Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔԴՄ

Սեպտեմբեր 19,2001 00:00

ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ՞ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՔԴՄ հիմնադիր, նախկին քաղկալանավոր Ազատ Արշակյանին երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան բերեցին ձեռնաշղթաներով։ Նախկին քաղկալանավոր Վարդան Հարությունյանը լրագրողներին պատմեց, որ անգամ խորհրդային շրջանում իրենց դատարան բերում էին առա՛նց ձեռնաշղթաների։ Ազատ Արշակյանը պետական հանցագո՞րծ է, պատահակա՞ն մարդ Հայաստանի Հանրապետության պատմության համար, որ պիտի փորձեին նվաստացնել շղթայակապ անելով, խափանման միջոցն անպայման կալանքն ընտրեին։ Ընդ որում՝ կիրառելով սահմանված առավելագույն ժամկետը՝ երկու ամիս, կարծես նա պիտի փորձեր խոչընդոտել, թաքնվել նախաքննությունից կամ ազատ մնալով պիտի հանցավոր գործունեություն ծավալեր։ Սակայն ՆԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ Ազատ Արշակյանի վերաբերյալ «նախկինում դատված» արտահայտությունը վկայում է, որ այս համակարգի համոզմունքով այլախոհության, հակախորհրդային գործունեության համար դատապարտվածն ուղղակի կրկնահանցագործ է, որի նկատմամբ հսկողության ավելի խիստ միջոցներ պիտի կիրառվեն։ Բացի այդ՝ պաշտոնական լրատվությունն այս փառապանծ կենսագրության տեր մարդու անունը կապում է Գագիկ Պողոսյանի սպանության հետ՝ անընդհատ նշելով, թե Ազատ Արշակյանը ձերբակալվել է այդ գործի քննության ընթացքում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա։ Թե իրականում ինչի՛ց հետո է ձերբակալվել պրն Արշակյանը՝ կներկայացնենք առաջիկայում։ Իսկ առայժմ մեջբերենք Ազատ Արշակյանի պաշտպանի՝ Ռոբերտ Գրիգորյանի մեկնաբանությունները։ Միջանկյալ նշենք, որ խափանման միջոցի ընտրությունը երեկ կատարեց Մակեյանի նկատմամբ գիշերվա ժամը 4-ին կայացված վճռով հայտնի դարձած դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը մեր հարցին, թե արդյոք իրավաբանորեն հիմնավո՞ր էին կալանավորման անհրաժեշտության վերաբերյալ փաստարկները, պատասխանեց. «Չեմ կարող դրանք հիմնավորումներ համարել։ Առկա են կասկածներ։ Բայց նախաքննությունը դեռ նոր է սկսվել եւ վերջնական արդյունքները կարող են պարզ լինել 1-2 շաբաթից հետո, երբ որոշակի կդառնան ինչ-ինչ հարցեր»։ Շեշտեց՝ քրեական գործում բավարար հիմքեր չկան ու բացառապե՛ս կասկածների եւ ենթադրությունների հիման վրա են Ազատ Արշակյանի համար խափանման առավելագույն ժամկետը որոշել. «Իմ համոզմունքն այն է, որ նա այս մեղադրանքի համար սուբյեկտ չի»։ Մեր խնդրանքով, հիմնավորելով իր համոզմունքը, Ռոբերտ Գրիգորյանն ասաց. «Ուղղակի բացառվում է, որ նա է այդ զինամթերքը պահել, հավաքել, տեղավորել։ Նրա մասնակցությունը բացառվո՛ւմ է։ Ուրիշ անձանց մասին է խոսքը՝ ես չեմ ուզում նախաքննության տվյալները հրապարակել»։ Մեր հարցին, թե գործի նյութերով երեւո՞ւմ է, որ կան այլ անձինք, որոնք եւ պահել են այդ զինամթերքը, փաստաբանը պատասխանեց. «Իհա՛րկե, այդպիսի տվյալներ կան, որոնք պետք է ստուգվեն եւ ճշտվեն»։ Ի դեպ, Ռոբերտ Գրիգորյանն անդրադարձավ նաեւ մեր հրապարակման սկզբում մատնանշված որոշ իրողություններին։ Նախ, ՆԳՆ Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ օգտագործված «նախկինում դատված» արտահայտության մասին. «Հիշեցնեմ, որ քաղաքական հետապնդումների համար նախկին դատապարտվածները միանշանակ արդարացվել են։ Ցավոք, այսօր ՆԳՆ Հաշվողական կենտրոնին դեռեւս չեն տրվել արդարացման վերաբերյալ այդ տվյալները։ Թե ինչո՞ւ՝ չգիտեմ։ Ուստի եւ տեղեկանքի մեջ նշվել է, որ նա երեք անգամ դատապարտված անձ է եւ ճանաչվել է ռեցիդիվիստ (կրկնահանցագործ)»։ Բոլորովին չենք զարմանա, եթե պարզվի, որ իր քաղաքական հայացքների համար կրած պատժաժամկետները հաշվի են առնվել որպես Ազատ Արշակյանի մեղքը ծանրացնող հանգամանքներ։ Ինչ վերաբերում է հասարակության գիտակցության մեջ Ազատ Արշակյանի ձերբակալությունը եւ Գագիկ Պողոսյանի սպանությունն անուղղակիորեն շաղկապելու փորձերին. «Եթե զինամթերք է հայտնաբերվել, բնական է, որ պետք է մտածեին, թե արդյոք ա՞յս զենքերից չի օգտագործվել այնտեղ։ Բայց դա չի նշանակում, թե դա այդպես է։ Կարող էին կասկածել եւ ստուգել։ Բայց կարող եմ ասել, որ այս պահին դրա վերաբերյալ բավարար ապացույցներ չկան։ Դրանք առանձին գործեր են»։ Ռոբերտ Գրիգորյանը բացառում է այս երկու դեպքերի միջեւ կապը. «Նրանք ճանաչում էին իրար, լավ, նորմալ հարաբերությունների մեջ էին։ Եվ Ազատ Արշակյանն այն մարդը չէ, որ անգամ իր թշնամիների հետ նման ձեւով վարվի։ Բացառվո՛ւմ է»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Նշենք, որ այս ձերբակալության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները փոխհակասական են։ Ասենք, ՆԳՆ-ն նշել էր, թե հայտնաբերվել է 231 նռնակ, իսկ դատախազության հաղորդագրության մեջ դրանք արդեն 119-ն են։ Հետաքրքիր է, թե այս 100-ից ավելի նռնակների տարբերությունն ի՞նչ բացատրություն ունի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել