ՏՈՒՐԻ՛ՍՏ, ՏՈՒՐԻ՛ՍՏ, Ե՛Կ, Ե՛Կ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐ Ե՛Կ Երեկ ամերիկահայ մեծահարուստ, Հայաստանում Զբոսաշրջության զարգացման ազգային գործակալության (ԶԶԱԳ) նախագահ Վահագն Հովնանյանի թեթեւ ձեռքով բացվեց ԶԶԱԳ համակարգի մեջ մտնող «Հայաստան տեղեկատվություն» կենտրոնի րասենյակը։ «Կենտրոնը բացվել է տուրիզմի զարգացումն ապահովելու համար։ Տուրիստական ընկերություններ պիտի հրավիրենք, ցույց տանք մեր երկրի բարիքները, ժողովրդին, ծանոթացնենք Հայաստանի հետ։ Ինֆորմացիա ունենան, թե որ թատրոնում ինչ են խաղում, որ կինոթատրոնում ինչ են ցուցադրում, ինչպես կարելի է Գորիս հասնել, որտեղ մեքենա վարձել, որ ռեստորանը գնալ, Երեւանից Լոռի քանի կմ է եւ այլն, եւ այլն…,- նորաբաց կենտրոնի նպատակների մասին պատմեց Վահագն Հովնանյանը։- Տուրիստական գործակալությունների հետ պիտի շարժվենք ձեռք ձեռքի տված, կազմակերպված ձեւով։ Ե՛վ դրսի՝ պոտենցիալ տուրիստների հետ պիտի աշխատենք, որ Հայաստան գալու ցանկություն առաջանա, ե՛ւ արդեն Հայաստանում գտնվողների հետ, որ ժամանակ չկորցնեն հարկավոր տեղեկությունը ստանալու համար, գիտենան, որ կա մի կենտրոն, որտեղից հնարավոր է բոլոր անհրաժեշտ ինֆորմացիան քաղել»։ Գրասենյակը ստեղծվել է USAID եւ IESC միջազգային կազմակերպությունների անմիջական օժանդակությամբ։ Մոտավորապես 300 հազար դոլարի ներդրում է պահանջվել գրասենյակի կահավորման, www.armeniainfo.am ինտերնետային էջը ստեղծելու, համակարգիչներով ապահովելու եւ շատ ու շատ այլ ծառայությունների կազմակերպման համար։ Կենտրոնը ցանկացողներին անվճար հիմունքներով առաջարկելու է Հայաստանի քարտեզներ, բրոշյուրներ եւ այլ տեղեկատվական ծառայություններ։ «Հայաստան տեղեկատվություն» կենտրոնի բացմանը ներկա էին ՀՀ-ում օտարերկրյա տասնյակ դեսպաններ, ԱԳ նախագար Վ. Օսկանյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար Կ. Արիստակեսյանը, ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ ուղղակի «այլ պաշտոնատար անձինք»։ Վ. Օսկանյանը կարծում էր, որ այսպիսի գրասենյակներ ուղղակի անհրաժեշտ են երկրին, որը ցանկանում է տուրիզմը զարգացնել. «Տուրիստները պիտի մի տեղ ունենան, որ հանգիստ կարողանան գնալ, ինֆորմացիա ստանալ։ Նման գրասենյակներ քաղաքի տարբեր մասերում եւ Հայաստանի տարբեր մարզերում պետք է լինեն»։ ԱՄՆ դեսպան Մայքլ Լեմոնը հիշեց. «Երբ առաջին անգամ ոտք դրեցինք Հայաստան, նկատեցինք, թե ի՜նչ գեղեցիկ երկիր է Հայաստանը եւ որքա՜ն շատ բան կարող է տալ տուրիստներին։ Բայց միեւնույն ժամանակ տեսանք, թե որքան քիչ քարտեզներ, բուկլետներ եւ բրոշյուրներ կան, որ կարելի է առաջարկել տուրիստներին եւ խթանել տուրիզմը։ Այդ պատճառով մենք աջակցեցինք USAID-ին եւ IESC-ին։ Այս կենտրոնում տարվող աշխատանքը, ԶԶԱԳ-ը կօգնի ստեղծել շատ աշխատատեղեր եւ հրաշք գործել Հայաստանում»։ ԶԶԱԳ Տնօրենների խորհրդի անդամ, արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Արա Պետրոսյանը հույս հայտնեց, որ գրասենյակը «միշտ այսպես լեցուն կլինի տուրիստներով»։ Իրապես, այնքա՜ն մարդ էր հավաքվել երեկ «Հայաստան տեղեկատվություն» նորաբաց կենտրոնում, որ շարժվելու տեղ չկար։ Նա նկատեց, որ «նորակառույց հյուրանոցների կողքին այս սրահի բացումը լուրջ քայլ է միջազգային ինտեգրացման ճանապարհին»։ Ափսոս, որ ոչ ոք չասաց, թե այս կենտրոնն այնքա՜ն սպասված 40 հազար աշխատատեղի եւ 150 հազարանոց տուրիստական բանակի քանի տոկոսը կապահովի։ Փոխարենը, Արա Պետրոսյանը Վահագն Հովնանյանին «մաղթեց», որ «նրա ամեն այցելության ժամանակ այսպիսի մի բան բացվի Հայաստանում»։ Խե՜ղճ Հովնանյան։ Հիրավի, դժվար բան է սփյուռքահայ մեծահարուստ լինելը՝ սպասումները եւ թաքուն ու բացահայտ պահանջները շատ մեծ են։ Իսկ Վ. Հովնանյանի դուստր Նինա Հովնանյանը (նա, ի դեպ, արդեն բնակվում է Երեւանում եւ, ինչպես նշված էր նրա PR-ում՝ «նոր կյանք է պատրաստվում սկսել ԼՂ-ում եւ ՀՀ-ում՝ իր ապագա ամուսնու՝ Արթուր Ալեքսանյանի հետ»), որ ԶԶԱԳ-ի գործադիր տնօրենն է, տեղեկացրեց, որ նոյեմբերին Լոնդոնում կայանալիք մեծամասշտաբ կոնֆերանսին՝ նվիրված զբոսաշրջությանը, կներկայացվի նաեւ Հայաստանը՝ ԶԶԱԳ-ի շնորհիվ։ Ամենահետաքրքիրն այն է, որ երբ Նինա Հովնանյանը անգլերենով ներկայացնում էր կենտրոնի ծրագրերը, ՀԲ-ի հայաստանյան ներկայացուցիչ Օուեյս Սաադաթը մաքուր հայերենով ընդմիջեց օրիորդ Հովնանյանին՝ «մի րոպե, մի րոպե, թող թարգմանի՝ նոր շարունակեք…»։ Յուրաքանչյուր տուրիստի հաշվառելու մեծ ցանկությունից դրդված ՀՀ-ում օտարերկրյա ամենաերիտասարդ դեսպան Թոյլի Կուրբանովից (նա ներկայացնում է Թուրքմենիայի դիվանագիտական կորպուսը) հետաքրքրվեցինք՝ չի՞ սպասվում թուրքմեն տուրիստների հոսք Հայաստան։ Նա պատասխանեց. «Կլինեն։ Եկող ամիս անպայման կլինեն»։ Դե ինչ, անհամբեր սպասում ենք։ Մ. ԲԵՔԱՐՅԱՆ