«ՄԵԾ ՃԱՄՓԻ» ԹԱԼԱՆՉԻՆԵՐԸ Առաջներում սեւ դիմակով քողարկված՝ անտառային ավազակները գիշերով կանգնեցնում էին ուշացած ճամփորդներին եւ, հրացանը թափահարելով, առաջարկում էին ընտրել «կյանքը կամ քսակը»։ Մինչդեռ այսօրվա նրանց «գործընկերները» դիմակավորված չեն, գործում են բացահայտ եւ ուղեւորին վախեցնում են թափահարելով… պետական վկայականը։ Ժողովուրդն ասում է. «Հարեւանին նեղության մեջ են ճանաչում»։ Դատելով վերոնշյալից եւ լսելով հանրապետությունից միջազգային փոխադրումներ կատարող ցանկացած սուբյեկտի, կարելի է ենթադրել, որ վրացիները, մեղմ ասած, «այնքան էլ լավ հարեւաններ չեն»։ Այսօրվա շրջափակման պայմաններում, երբ չի գործում հայկական երկաթուղին, իսկ օդային փոխադրումները «կրակի գին» են, հանրապետությունից Վրաստանի տարածքով ՌԴ հասնող միակ ուղին մեզ համար կարելի է որակել որպես կենսական անհրաժեշտության՝ «կյանքի ճանապարհ»։ Մինչդեռ, ինչպես տեղեկացրին այդ ճանապարհով պարբերաբար փոխադրումներ իրագործող մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ, անցնել այդ ուղիով, նույնն է թե՝ անցնել դժոխքի միջով։ Վրացական սահմանի մաքսակետում, օրինական եւ ոչ օրինական մուծումներից բացի, ամբողջ ճանապարհին, ամեն քայլափոխի «ֆորմայով», ուսադիրներով պետական ծառայողները անօրինական փող են շորթում։ Փոխադրողների խոսքերով, այս «բեսպրեդել», պետական մակարդակով ավազակներից ամեն մեկն իր տան առջեւ «շլանգբաուն» է դրել, եւ անիմաստ է որեւէ մեկին փորձել ցույց տալ կանոնավոր փաստաթղթերը, փոխարենը լսում ես. «Սլուշայ, դորոգոյ, զաչե՞մ մնե վաշի դակումենտի, մնե դենգի նուժնի»։ Ինչպես ցավով տեղեկացրին փոխադրողները, նման «թալանչիական քաղաքականություն» են իրագործում հատկապես հայ փոխադրողի նկատմամբ, մինչդեռ, նրանց հավաստմամբ, ադրբեջանցի փոխադրողը իրեն Վրաստանում ավելի լավ է զգում, քան հարազատ հողում։ Կամ մի՞թե մեր հողում իրեն վատ է զգում օտարազգի փոխադրողը, մանավանդ՝ վրացին։ Ոչ միայն «նեղացնող» չի լինում, այլեւ ամեն կերպ օժանդակում են, մինչդեռ, հայ փոխադրողը վրացական հողով անցնելիս տուժում է ո՛չ միայն նյութապես ու բարոյապես, այլեւ՝ ֆիզիկապես։ Այսպես, օրինակ, Երեւան-Կրասնոդար ճանապարհահատվածը եթե մեքենան կարող է անցնել մեկ օրում, 100-ավոր հարկադիր կանգառների պարագայում նշված վայր է հասնում հազիվ… 2,5 օրում։ Այլ է պատկերը Հյուսիսային Օսեթիայում։ Մաքսակետում գումարային մուծումներից հետո, հենց սահմանի վրա փոխադրողին «առաջարկվում» է՝ անվտանգության համար՝ պահակախմբի ուղեկցություն (մոտ 130 կմ ճանապարհահատվածը)։ Առաջին հայացքից թվում է, թե կա այլընտրանք, այսինքն ընդունել «առաջարկը»՝ վճարելով մոտ 300 դոլար, կամ հրաժարվել ծառայությունից։ Մինչդեռ, իրականում, հրաժարվելու դեպքում ճանապարհին սպասում է անակնկալ՝ իրենց իսկ ձեռքով կազմակերպած «ռեկետ»։ Ու այլընտրանք չունենալով, հայ փոխադրողը ճանապարհը շարունակում է «ուղեկցող շքախմբով»։ Եվ այսպես, մինչեւ ՌԴ տարածք շարունակվում է անհարկի հարկահանության գործընթացը, որը շարունակվում է արդեն քանի՜ տարի եւ, եթե վերին ատյաններում շատ լավ տեղյակ են կատարվող անօրինականություններին, այնուամենայնիվ, ոչինչ չի արվում միջկառավարական մակարդակով այս հարցը լուծելու համար։ Որ վրացական իշխանություններն են աչք փակում, դա լրիվ հասկանալի է, բայց որքանո՞վ է այս անվերահսկելի վիճակը ձեռնտու Հայաստանի կամ Ռուսաստանի իշխանություններին։ Չէ՞ որ, երկու երկրների դարավոր բարեկամությունը շարունակելու, երկու երկրների միջեւ առեւտրա-տնտեսական կապերն էլ ավելի ամրապնդելու, զարգացնելու համար առաջին հերթին հարկավոր է հաղորդակցություն, նաեւ՝ ճանապարհի միջոցով։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ