Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ

Սեպտեմբեր 18,2001 00:00

ԱՌԱՆՑ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 61172րդ առաջնության մասնակիցները երեկ անցկացրին հինգերորդ տուրի հանդիպումները։ Խաղատախտակների առջեւ հանդիպեցին Արտաշես Մինասյան-Կարեն Ասրյան, Գաբրիել Սարգսյան-Վահագն Խաչատրյան, Տիգրան Նալբանդյան-Լեւոն Արոնյան, Արսեն Եղիազարյան-Գեւորգ Հարությունյան, Աշոտ Անաստասյան-Արա Մինասյան զույգերը։ Հանգստանում էր առաջատարը՝ գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։ Չորս տուրից հետո 3,5 միավորով մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում էր Սմբատ Լպուտյանը։ Նրանից մեկ միավոր պակաս ուներ Լեւոն Արոնյանը, որի նկատմամբ, ի դեպ, այստեղ Սմբատը տարել էր կարեւոր հաղթանակ։ Միանգամից հինգ շախմատիստներ իրենց անվան դիմաց գրանցել էին 2-ական միավոր։ Նրանք մրցաշարային աղյուսակում դասավորվել էին հետեւյալ հերթականությամբ. Կ. Ասրյան, Ա. Անաստասյան, Ա. Եղիազարյան, Արտ. Մինասյան, Արա Մինասյան։ Գաբրիել Սարգսյանը 8-րդն է (1,5 միավոր)։ Նույնքան միավորով նրան հաջորդում է Տիգրան Նալբանդյանը։ Վահագն Խաչատրյանը եւ Գեւորգ Հարությունյանը 0,5-ական միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը։ Նայելով մասնակիցների դասավորությանը մրցաշարային աղյուսակում, տեսնում ես, որ ամեն բան ընթանում է բնականոն հունով։ Այսինքն, գրոսմայստերներն իրենց խաղամակարդակով գերազանցում են վարպետներին։ Խաղատախտակների վրա թեժ մարտեր են ընթանում, որոնցում հաջողությունը գլխավորապես ուղեկցում է փորձառուներին։ Վարպետների բանակից առայժմ լավագույնն Արա Մինասյանն է, որն իր բոլոր հանդիպումներն ավարտել է ոչ-ոքի՝ չկրելով ոչ մի պարտություն, բայց նաեւ՝ չճաշակելով հաղթանակի բերկրանքը։ Ինչեւէ, Հայաստանի առաջնությունն այսօր կհատի հասարակածը։ Ու կասկած չկա, որ օրեցօր պայքարն ավելի անզիջում է լինելու։ Չէ՞ որ, որոշվում է ոչ միայն ներկայիս աշխարհի առաջատար շախմատային տերություններից մեկի այս տարվա թիվ մեկ շախմատիստի կոչումը, այլեւ խաղատախտակի վրա դրված են մրցանակային խրախուսական գումարներ, որոնք, ճիշտ է, այսօր դեռ հեռու են միջազգայնորեն ընդունված չափանիշներից, բայց հանրապետության ներկայիս վիճակի պայմաններում պատկառանքի են արժանի։ Այսպես, 1-ին տեղը գրավողը կպարգեւատրվի 1 մլն 500 հազար դրամով, 2-րդ տեղը զբաղեցնողը՝ 900 հազար դրամով։ 3-րդ մրցանակակրին կհանձնվի 500 հազար դրամ, 4-րդին՝ 300 հազար, 5-րդին՝ 200 հազար դրամ։ Կանոնադրությամբ հավասար միավորներ վաստակելու դեպքում մրցանակը կբաշխվի հավասարապես։ Բացի այդ, մնացած մասնակիցների համար սահմանված է պարգեւատրություն՝ 10 հազարական դրամի չափով՝ յուրաքանչյուր վաստակած միավորի դիմաց։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել