Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարաններում լսվող քաղաքացիական գործերի մեծ մասը աշխատանքային վեճերն են։ Որքան մեծ է գործազրկությու

Սեպտեմբեր 19,2001 00:00

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՃԵՐՈՒՄ ՀԱՂԹՈՒՄ Է ՈՒԺԵՂԸ Դատարաններում լսվող քաղաքացիական գործերի մեծ մասը աշխատանքային վեճերն են։ Որքան մեծ է գործազրկությունը, այնքան անպաշտպան է աշխատողը, քանի որ նրա գլխավոր պաշտպանը՝ օրենքը, մեզանում կամ անկատար է, կամ չի գործում: Իսկ աշխատողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպություններ, կարելի է ասել՝ չկան, խորհրդային ժամանակներից գործող արհմիությունները աշխատավարձ չստացող, ապօրինաբար աշխատանքից ազատված մարդկանց իրավունքների շահերի պաշտպանությամբ չեն զբաղվում։ Եվ բոլորովին զարմանալի չէ, որ 10 տարում այդպես էլ աշխատանքային նոր օրենսգիրք չընդունվեց։ Այժմ գործածության մեջ գտնվող խորհրդային օրենսգիրքը աշխատողի իրավունքների ոտնահարման լավագույն շղարշն է դարձել։ 1998-ին կազմված աշխատանքային նոր օրենսգրքի նախագիծը երեք տարի է գտնվում է կառավարության գզրոցներում։ Արդյունքում՝ ունենք նոր տնտեսական, քաղաքական հարաբերություններ, բայց հին օրենսգիրք, որը չի բավարարում այսօրվա պահանջներին։ Վիճակից ելք չէ նաեւ աշխատանքային օրենսգրքի որոշ հատվածները առանձին օրենքների տեսքով ընդունելը։ Ենթադրվում է, որ նոր աշխատանքային օրենսգիրքը կհստակեցնի հարաբերությունները գործատուի եւ վարձու աշխատողի միջեւ, կկարգավորի նրա իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքային վեճերի լուծման հստակ մեխանիզմներ կստեղծի։ Սակայն փաստ է, որ նման հստակեցումները ձեռնտու չեն ոչ իշխանություններին, ոչ այն փոքրաթիվ գործատուներին, որոնք գործադիր եւ օրենսդիր իշխանության հետ սերտաճելով՝ պղտոր իրավական դաշտի պահպանման երաշխավորն են դարձել։ Հայաստանի սահմանների եւ Արցախյան պաշտպանական գործողությունների մասնակից, կադրային զինվորական սպա Ալբերտ Հովհաննիսյանի աշխատանքային վեճը թիվ 30 դպրոցի տնօրեն Լեւոն Ղազարյանի հետ այս քաոսի լավագույն դրսեւորումն է։ Ալբերտ Հովհաննիսյանին ընդունելով դպրոցում հաստիքային աշխատանքի, տնօրենը, չգիտես ինչու, ժամկետային պայմանագիր է կնքել։ Սակայն պայմանագրի ժամկետը դեռ չլրացած, որոշել է միակ տղամարդ պաշտոնի ուսուցչին ազատել աշխատանքից։ Հրամանի մեջ հիմք է ընդունվել գործալքությունը (Աշխատանքային օրենսգիրք, հոդված 36, կետ 3,4)՝ «առանց հարգելի պատճառների սիստեմատիկաբար իր պարտականությունները չկատարելը»։ Հետագայում Ա. Հովհաննիսյանի աշխատանքի վերականգնման հայցի քննության ընթացքում չի նշվել ոչ մի կոնկրետ փաստ՝ թե հայցվորն ինչքան (երբ բացակայել է ընդամենը 30 րոպե) եւ ինչ եղանակով չի կատարել իր պարտականությունները։ Արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբան պրն Փիլիպոսյանը պարզաբանեց, որ աշխատողի գործալքությունը պետք է արձանագրվի որեւէ փաստաթղթով, ասենք, զեկուցագրով, պետք է կոնկրետ նշվի քանի ժամ է բացակայել նա, գործալքությունը պետք է անընդմեջ 3 ժամից ավելի լինի եւ այլն։ Ծանոթանալով Ալբերտ Հովհաննիսյանի գործին, իրավաբանը նկատեց, որ դատարանի որոշումը կայացվել է «այսպես կոչված բամբասանքի հիման վրա»՝ առանց գրավոր փաստերի։ Ինչը, սակայն, չի խանգարել դատարանին (դատավոր Է. Ավետիսյան) օրինական ճանաչել տնօրենի հրամանը եւ մերժել հայցը։ Վերաքննիչ դատարանում, իր շահերի պաշտպան Սաֆար Խաչատրյանի ակտիվ «օգնությամբ», կողմերը հաշտություն են կնքել՝ վերաքննիչ դատարանի վճռում արձանագրվել է՝ «Պարտավորվում եմ վերականգնել (տնօրենը) նախկին աշխատանքում՝ պայմանով, որ նա գրի աշխատանքից ազատման դիմում»։ Հայցվորը համաձայնել է պաշտպանի առաջարկին՝ հույս ունենալով, որ մոտ մեկամյա պարապուրդի դիմաց փոխհատուցում կստանա, բայց քանի որ դատարանի վճռում գումարի վճարման մասին չի նշվել (դարձյալ ապակողմնորոշել են հայցվորին), տնօրենը վճռի կայացման հաջորդ օրն իսկ նրան վերականգնել է եւ իր դիմումի համաձայն ազատել աշխատանքից, միաժամանակ հրաժարվել է վճարել պարապուրդի դիմաց՝ նախկին զինղեկին կրկին գցելով դատարանների դռները, այս անգամ գումարի պահանջով։ Հետաքրքիր էր լսել թիվ 30 դպրոցի տնօրեն Լեւոն Ղազարյանի տեսակետը։ Նա համոզված է, որ զինղեկին ազատել է օրենքով՝ դրա մասին է վկայում դատարանի վճիռը. «Հաշտության համաձայնագիր ենք կնքել, որ աշխատանքային գրքույկը մաքրվի, հետո դիմեց դատարան՝ թե ինչ-որ ծախսեր եմ արել, եղբայր եմ թաղել եւ այլն (պաշտպանի կազմած), գումարի պահանջ դրեց, բայց դատարանը մերժեց պահանջը»։ Տնօրենը մեզ բարեկամաբար խորհուրդ տվեց դիմել պաշտպանության նախարարություն, որտեղից «Ալբերտ Հովհաննիսյանի բարոյական նկարագրի մասին մի քանի էջանոց տեղեկանք կտան ձեզ»։ Սակայն, քանի որ մեզ հայցվորի ոչ թե բարոյական նկարագիրը, այլ իրավունքների պաշտպանության խնդիրն էր հետաքրքրում, ուստի ՊՆ դիմել հարկ չհամարեցինք։ ՀԱՍՄԻԿ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել