Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԻՄՔ ՉՈՒՆԵՐ ԶԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ

Սեպտեմբեր 19,2001 00:00

ՀԻՄՔ ՉՈՒՆԵՐ ԶԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ «Ես վստահ էի, թե կալանքը որպես խափանման միջոց չի կիրառվի, քանի որ կարծում էի՝ մեր հասարակության մեջ Ազատ Արշակյանն այնքան հայտնի է իր հայացքներով եւ վարքագծով, որ որեւէ մեկի մոտ պիտի որ կասկած չառաջանար, թե նա կարող է խոչընդոտել նախաքննությանը»,- Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճռից հետո ասաց նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Վարդան Հարությունյանը։ Նա համոզված է, որ Ազատ Արշակյանը որեւէ առնչություն չունի՛ եւ չէ՛ր կարող ունենալ հայտնաբերված զենքերին։ Մեր հարցին, թե այս կալանավորումը քաղաքակա՞ն պատվերի արդյունք է, թե՞ այլ բնույթ ունի, պրն Հարությունյանը պատասխանեց. «Մեր հասարակությունն այնքան անառողջ է եւ քաղաքական պատվերներ այնքան հաճախակի են լինում, որ հարուցված ցանկացած քրգործ հնարավոր է դիտարկել քաղաքական համատեքստում։ Ես չեմ կարող ասել՝ Ազատ Արշակյանի հետ կապված գործում քաղաքական պատվեր եղե՞լ է, թե՞ ոչ։ Նաեւ կարող եմ վստահորեն ասել, որ ցանկացած քաղաքական պատվեր վաղ թե ուշ ակնհայտ է դառնում։ Եվ եթե սա էլ քաղաքական է՝ շատ շուտ կպարզվի»։ Այս ձերբակալությունը լրատվամիջոցներն անմիջապես զուգահեռեցին շուրջ մեկ ամիս առաջ «Անկախության բանակի» տարածած հայտարարության հետ, ուր պահանջվում էր ներկա վարչախմբի անհապաղ հեռացումը։ Կապ կա՞ սրանց մեջ. «Ես ուզում եմ հավատալ, որ մեր հասարակության եւ պետության մեջ քաղաքական հայտարարությունները հետապնդելի չեն համարվում»։ Քանի որ Վարդան Հարությունյանը եւս, ինչպես եւ Ազատ Արշակյանը, «Անկախության բանակ» հայրենասիրական միության վարչության անդամ էր, հետաքրքրվեցինք, թե հիմնավո՞ր է փաստաբանի այն համոզմունքը, թե այդ զինամթերքն ուրիշ մարդիկ են պահել. «Անկախ նրանից, թե ինչ կասի փաստաբանը կամ քննիչը՝ ես այն փոքրաթիվ մարդկանցից եմ, որոնք Ազատին շատ լավ են ճանաչում եւ վստահորեն կարող եմ ասել, որ նա զենք ու զինամթերք պահելու որեւէ հիմք չէր կարող ունենալ։ Ես նրան համարում եմ այն մարդկանցից մեկը, որն առաջինը կոչ կաներ դրանք հանձնել բանակին։ Այ, եթե չունենայինք բանակ՝ այլ խնդիր է, կհավաքեր, կպահեր եւ կօգտագործեր Հայրենիքի սահմանների պաշտպանության համար»։ Հավելենք՝ ինչպես եւ Ազատ Արշակյանն արել է նախկինում։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել