Լրահոս
Օրվա լրահոսը

Շատերն

Սեպտեմբեր 19,2001 00:00

Ճշմարտության ելեւէջները Շատերն ուզում են գրող-արվեստագետ դառնալ ոչ թե այդ ռոմանտիկական մասնագիտությունները սիրելով, այլ դրանց ընձեռած առավելություններից օգտվելու համար։ Ասպարեզ տալիս են ծնողական, ազգակցական, գավառակցու կամ պարզապես պատահական համակրանքի հովանավորությամբ։ Մյուսներն ասպարեզը նվաճում են։ Առաջին խմբի մի մասը դառնում է մակաբույծ, երկրորդ խմբի մի մասը՝ վաղամեռիկ։ Տագնապալի զգացողությունների դեպքում մարմնի դիսկոմֆորտն իր վրա է սեւեռում հոգու դիսկոմֆորտը։ Այդ մի բանը լավ գիտեին հնամյա ճգնավորները, որոնք թեկուզ առանց գրելու՝ հոգեւորն էին ստեղծագործում։ Մարմնի կոմֆորտը գերադասող աշխարհիկների հետ այդպիսով ստացվում է համարժեք հավասարակշռություն։ Դիսկոմֆորտի այդ երկու տեսակների փոխհարաբերությունները ակնհայտ են աշխատանքային ծանրաբեռնվածության, ռեկրեատիվ ժամանցի, խաղերի ու նաեւ սպորտասիրության ձեւերով, առավել եւս՝ ստեղծագործական թռիչքներով։ Ինքնատիպությունը պահանջում է բացառիկ զգոնություն եւ հարատեւ ձգտում՝ ուրիշներին չկրկնելու, ինքն իրեն տարբերակելու, նվազագույնս ինքն իրեն կրկնելու, ստեղծագործածը ջնջելու՝ հարկ եղած դեպքում։ Այդ ինքնահսկումը հոգնեցուցիչ է, անշուշտ, բայց այլ ուղի չկա ստեղծագործական զարգացման համար։ Խնդիրն ավելի է բարդանում չգնահատվելու հանգամանքով, նաեւ՝ բարեկամական դիտողությունների բացակայությամբ։ Մեր անքնությունը քի՞չ է, գիշերային շներն իրենց անքնությունը մեր ականջներն են խցկում։ Եվ հիվանդությունը՝ ստեղծագործականը թե բնականը, զարմանում է, որ ինքդ քո հիվանդապահն ես դարձել, ու պոկ չի գալիս քեզանով հետաքրքրվելուց։ Հալածում են ճշմարտությանը, որովհետեւ սուտ է։ Ճշմարտությունը սուտ է, որովհետեւ ոչ մեկը դրա կարիքը չունի գլոբալ տեսակետից։ Նրա կարիքը չունեն, որովհետեւ անպայման մարդն ավելին է, քան պայմանական ճշմարտությունը։ Մարդն ավելի դյուրությամբ է աղավաղում ճշմարտությունը, քան ճշմարտությունը կկարողանա փոփոխել մարդուն։ Ճշմարտությունը պատմականորեն բազմերեսանի է, եւ մարդը ի վիճակի է համբուրելու կամ ապտակելու նրա այս կամ այն երեսը։ Ճշմարտությունը ոչ միայն նպատակ է, այլեւ գործիք, մինչ մարդը՝ գործիք արտադրող ու փչացնող հասարակական կենդանի։ Ճշմարտությունը արիությունը չկորցնելու տաղանդ է պահանջում, մինչ վայելչասեր միջակությունը բացականչում է. «Թող խեղդվի իր տաղանդի մեջ»։ Առանց ընդհատումների այս խաղը դարերի խորքից անցնում է հազարամյակից հազարամյակ, հոգեհան ելեւէջներով։ ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել