Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի

Սեպտեմբեր 18,2001 00:00

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ՄԻԱՑՅԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ Հայաստանի փաստաբանների, Հայ փաստաբանների միջազգային եւ Հայաստանի փաստաբանների միջազգային գործող 3 միությունների ծաղկաձորյան գիտագործնական կոնֆերանսի թեման փաստաբանների վարքագծի կանոնների մշակման նախապատրաստումն էր։ Ինչպես տեղյակ եք, վարքագծի կանոնների մշակմամբ են այս օրերին զբաղված մեր դատավորները, լրագրողները, ըստ դատախազությանը մոտ չկանգնած աղբյուրների էլ՝ նաեւ դատախազները։ Ծաղկաձոր էին ժամանել ԱՊՀ փաստաբանների ասոցիացիայի փոխնախագահ Միխայիլ Գովշտեյնը, «Փաստաբան» ամսագրի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Մարկովիչը, որը մեզ բաժանեց իրենց 3000 տպաքանակ ունեցող ամսագրից, եւ ռուս ճանաչված փաստաբաններ։ Վերջիններս բարի նախանձով էին վերաբերվում իրենց հայ գործընկերներին, քանի որ մերոնք ունեն «Փաստաբանական գործունեության մասին» օրենք։ Իրենք էլ օրենք չունեն, կանոններ ունեն։ Առանձնապես հետաքրքրությամբ լսվեց Միխայիլ Գովշտեյնի ելույթը։ Ռուս փաստաբանական դպրոցի առանձնահատկությունն այն է, որ նախ փայլուն ճարտասաններ են (ի տարբերություն քթի մեջ խոսող հայ փաստաբանների), կարողանում են մատուցել ցանկացած միտք այնպես, որ դիմացինին վստահություն է ներշնչում։ Մ. Գովշտեյնը հայտարարեց, որ իրենք ազատ են։ Իրենք պաշտպանում են մարդուն, ոչ թե հանցագործին։ Նա անդրադարձավ վստահորդ-փաստաբան փոխհարաբերություններին։ Մեր հյուրի կարծիքով, փաստաբանի մարդասիրությունը չի սկսվում եւ չի ավարտվում վստահորդին մեկուսարան ծխախոտ կամ նամակ փոխանցելով։ «Վստահորդը ստիպում է հաճախ առեւտրի մեջ մտնել դատավորի հետ»,- շարունակեց նա եւ բերեց Աստվածաշնչից այն օրինակը, երբ Քրիստոսը Աստծո տաճարից դուրս վռնդեց առեւտրականներին։ Անկախությունը, ըստ մեր հյուրերի, պետք է պայմանավորված լինի դատավորից, քննիչից, կլիենտից, անգամ մամուլից անկախ լինելով, իսկ փաստաբանական հոնորարի չափն էլ կախված պիտի լինի փաստաբանի հեղինակությունից։ Վարքագծի կանոնագրքում ոսկե կանոններից տեղ պետք է գտնի վստահորդին խոստումներ չտալը։ «Ինչպես եք պատկերացնում կանոնագրքի կիրառումը եւ պետպատվերով աշխատող փաստաբանների դեպքում չե՞ն ծագի դժվարություններ» հարցով դիմեցի 3 միությունների նախագահներին։ Տիգրան Տեր-Եսայան- Ընդհանուր առմամբ, այդ կանոնագիրքը պետք է վերաբերի բոլոր փաստաբաններին։ Այսօրվա միացյալ հանդիպումը ամփոփումն է մեր գործընկերների փորձի, Ստրասբուրգում մեր շփումների (Իտալիայի, Բերգիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի)։ Մենք կվերցնենք ոսկյա միջինը եւ կկիրառենք Հայաստանում։ 6 մլն դրամ էր նախատեսված բյուջեով, շատ քիչ էր պետպատվերով աշխատող փաստաբանների համար։ Գերազանցվելու դեպքում ո՞նց է լինելու։ Արտերկրի փորձագետների մոտեցումն այն է, որ պետպատվերը չպետք է լինի մոնոպոլիա եւ չպետք է ազդի փաստաբանների ինքնուրույնության վրա, որը նկատվում է։ Պետպատվերի մեջ մենք, հասկանում ենք, կա ներքին բանակցային տարր, կոպիտ ասած, ժամերի հաշվին կաշառում են… Միշա Փիլիպոսյան- Բոլորս գիտենք, որ փաստաբանի աշխատանքը յուրահատուկ է։ Բայց դա չի նշանակում, թե փաստաբանը յուրահատուկ է ընդհանրապես։ Երկար տարիներ գործում էր փաստաբանների կոլեգիան՝ իր կանոններով։ Լավ-վատ աշխատել ենք։ Վերջին տարիներին, երբ ձեւավորվեց միությունը, խախտվեց ավանդույթը. մարդիկ ընդգրկվեցին միություններում, որոնք անծանոթ են այս կառույցին, հետեւաբար, անծանոթ են այն էթիկական սկզբունքներին, որոնք հատուկ են այս կազմակերպությանը։ Մեր փաստաբաններն իրենց գործունեության իրականացման փուլում չեն դիմանում հաճախ այդ սկզբունքներին։ Կարեւոր է փաստաբանի զսպվածությունը, մի քիչ էլ մամուլին նյութեր տրամադրելիս՝ չափավորություն։ Մի քանի միությունների գոյությունը թույլ է տալիս, որ փաստաբանը իրեն զգա ազատ, հենց թեկուզ էթիկայի կանոնները չհարգելու առումով, որովհետեւ միասնական սկզբունք գոյություն չունի։ (Պրն Փիլիպոսյանը հայտնեց, որ իրենց միությունն ընդունել է էթիկայի կանոնները եւ գործում է դրանցով)։ Տիգրան Ջանոյան- Բոլոր ելույթներից դուք հավանաբար եկաք այն համոզման, որ կանոնագիրքը ոչ միայն ձեւական կողմ է ապահովում, այլ մեր գործունեության էությունն է։ Ցանկացած փաստաբան պետք է հասկանա իր տեղը, դերը, սահմանները։ Այդպիսի կանոնագիրք չունի որեւէ մեկն իր պրակտիկայում եւ մինչեւ տարեվերջ կավարտվի այն։ Մեր միությունը վաղուց մշակել էր էջուկեսանոց իր կանոնագիրքը, ընդունել եւ գործում են դրանով։ Պետք է դուք զգաք, որ այն գործերով, ուր պետպատվերով են մասնակցում, դա համարվում է տասներորդական կարգի պարտականություն։ Նման մոտեցում չպիտի լինի։ Ամբաստանյալը նույն իրավունքներն ունի թե պետպատվերի, թե վճարովիի դեպքում։ Ինչպես կարելի է մարդու իրավունքների պաշտպանությունը սորտավորել։ Կանոնագիրքը կխրախուսի, որ մեր բնագավառը ոտքի կանգնի։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Հ. Գ. Մամուլի աչքից հեռու իրենց «ռեպորտաժն» էին պատրաստում երկու «լրագրողներ»՝ Ռուբեն Ռշտունին եւ Տիգրան Ջանոյանը (նկարում)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել