկտներ, եւ ուզում են, որ այդ կոնֆլիկտը ինչ-որ ձեւով լուծվի, եւ ուզում են օգնած լինել»։ Սակայն պարզ դարձավ, որ հայաստանյան իշխանությունները այդ օգնությունը չեն ուզում։ Նույնիսկ հատուկ շեշտվեց, որ ղարաբաղյան կարգավորմամբ Մինսկի խմբի շրջանակներում զբաղվում են, եւ ուրիշ զբաղվող հարկավոր չէ։ Մեր այս դիտարկմանը պրն Հովհաննիսյանը պատասխանեց. «Նաեւ ես եմ ասել, որ ուղղակի փորձել մտնել այդ կոնֆլիկտի մեջ հանպատրաստից, ճիշտ չէ։ Տեսեք, Վեհաժողովի նախագահը եկավ Հայաստան եւ մի քանի հակասական հայտարարություն արեց։ Ինչո՞ւ նա այդպիսի հակասական հայտարարություն արեց, որովհետեւ Եվրախորհուրդը պատրաստ չի Ղարաբաղի խնդրին, եւ երկրորդը՝ իրեն էին վատ պատրաստել։ Բայց դա զուտ նրանից է, որ Եվրախորհուրդը պատրաստ չէ Ղարաբաղի խնդրին։ Մենք ոչ թե դեմ ենք, որ Եվրախորհուրդը մասնակից դառնա, այլ՝ մենք չենք ուզում, որ ոչ պատրաստ, ոչ իրազեկ, ոչ խորը ուսումնասիրված նման հայտարարություններ արվեն։ Դա չի նպաստի Ղարաբաղի խնդրի կարգավորմանը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ