Լրահոս
Օրվա լրահոսը

Տունը տղամարդով է ուժեղ

Սեպտեմբեր 18,2001 00:00

Տունը տղամարդով է ուժեղ Ֆրանսահայ Մարսել Չիլինգիրյանը Վանաձորում տուն է վարձակալել, սիրում է այդ քաղաքը, որտեղ Չիլինգիրյանների գերդաստանի անունից 800 աշակերտական տեղով դպրոց է կառուցել։ «Ես սիրում եմ Ֆրանսիան, ես հպարտ եմ, որ այդ երկրի քաղաքացին եմ։ Բայց իմ սիրտը Հայաստանում է, ես մեծ ցավ եմ ապրում, երբ մուրացկան եմ տեսնում եւ անչափ երջանիկ եմ լինում, երբ ուրախ դեմքեր եմ նկատում»։ Պրն Չիլինգիրյանն այս հողի հարազատ զավակի պատասխանատվությամբ դիտարկումներ է անում եւ նկատում, որ ամենուր փնթիություն է, անմաքուր հարաբերություններ, տեղաշարժ չի նկատվում։ «Որտեղ գործի գլուխ կանայք են, միայն այնտեղ եմ նկատում պատասխանատվություն։ Հայ կանայք շատ մեծ բեռ են վերցրել իրենց ուսերին, տղամարդիկ ակտիվ չեն։ Շատ կուզենայի, որ օրիորդները եւս համարձակ լինեն, տղաներին ստիպեն շուտ ամուսնանալ, թե չէ ինչի նման է այսքան շատ տարիքն առած տղաների չամուսնանալը, երբ Հայաստանին երեխաներ են պետք»։ Դիտարկումները ճիշտ են։ 98 թվականից է պրն Մարսելը եկել Հայաստան, ուստի նա նույնիսկ չի կարողանում երեւակայել, թե հենց թեկուզ իր հավանած այսօրվա Վանաձորը որքան հեռու է իր նախնական ապրելակերպից։ Ուրախ, արժանապատիվ, մտավորական, արդյունաբերական այդ քաղաքը գեղեցիկ էր թե բնությամբ, թե մարդկանցով։ Ի՞նչ է մնացել Վանաձորին Կիրովականից։ Բնությունը, շենքերը՝ այո՛, բայց անգործությունից ժանգոտած մարդիկ շատ հեռու են աշխատատեղերից պայթող, եռուն քաղաքի մարդկանցից։ Օրեցօր ավելանում է սիրտը Հայաստանում թողած, բայց ուրիշ երկրի քաղաքացիությամբ հպարտ հայերի թիվը։ Իսկ տան պատասխանատուն մնում է կինը։ Անաշխատ վիճակը շատ ծանր պատիժ է։ Բարոյալքության բազում պատմություններ ես լսում, որոնք երբեք հայ մարդու նկարագրին մոտ չէին, սակայն այսօր… Բարոյազրկության բանալին տղամարդու ձեռքին է, տղամարդու ձեռքին է նաեւ բարոյականության բանալին։ Լսում եմ Վանաձորի մանկատան 100-ից ավելի երեխաների ծնողների պատմությունները։ Խեղճ փոքրիկների դաժան հիշողությունների պատկերներում շատ սին է երեւում ծնողների արարքների համար պատասխանատվություն չկրելու մխիթարանքը։ Պետական հարկի տակ նրանք խնամվում, կրթվում, դաստիարակվում են։ Այդ հարկը հիմա նորոգվում, կարգի է բերվում, ասել է թե՝ հիմնավորվում է մարդկանց գիտակցության մեջ։ Երեխաներին ծնում, հանձնում են մանկատուն։ Նորածնից մինչեւ ավարտական դասարանների 100-ից ավելի երեխաներ՝ միայն Վանաձորի մանկատանը։ Դա սարսափելի թիվ է, դա մեր ընտանեկան բարեկեցիկ հարկի ավանդական հզորության փլուզման վտանգ է։ Իզուր է մեր ֆրանսիացի հայրենակիցը հավատում, թե փրկությունը կանանց ուժեղանալու մեջ է։ Թույլ տղամարդու մոտ կինը ի՞նչ ուժեղ՝ կորած է, կորած։ ԼՈՒՍՅԱ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել