Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆԸ՝ ԲԻԶՆԵՍԻ ԱՄԵՆԱԿՈՒԼ ԿԵՆՏՐՈՆ

Սեպտեմբեր 19,2001 00:00

ԵՐԵՎԱՆԸ՝ ԲԻԶՆԵՍԻ ԱՄԵՆԱԿՈՒԼ ԿԵՆՏՐՈՆ Պարզ է, որ Երեւանը Հայաստանի մայրաքաղաքն է եւ ոչ ամբողջ Հայաստանը։ Բայց, չգիտես ինչու, այսօր բոլոր նախարարությունները մի տեսակ վերածվել են կենտրոնի (մայրաքաղաքի) նախարարությունների, իսկ մարզերը մոռացության են մատնվել։ Դրա ցայտուն արտահայտություններից մեկն, օրինակ, բիզնեսի ընդգծված անհամաչափ բաշխումն է Հայաստանում։ Գաղտնիք չէ, որ բիզնեսի 75%-ից ավելին կենտրոնացած է Երեւանում (ըստ վիճվարչության տվյալների), 14,5%-ը՝ Կոտայքի մարզում, 5%-ը՝ Սյունիքում։ Եվ որքան էլ զարմանալի է, մնացած բոլոր մարզերում՝ միասին վերցված, այդ թիվը կազմում է ընդամենը 3%։ Ըստ Երեւանի թաղային համայնքների՝ 2001թ. հունվար-հունիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի արտադրության առումով աչքի են ընկել Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Շենգավիթ եւ Նորք-Մարաշ համայնքները։ Իսկ Աջափնյակում եւ Ավանում գրանցվել է արդյունաբերական ապրանքների արտադրության կրճատում։ Ի դեպ, գնալով աճում է «բիզնեսի» մի տարատեսակ, հատկապես՝ գյուղմթերքների շուկաներում, ուր վաճառողների 90%-ը վերավաճառողներ են, որոնք իրենց ձեռք բերած գյուղմթերքներն իրացնում են՝ դրանց գնին հավելելով եւս 40%։ Իհարկե, հարցով մտահոգ՝ ճիշտ ժամանակին Հայաստանում ստեղծվել է ներդրումների խթանման ու գործարարության աջակցման բարձրաստիճան խորհուրդ, որը ջանք չի խնայում իր բուն գործունեությունն արդյունավետ իրականացնելու համար։ Էլ չենք խոսում նրանից անանջատ, «բարեհաջող» ընթացող հակակոռուպցիոն պայքարի մասին։ Մի բան, այնուամենայնիվ, պարզ չէ. այս ամենից հետո ինչո՞ւ են շարունակում Հայաստանից հեռանալ՝ 10-12%-ը՝ ընտանիքների հետ վերամիավորվելու, իսկ մեծամասնությունը՝ աշխատատեղերի ու բավարար կենսամակարդակի բացակայության, ինչպես նաեւ՝ երկրի հնարավոր բարգավաճման հանդեպ հավատի կորստի պատճառով։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել