«Ֆազենդայական» հիվանդություն Անցյալ տարի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կազմում գտնվող «Հայավիաբուժ» բժշկական կենտրոնը ստացավ առանձին փակ բաժնետիրական ընկերության կարգավիճակ։ Առանց այն էլ ոչ այնքան «բարվոք» վիճակում գտնվող կառույցում, ինչպես ասում են՝ «աչքից հեռու», էլ ավելի է ծաղկում կամայականությունների շղթան։ Սպառվում է կոլեկտիվի համբերությունը եւ այս տարվա հունիսին բողոք-նամակ են գրում գլխավոր վարչություն։ ՀՀ քաղավիացիայի վարչության ստեղծած 12 հոգիանոց հանձնաժողովի անդամները ստուգման արդյունքում «Ավիաբուժ»-ում արձանագրել են մեծ չափերի հասնող ֆինանսական խախտումներ։ Սակայն, ինչպես վարվում են այսօր նման դեպքում, աշխատանքից ազատվեցին ստորին օղակների համապատասխան աշխատակիցները, իսկ գործադիր տնօրենը… որպես «տույժ», բժշկա-թռիչքային փորձաքննության հանձնաժողովի 70-ամյա նախագահի հետ միասին սեպտեմբերի 14-ին մեկնեց Ժնեւ՝ գիտաժողովի։ Գործուղման եւ գործուղվողների նպատակահարմարությունը որոշել է տնօրինությունը, իսկ կոլեկտիվը այդ մասին իմացել է միայն նրանց մեկնելուց 3 օր առաջ։ Աշխատակիցների հավաստմամբ, ընկերության միջոցները այնքան սուղ են, որ իրենք օրերս են ստացել հուլիսի աշխատավարձը, իսկ ամառային հանգստի մեկնածներից դեռեւս մի քանի հոգի են արձակուրդային գումար ստացել։ Եվ այսօր, երբ նույնիսկ առօրյա էլեմենտար գույք (անգամ՝ գրելու թուղթ ու գրիչ) ձեռք բերելու գումարն է դժվարությամբ հայթայթվում, արդյոք շռայլությո՞ւն չէ մոտ 5 հազար դոլար գործուղման ծախսը, մանավանդ որ աշխատակիցներն են տարակուսում, թե ի՞նչ է տալու դա ընկերությանը։ Մինչդեռ, ֆինանսական միջոցների բացակայության պատճառաբանությամբ, սահմանված կարգով, 5 տարին մեկ համապատասխան մասնագիտական վերաորակավորման դասընթաց անցնելու համար բժիշկների, բուժական անձնակազմի մոտ 200 դոլար ուսման վարձը չի փոխանցվում։ Եվ վերջիններս լիցենզավորման կարգ ստանալու համար ստիպված սեփական գրպանից են վճարում։ Ցավալի է, բայց փաստ, որ այս «ֆազենդայական տնօրինման» հիվանդությամբ այսօր տառապում են հանրապետության թիվ մեկ չինովնիկից մինչեւ ամենացածր, բայց համապատասխան ֆինանսական տնօրինման իրավունք ունեցող պաշտոնյան։ Իսկ ինչո՞ւ չօգտվել աստեղային ժամից… Սեփ. լր.