Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դինամո»

Սեպտեմբեր 18,2001 00:00

ՀԻԱՆԱԼԻ ԷՐ «Դինամո» մարզահամալիրում երեկ անցկացված ծանրամարտի Հայաստանի գավաթի խաղարկությունը մեկ անգամ եւս ապացուցեց, որ այս մարզաձեւը ներկայումս իրավամբ համարվում է առաջատարը հանրապետությունում։ Երկու կարծիք չկա, որ վերջին տարիներին օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի առաջնություններում Հայաստանի նվաճած մեդալների առյուծի բաժինը ծանրորդներինն է։ Եվ եթե հայ դյուցազուններն իրենց բազկի զորությունը ցուցադրել են հանրապետության սահմաններից դուրս, ապա գավաթային այս առաջնությունը նրանց հասցեին շռայլվող գովեստի խոսքերի ճշմարտացիության մեջ համոզվելու եզակի առիթ էր։ Հենց սկզբից ասենք, որ երեկ «Դինամոյում» գրանցվեցին համաշխարհային մասշտաբների մի ամբողջ շարք արդյունքներ, որին կնախանձեին նույնիսկ բարձրագույն կարգի առաջնությունները, եթե դրանց մասնակցեին հողագնդի բոլոր ուժեղագույն ծանրորդները։ Ասպարեզը տրամադրվել էր շուրջ 40 մարզիկի, որոնք արժանացել էին ՀՀ այս մարզաձեւի ֆեդերացիայի հրավերին։ Դրանք այն ծանրորդներն են, ովքեր պետք է նախապատրաստվեն տարվա գլխավոր մեկնարկին՝ նոյեմբերին Թուրքիայում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Երբ զրուցում էինք ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Օգսեն Միրզոյանի հետ, նա ասաց, որ մի քանի առաջատար մարզիկներ, իրեն դեռեւս անհայտ պատճառներով, չեն ժամանել մրցավայր։ Սակայն դա իրեն այնքան էլ չի մտահոգում, քանի որ ներկայումս բոլոր քաշային կարգերում կան մի քանի հավասար ուժի տեր մարզիկներ։ Այնպես որ, Թուրքիա մեկնելուց առաջ հավաքականը կազմավորելու հարցում մարզիչները որեւէ խնդիր չեն ունենա։ Գավաթային պայքարը ցույց տվեց, որ մեր ծանրորդների գերակշիռ մասը գերազանց մարզավիճակում է։ Ոմանք, ինչպես, օրինակ, Սիդնեյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 77 կգ քաշային Արսեն Մելիքյանը, նույն օլիմպիական խաղերի մասնակիցներ, 85 կգ քաշում հանդես եկող Գագիկ Խաչատրյանը, Հակոբ Փիլոսյանը, Հովհաննես Ամրեյանը եւ ուրիշներ, արդեն իսկ պատրաստ են հանդես գալու ցանկացած մրցման ու իրենց ծանրակշիռ խոսքն ասելու։ Բայց սա դեռ նրանց հնարավորությունների գագաթնակետը չէ։ Առջեւում դեռ ժամանակ կա։ Ծանրորդների մի մասից պահանջվելու է Թուրքիայում կրկնել իրենց այսօրվա արդյունքները, մյուսները բարձրացրած կիլոգրամները մի քիչ էլ ծանրացնելու տեղ ունեն։ Այնպես որ, գալիք աշխարհի առաջնությունից նույնպես հայ ծանրորդներից մեդալների առատ բերքահավաք կարելի է սպասել, թեեւ հավաքականի մարզիչներն իրենց առջեւ այդպիսի գերխնդիր չեն դրել։ Նրանց ավելի շատ հետաքրքրում է 2004 թ. օլիմպիական խաղերը։ Ինչեւէ, 2001 թ. Հայաստանի գավաթը նվաճեց ՀՀ վաստակավոր մարզիչ Ռ. Հովհաննիսյանի սանը, սպորտի վաստակավոր վարպետ Արսեն Մելիքյանը՝ 460 միավոր։ Երկրորդ տեղը 440 միավորով գրավեց Գագիկ Խաչատրյանը։ Նրանից մեկ միավոր պակաս վաստակած Վիգեն Խաչատրյանը բարձրացավ պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել