ԿԱՐՃ, ՈՒՇԱՑԱԾ ԵՎ «ԷԺԱՆԱԳԻՆ» «ԱրմենՏելն» այնպես է «հասկանում» (բառն իրենցն է) իր բաժանորդներին, որ ԱՄՆ-ում գտնվող իրենց հարազատների համար վերջիններիս անհանգստությունը փարատելու նպատակով սեպտեմբերի 15-30-ը օրական 3 րոպե անվճար ԱՄՆ խոսելու հնարավորություն է առաջարկում՝ իր սպասարկման եւ խոսակցական կենտրոններում։ Թե տրանսատլանտյան խոսակցության համար ինչ կարճ ժամանակ է երեք րոպեն՝ կվկայի ԱՄՆ երբեւէ գոնե մեկ անգամ խոսացած մարդը (նկատի ունենալով ձայնի արագությունով պայմանավորված պաուզաները)։ Հետո, եթե «ԱրմենՏելում» կարծում են, որ Նահանգներում հարազատներ ունեցող հայերը նստել- սպասել են մինչեւ սեպտեմբերի 15-ը՝ նրանցից որեւէ լուր ստանալու համար, ուրեմն մեր «պանիկյոր» բնավորության մասին գաղափար չունեն։ Իսկ թե ինչքան էժանագին «տրյուկ» է այդ առաջարկը րոպեավճարի շուրջ խոսակցությունների ֆոնին, հենց առաջին հայացքից է երեւում։ Էժանագինը՝ էժանագին, բայց արդյո՞ք կկարողանանք մեզ զսպել ու չօգտվել այդ «մեծահոգության ժեստից»։ Գոնե որպես բողոքի նշան ժողովրդին իր մենաշնորհային դիրքերից «կեղեքող» ձեռնարկության դեմ։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ