Այս հայցը դեռ շատ ջուր կվերցնի Արմավիրի մարզի 1-ին ատյանի դատարանում (ք. Էջմիածին, դատավոր՝ Վ. Գրիգորյան) «հրադադար» է հայտարարվել «Արարատ» մարզային թերթի դեմ քաղաքացի Մարինե Գաբրիելյանի հայցի քննության փուլում։ Ինչպես տեղեկացրել էինք, հայցվորի 2 էքս-ներկայացուցիչներն այս դատարանում փոխարինվեցին մեկով՝ պրոֆեսոր Պուշկին Սերոբյանով։ Վերջինս հատուկ հետաքրքրություն ցուցաբերեց Խաչփար գյուղի գյուղապետ Շահեն Մարտիրոսյանի անձի նկատմամբ, որը դատակոչվել էր որպես վկա։ – Ե՞րբ է Վահրամը նշանակվել դպրոցի տնօրեն,- հարցրեց վկային պրոֆեսոր Սերոբյանը, հարց, որը կապ չուներ լրատվամիջոցի դեմ իր վստահորդի ներկայացրած հայցի բովանդակության եւ հերքման պահանջի հետ։ Նույնքան անսպասելի էր գյուղապետ-վկայի պատասխանը. – Երբ ձեր ուզած մարդը տնօրեն չնշանակվեց, պրն Սերոբյան։ Սեպտեմբերի 3-ի, 5-ի, 12-ի դատական նիստերի արդյունքում դատարանը բավարարեց «Արարատ» թերթի գլխավոր խմբագիր Կարինե Աշուղյանի միջնորդությունը. «Քանի որ դատաքննության ընթացքում շոշափվող ադրբեջանցի ռազմագերու հարցը այդպես էլ չի պարզվում, խնդրում եմ դատաքննությունը ընդհատել եւ գործը հանձնել ՀՀ գլխավոր դատախազությանը, որը կպարզի ռազմագերու հետագա ճակատագիրը»։ «Արարատ» թերթում տպագրված Խաչփարի գյուղաբնակների նամակում (ինչը հերքելու պահանջ է դրել հայցվորը) խոսվում է նախկին գյուղապետի թեկնածու Մարինե Գաբրիելյանի մասին, որը ազերի գերի է պահել, վաճառել նրան Սադախլոյում (այն դեպքում, երբ նրան գյուղ են բերել փոխանակելու նպատակով)։ Հայցվորի ներկայացուցիչը՝ Պ. Սերոբյանը 3.09.2001թ. միջնորդեց հարցաքննել նաեւ «Երկիր» թերթի լրագրող Կիմա Եղիազարյանին, ինչը մերժվեց դատարանի կողմից։ Այն տպավորությունն ես ստանում, թե հայցվորը չգիտի էլ՝ ի՞նչ հայցով էր դիմել դատարան։ Ռ. Մ.