Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՍԵՐ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ

Սեպտեմբեր 19,2001 00:00

ԴԱՍԵՐ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Սեպտեմբերի 20-ին կայանալիք անկախության օրվան նվիրված միջոցառմանը մասնակցելու համար Երեւանի քաղաքապետարանի հրահանգով 18-20 դպրոցների տնօրեններ աշակերտներ էին ուղարկել Վ. Սարգսյանի անվան մարզադաշտ։ Ի դեպ, ավտոբուսներ էին տրամադրվել միայն ծայրամասերի դպրոցներին, իսկ կենտրոնի դպրոցների տնօրեններին ակնարկել էին, որ ինքնուրույն տեսնեն իրենց գլխի ճարը։ Առավոտյան 9-ից սկսած, հավաքել էին երեխաներին մարզադաշտում ու մոռացել։ Ավելի ճիշտ, մինչեւ 1-ը զբաղված էին անսարք միկրոֆոնների ու ոչ մի կերպ չենթարկվող ֆոնոգրամայի միացմամբ։ Իսկ կազմակերպիչներն այնքան շատ էին ու իրարից անտեղյակ, որ հաճախ միմյանց հակասող հրահանգներ էին տալիս, հոգնած-ջարդված երեխաներին մի տրիբունայից մյուսն ուղարկում, ժամանակ առ ժամանակ փորձում «կարգի հրավիրել» շուրջ 4 ժամ սպասող, սոված-ծարավ աշակերտներին մի կերպ հանգստացնել փորձող ուսուցիչներին։ Ժամը 1-ի սահմաններում, սակայն, երեխաների համբերությունը սպառվեց, ու վերջիններս փորձեցին անկախությանը նվիրված միջոցառման կազմակերպիչների ուշադրությունը իրենց պարտադրված անկախ-անորոշ վիճակի վրա հրավիրել բարձր ծափահարություններով ու սուլոցներով։ Տարբեր տոնայնություն ունեցող երեխաներին ստիպեցին, 1-2 անգամ երաժշտությունը լսելուց հետո, կատարել բարդ երգերը՝ սկսած «Հայր մերից»՝ ավարտած «Եղբայր եմք մենք»-ով։ Հովհ. Չեքիջյանն էլ ստանձնեց այս տարօրինակ «երգչախումբը» ղեկավարելու գործը, որն ավարտվեց նրա զայրույթով։ Անկախության փառաբանմանը միտված միջոցառման անհաջող փորձը ձախողվեց, քանի որ շատ ուսուցիչներ, ի վերջո, աշակերտների հետ հեռացան մարզադաշտից։ ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել