Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանը ոչ կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն է վարում

Սեպտեմբեր 19,2001 00:00

Համոզված ամերիկամետը Ադրբեջանը ոչ կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն է վարում ԱՄՆ-ում տեղի ունեցած, իր հետեւանքներով՝ աննախադեպ ահաբեկչությունը առիթ է հանդիսացել, որպեսզի ադրբեջանական քաղաքական եւ պետական շրջանակները զանգվածային քարոզչություն ծավալեն ու փորձեն միջազգային հանրության մոտ կարծիք ձեւավորել, թե Ղարաբաղի ինքնորոշման եւ ինքնապաշտպանության համար պայքարած գործիչները, ոչ ավել, ոչ պակաս, «ահաբեկիչներ» են: Ադրբեջանցիները, թերեւս, հույս ունեն ահաբեկչության դեմ միջազգային հանրության հայտարարած պատերազմի համատեքստում, նույն այդ միջազգային հանրության թողտվությամբ, հաշվեհարդար տեսնել, անկասկած, ոչ միայն Ղարաբաղի հանդեպ: Բացի այդ, Ադրբեջանն, իհարկե, չէր կարող առիթը բաց թողնել եւ իր հավատարմությունը չհայտնել հատկապես ԱՄՆ-ին, որի հետ Ադրբեջանի հարաբերությունները, ադրբեջանցի նախկին պետխորհրդական Վաֆա Գուլուզադեի բնորոշմամբ, հոյակապ են, եւ հիմնականում՝ Ադրբեջանի վարած արտաքին եւ նավթային ճիշտ քաղաքականության շնորհիվ: Վ.Գուլուզադեն փորձում է համոզել, թե մուսուլմաններին եւ ամերիկացիներին հիմա փորձում են հակադրել միմյանց, թեեւ՝ «դժվար թե հայտնվի որեւէ այլ երկիր, որը մուսուլմաններին այնքան լավություն է արել՝ որքան ԱՄՆ-ը: ԱՄՆ-ը հակամուսուլմանական երկիր չէ, եւ դա ապացուցեցին նաեւ Հարավսլավիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները: Ամերիկան շահագործում է Մերձավոր Արեւելքի հարստությունը, իսկ դրա արդյունքում հարստանում են միայն արաբները: Մինչդեռ Ադրբեջանը Ռուսաստանին տվել է 1,5 մլրդ տոննա հում նավթ եւ դրա դիմաց ստացել աղքատ կյանք»: «Զերկալոյին» տված իր հարցազրույցում, անդրադառնալով «մուսուլմանական համերաշխության» անհրաժեշտության մասին շրջանառվող խոսակցություններին, պետխորհրդականը հռետորական հարցադրում է արել, թե «որտե՞ղ էր այդ համերաշխությունը, երբ հայերը Ռուսաստանի հետ միասին զավթում էին մեր հողերը: Սիրիան Հայաստանի հետ ռազմական դաշինք է կնքել, հայ ահաբեկիչներն իրենց անկաշկանդ են զգում իսլամական երկրներում, Իրանը կերակրում է Հայաստանին, իսկ մենք հանկարծ հիշում ենք «իսլամական համերաշխության» մասին»: Վերադառնալով ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչության հնարավոր հետեւանքներին եւ, զարգացող իրադարձությունների համատեքստում՝ Ադրբեջանի կեցվածքին, Վ.Գուլուզադեն նկատել է. «Այդ դեպքերից հետո Ռուսաստանն էլ ավելի կզինի Հայաստանին: Պուտինի այցը Հայաստան ցույց տվեց, որ հայ-ռուսական ալյանսը ձեւավորվել է: Ավելին, Պուտինը հայտարարել է. «Մենք Հայաստանի հետ միասին չենք մասնակցի հակաահաբեկչական ակցիաներին»: Ի՞նչ է Հայաստանը. քարտեզի վրա մի կետ, որին այդքան կարեւորում է Ռուսաստանը»: Վ.Գուլուզադեն անդրադարձել է նաեւ Պուտինի՝ Հայաստանում արած այն հայտարարությանը, թե ԼՂ հակամարտությունը պետք լուծեն իրենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը: Պետխորհրդականի «թարգմանությամբ»՝ դա նշանակում է՝ թող իրավիճակը մնա այնպիսին, ինչպիսին կա՝ «Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը զավթված» եւ «ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ» վիճակում: Վ.Գուլուզադեն, որը պնդում է, որ ՌԴ նախագահը Հայաստանում հայտարարել է, թե «Ղարաբաղի բանակը Ռուսաստանի համար լավագույն կռվանն է», վրդովմունքով նետել է՝ «Այսքանից հետո գտնվում են մարդիկ, ովքեր հույսով են նայում դեպի հյուսիս»: Նախկին պետխորհրդական, իսկ այսօր՝ անկախ քաղաքագետ Գուլուզադեն կարծիք է հայտնել, որ եթե ԱՄՆ-ը դիմի Ադրբեջանին, վերջինս պարտադիր կերպով պարտավոր է իր բազաները եւ օդակայանները տրամադրել ամերիկացիներին՝ ահաբեկիչներին ոչնչացնելու համար: Պատրաստեց Ն. ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել